Սովորեք նայել քաղաքացու աչքերին

Սովորեք նայել քաղաքացու աչքերին
Մայիսի 15-ին վարչապետի աշխատակազմին նամակ էի ուղարկել ժամանակին սերժականների կողմից նախագահի աշխատակազմի, Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի մասնակցությամբ աղաղակող անօրինականություններով ու կեղծիքներով ինձ աշխատանքից ազատելու մասին: Մինչեւ հուլիսի 15-ը դեռ գրավոր պատասխան չէի ստացել: Ազնիվ լինելու համար ասեմ, որ կատարողի հետ հեռախոսային խոսակցություն եմ ունեցել եւ խոսքի մեջ նույնիսկ հոգատարություն եմ զգացել: Խնդիրքս, ամենայն հավանականությամբ, կմերժվի (պատասխանի ձգձգումը, հավանաբար, փափուկ մերժելու տարբերակ է): Սակայն հարցը դա չէ, այլ՝ հետեւյալում. աշխատակազմի իմ խոսակցին խնդրեցի, որպեսզի ընդունելության հնարավորություն ստեղծի աշխատակազմի ղեկավարի մոտ: Պարզվեց, որ դա համարյա անհնար բան է:



Մեկ ուրիշ դեպք: Վերջերս տեղեկություններ ստացա (երբ վստահում են, տեղեկություններ միշտ էլ տրամադրում են) սպասարկման կազմակերպություններից մեկում աղաղակող չարաշահումների մասին: Առաջին գործողությունս եղավ տեղեկատվությունը խմբավորելը եւ պետական վերահսկողական ծառայության հեռախոսահամարը հավաքելը: Մի քանի փորձից հաջողվեց խոսել մի կնոջ հետ (խոսակիցս չներկայացավ): Ներկայացա, հաղորդեցի խնդրի էությունը եւ խնդրեցի միացնել պետի հետ կամ հանդիպում նշանակել: Պարզվեց, որ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը հնարավոր չէ: Հընթացս հիշեցի մոտավորապես մեկ տարվա վաղեմություն ունեցող պատմություն: 2017 թվականի սկզբներին ոչ անձնական՝ մի կարեւոր խնդրով հերթագրվեցի ընդունելության նախկին նախարարներից մեկի մոտ: Գրանցման մեկ ամիսը լրանալուց հետո աշխատակազմից զանգեցին եւ հրավիրեցին ընդունելության: Պարզվեց, որ ընդունելությունն անցկացնում է փոխնախարարներից մեկը: Ես հրաժարվեցի փոխնախարարի մոտ ընդունելության գնալուց՝ ասելով, որ իմ հաղորդելիքը պետք է լսի նախարարը: Երկու ամիս հետո պատմությունը նույնությամբ կրկնվեց: Երեք ամիս հետո, երբ պատմությունը նորից կրկնվեց, ես հետաքրքրվեցի՝ նախարարն ընդունելություն անկացնո՞ւմ է, թե՞ ոչ: Պատասխանեցին, որ, այո, անցկացնում է: Այսպիսի պատասխանից հետո, զուտ «սպորտային» հետաքրքրասիրությունից դրդված (ընդունելության գնալու մտքից հրաժարվել էի), որոշեցի ընդունելության համար արված գրանցումս ուժի մեջ պահել եւ հետեւել իրադարձությունների ընթացքին: 2018 թվականին հարգարժան նախարարը մի պորտֆելը փոխարինեց մյուսով, այդպիսով անհասանելի մնալով՝ իմ, նվաստիս համար, «անկատար թողնելով մանկուց փայփայած երազանքս»: Հընթացս նորից մի բան հիշեցի: Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարման տարիներին (1996-1999 թվականներ) յուրաքանչյուր շաբաթ իմ կողմից պարտադիր անցկացվող ընդունելություններին մասնակցում էր 30-50 քաղաքացի՝ անկախ նրանից, թե ընդունելությունը գիշերվա որ ժամին էր ավարտվում: Դրանից բացի, ամսվա մեջ գոնե մեկ անգամ ինքս էի այցելում քաղաքացիներին:



Ասելիքս հետեւյալն է․ հարգելի պաշտոնյաներ, մեծ ու փոքր, ժողովրդին ծառայելու մասին նախկին իշխանավորների փուչ լոզունգներին փորձեք բովանդակություն հաղորդել, միս ու արյուն տալ: Պաշտոնյան առանց քաղաքացու հետ շփումների, առանց նրա աչքերի մեջ նայելու եւ հոգսերն իմանալու լիարժեք չէ: Միայն քաղաքացու հետ կենդանի շփումներով պաշտոնյան կարող է ձեռքը պահել հասարակության տրամադրությունների զարկերակին: Քաղաքացուց խույս տվող պաշտոնյան պետության ու պետականության հիմքերը խարխլող ներքին թշնամի է: Սերժի Հայաստանում ամենամեծ թերություններից մեկն էլ այն էր, որ, բացի շարքային քաղաքացուն արհամարհելը, իսպառ բացակայում էր նաեւ ստորադասների նկատմամբ վստահությունը: Սերժն ամեն ինչ էր: Դրա համար, իհարկե, հիմքեր կային: Պետք է ճշգրտորեն հսկվեր ամբողջ ստվերային տնտեսությունը, որպեսզի կաշառքը ճիշտ չափերով եւ ճիշտ ժամանակին տեղ հասներ:



Այսօր մոտեցումներն այլ են: Օրենքի եւ օրինականության շրջանակներում ժողովրդի շահերից բխող գործողություններում արարի ու ստեղծագործի երեւակայությունդ ինչքան հերիքում է եւ ինչքան երեւակայությունդ հարուստ է, այնքան քաղաքացիների բարեկեցության հավանականությունը բարձր է, եւ ձեր պաշտոնավարումը՝ արդարացված: Համացանցի հնարավորություններն օգտագործելը եւ նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացները, իհարկե, կարեւոր են, բայց փողոց դուրս եկած մարդկանց դեմ կանգնելը եւ ասելիք ունենալը շատ ավելի կարեւոր է (Աստված մի արասցե, որ նոր Հայաստանում դրա կարիքը լինի): Եթե ձեր ժամանակը խնայելու կամ այլ նկատառումներով պետք է սահմանազատվեք «ավելորդ» զանգերից եւ այցելություններից, ապա բարի եղեք ընտրել օգնականներ, որոնք ի վիճակի են եւ կարող են մարդկանց ճանաչել ու կարեւորն անկարեւորից տարբերել: Ի վերջո, անկախ ձեր պաշտոնեական լիազորությունների տված հնարավորություններից, կանոնակարգեք քաղաքացիների հետ ձեր շփումները: Պարտավո՛ր եք, բարի՛ եղեք:



**Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



Վանաձորի պատվավոր քաղաքացի,



Արցախի սահմանների պաշտպանության մասնակից