Դավիթ Սանասարյանը գումար է պահանջում կառավարությունից

Դավիթ Սանասարյանը գումար է պահանջում կառավարությունից
Նոր ձեւավորված «ռեւիզորական» մարմնի՝ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության առաջիկա նիստին ներկայացնելու է իր ղեկավարած կառույցի կողմից մշակված որոշման նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 1717-Ն որոշման մեջ եւ ՊՎԾ-ին կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել: Գումարը, ինչպես տեղեկանում ենք որոշման նախագծից, անհրաժեշտ է ՊՎԾ-ի 2018 թվականի բնականոն գործունեությունն ապահովելու եւ 2018 թվականի 2-րդ կիսամյակի ծախսերը կատարելու համար: Նախագծով նախատեսվում է 239,228.5 հազար դրամի շրջանակներում իրականացնել ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ 2018 թվականի 2-րդ կիսամյակի պահպանման ծախսերը: Որոշման նախագծի հավելվածից տեղեկանում ենք, որ մասնավորապես աշխատողների աշխատավարձերի եւ հավելավճարների համար առաջիկա 9 ամիսների համար նախատեսվում է 85 898,3 հազար դրամ, տարեկան՝ 171 796,6 հազար, գրասենյակային նյութերի եւ հագուստի համար 9 ամսվա կտրվածքով՝ 1 257,3 հազար, տարեկան՝ 2 514,6 հազար դրամ: Մեքենաների ու սարքավորումների համար՝ 23 712,1 հազար դրամ: «Այլ ծախսեր» տողով էլ նախատեսված է հարկերի, պարտադիր վճարների եւ տույժերի համար, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ, ծախսել 9 ամսվա կտրվածքով 592,2 հազար, տարեկան՝ 613,4 հազար դրամ:



Նշենք, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոններ է սահմանում: Ըստ այդմ՝ ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ հավաքագրելու, գնահատելու եւ դրանք ներկայացնելու գործում ՊՎԾ աշխատակիցները դրսեւորում են մասնագիտական օբյեկտիվության պատշաճ մակարդակ, կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում եւ դատողություններ կատարելիս չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը: ՊՎԾ աշխատակիցները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը եւ առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:



ՊՎԾ աշխատակիցները աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ եւ պատասխանատու, չպետք է գիտակցաբար մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել ծառայությունը, պետք է հարգեն վերահսկվող օբյեկտի եւ դրա պաշտոնատար անձի գործունեության իրականացման նպատակները: ՊՎԾ պետը երեք տեղակալ ունի՝ Հայկ Սարգսյան, Տիգրան Ուլիխանյան, Ալբերտ Աբգարյան: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ ՊՎԾ պետի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**