Քաղաքագրություն. Առևտրի զարգացումը Երևանում

Քաղաքագրություն. Առևտրի զարգացումը Երևանում
19-րդ դարի առաջին կեսին, արդի իմաստով, Հայաստանում արդյունաբերական ձեռնարկություններ չկային եւ ժամանակի վիճակագրության հիշատակած «գործարաններն» ու «ֆաբրիկաները», օճառի, կաշվի, ներկարարական, գինեգործական, օղու, աղյուսի, կավագործական եւ այլ ձեռնարկությունները սոսկ տնայնագործական էին՝ ամբողջապես հենված ձեռքի աշխատանքի վրա։ Այդ կարգի ձեռնարկություններ կային Երեւանում, Ալեքսանդրապոլում, Էրզրումում, Վանում, Երզնկայում եւ այլ քաղաքներում։ Շատ թե քիչ արդյունաբերական բնույթ ուներ միայն աղի հանույթը, ինչպես նաեւ պղնձի, արծաթի հանույթն ու նախնական մշակումը, որ կատարվում էր Կողբի, Նախճավանի, Կաղզվանի աղահանքերում, Գյումուշխանեի արծաթի հանքավայրերում (պատմական Փոքր Հայքում), Ալավերդու, Ախթալայի, Շամլուղի, Կավարտի, Ղաթարի, Հալիձորի, Ագարակի պղնձահանքերում եւ այլուր: 1890-ական թվականներից Արեւելյան Հայաստանի արդյունաբերությունն սկսում է բավական արագ զարգանալ։ Արդյունաբերության հին ճյուղերը ենթարկվում են որոշ կատարելագործման, առաջանում են նոր ճյուղեր։ Երկրի կյանքում նշանակալի դեր են սկսում խաղալ մասնավորապես Երեւանում հիմնված գինու-կոնյակի-օղու գործարանները։ Դրանց արտադրանքը, մանավանդ կոնյակը, հանրահայտ էր ոչ միայն Հայաստանում, Անդրկովկասում եւ Ռուսաստանում, այլեւ արտասահմանյան բազմաթիվ երկրներում։ Արդյունաբերության զարգացմանը մեծապես նպաստում է Թիֆլիս-Ալեքսանդրապոլ եւ Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղիների կառուցումը։



Բայցեւայնպես, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Արեւելյան Հայաստանը հետամնաց գյուղատնտեսական երկիր էր, իսկ եղած արդյունաբերությունն էլ անկման հասավ պատերազմի եւ Դաշնակցության տիրապետության տարիներին։ Էլ ավելի աննշան էր Արեւմտյան Հայաստանի արդյունաբերությունը, որն ուղղակի կործանվեց 1915 թվականին երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանության հետեւանքով։ Հայաստանի տնտեսության մյուս ճյուղը, որն արհեստագործության նման նույնպես հիմնականում քաղաքային զբաղմունք էր, ներքին ու արտաքին առեւտուրն էր։ Հայ վաճառականներն առեւտուր էին անում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում։ Ներքին առեւտուրն ընդհանրապես մանրածախ էր եւ թույլ էր զարգացած։ Հայ վաճառականներն իրենց խոշոր կապիտալները ներդնում էին գրեթե բացառապես արտաքին առեւտրի մեջ։ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի հայ վաճառականներն իրենց ձեռքն էին վերցրել Անդրկովկասի վրայով Ռուսաստանի եւ Պարսկաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Պարսկաստանի ու Թուրքիայի միջեւ կատարվող առեւտուրը։ Նրանք պարսկական, թուրքական, հայկական եւ անդրկովկասյան ապրանքները վաճառքի էին հանում Ռուսաստանում եւ Արեւմտյան Եվրոպայում, իսկ վերջիններիս ապրանքները՝ Անդրկովկասի եւ Արեւելքի երկրներում։ Տարանցիկ առեւտրի նկատմամբ Ռուսաստանն Անդրկովկասում ընդհանուր առմամբ կիրառում էր խրախուսող քաղաքականություն։ Այստեղ խճուղային ճանապարհների եւ երկաթուղիների կառուցումը մեծ խթան եղավ առեւտրի զարգացման համար։ Առեւտրի առաջընթացին նպաստում էին նաեւ խաղաղ պայմանները, տնտեսության ընդհանուր զարգացումը, կապիտալիզմի հաղթանակը երկրում։ Մինչդեռ Արեւմտյան Հայաստանում ամբողջ 19-րդ դարում եւ 20-րդ դարի առաջին տասնամյակներում առեւտուրը շարունակում էր մնալ միջնադարյան մակարդակի վրա` կրելով քարավանային առեւտրի բնույթ։



Այս ժամանակների Հայաստանի քաղաքները խոշոր ու մարդաշատ չէին։ Դրանք դեռեւս սերտորեն կապված էին գյուղատնտեսական զբաղմունքների հետ, եւ արհեստներն ու ներքին առեւտուրն ունեին գերազանցապես միայն տեղական նշանակություն։ Բավական է ասել, որ Երեւանի նահանգում կար միայն 5 ոչ խոշոր քաղաք (Երեւան, Ալեքսանդրապոլ, Նախիջեւան, Օրդուբադ, Նոր Բայազետ):



Թադեւոս ՀԱԿՈԲՅԱՆ. «Պատմական Հայաստանի քաղաքները»



**Արամ ՊԱՉՅԱՆ**