Մամուլ կոնսպեկտավորող ՊՈԱԿ-ը հայտնվել է Չեբուրաշկայի կարգավիճակում

Մամուլ կոնսպեկտավորող ՊՈԱԿ-ը հայտնվել է Չեբուրաշկայի կարգավիճակում
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ղեկավարը նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանն է, առավոտից երեկո վերլուծություններ եւ մամուլի ամփոփագրեր է ուղարկում ՀՀ պետական մարմիններ, ծանոթացնում դրանց մեդիայի եւ սոցցանցերի նյութերին՝ թեթեւացնելով մամուլի պատասխանատուների աշխատանքը:



Եթե նախկինում մամուլի քարտուղարները կամ տեղեկատվական վարչության աշխատողները շեֆերից առաջ գործի գալով սերտում էին թերթերն ու լրատվական կայքերը, տեսնում, թե ով եւ ինչի համար է իրենց «քլնգել», քանի անգամ է հիշատակվել իրենց պետի կամ պետի պետի անունը, ապա հիմա նրանք առավոտյան գործի են գալիս ու ոտքը ոտքին գցած՝ սուրճ ըմպում, իսկ նրանց գործն այդ միջոցին այլ չինովնիկներ են անում՝ հանրային կապերի ՊՈԱԿ-ից:



Ապարատի մամուլի ստորաբաժանումների գործը թեթեւացնելու այս ազնվական մղման համար Հովհաննես Մովսիսյանի 150-ից ավելի աշխատակիցներին վճարում են ՀՀ հարկատուները ու վատ չեն վճարում: Աշխատավարձերը սույն կառույցում սկսվում են 200 հազար դրամից: Ամեն օր եւ նույնիսկ ամեն ժամ նրանք անձնուրաց սերտում են ՖԲ-ն, կայքերը, թերթերը, հեռուստատեսություն են նայում, եւ իրենց մտքի արգասիքն էլեկտրոնային տարբերակով ուղարկվում է համայնքապետարաններ, մարզպետարաններ, նախարարություններ, պետական այլ օղակներ: Վերջիններս, քանի որ շատ հաճախ չգիտեն, թե իրենց ինչին են պետք այս տեղեկությունները, ընդունում են դրանք ի գիտություն: «Երեկ առավոտյան 6 ամփոփագիր ենք ստացել նրանցից, յուրաքանչյուրը՝ 15 էջ եւ ավելի: Պետք է մեր բանուգործը թողած՝ ամբողջ օրը կարդանք նրանց գրությունները՝ քաղաքական իրավիճակի, քաղաքապետի ընտրությունների մասին, ՖԲ «ստատուսներ»: Բայց մեր նախարարության հետ դրանք ի՞նչ կապ ունեն»,- գանգատվում էր պետհամակարգում աշխատող ծանոթներիցս մեկը:



Նախարարության աշխատողները, իհարկե, իրենց ցանկությամբ են բացում «սերտիչների» «գրերը»: Կարող են եւ չբացել, բայց վախենում են. «Բա որ մեջը մի բան լինի, որ մեզ է վերաբերում, չիմանանք, հետո Աստված գիտի, թե ինչ դուրս գա՞»: Այսպիսի կառույցներ մինչեւ հեղափոխությունն էլ են եղել: ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը, որը ղեկավարում էր Արա Սաղաթելյանը, զբաղվում էր միջազգային ասպարեզում ՀՀ տեղեկատվական շահերի պաշտպանությամբ, այլ կերպ ասած՝ «տեղեկատվական մարտեր» էր վարում ադրբեջանցիների դեմ: Իսկ ՀՀ կառավարությունում գործող նմանատիպ ՊՈԱԿ-ը մամուլի ուշագրավ հրապարակումների ծաղկաքաղ էր անում կառավարության ղեկավարի համար, ինչը հասկանալի էր. վարչապետը բազմազբաղ է, չի հասցնի մամուլ կարդալ: Հովհաննես Մովսիսյանի կառույցը ոչ թե վարչապետին է սպասարկում, այլ մամուլի պատասխանատուների կյանքն է թեթեւացնում: Իսկ պարզ հարկատուներս ստիպված ենք մեր գրպանից վճարել ե՛ւ սույն պատասխանատուներին, ե՛ւ նրանց ծանր ու մեծ վարչություններին՝ բազմաթիվ հաստիքներով, եւ նրանց աշխատանքը թեթեւացնող ՊՈԱԿ-ին փող տանք: Ինչպե՞ս չհիշենք Չեբուրաշկային, որը մի մեծ ճամպրուկ է ձեռքն առնում ու ասում խեղճ կոկորդիլոս Գենային. «Ես կտանեմ ճամպրուկը, իսկ դու ինձ»: Ի՞նչ նյութեր են գրում Հովհաննես Մովսիսյանի աշխատակիցները: Նախ, գործադիրի այս կառույցը պարտադիր անդրադառնում է «ներքաղաքական իրադարձություններին»՝ դրանց վերաբերյալ «համառոտ ամփոփագրեր» ներկայացնելով: 20 էջանոց այս նամակներում կարող են, ասենք, մի 20 էջի վրա համառոտագրվել որեւէ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումները կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղ գտած «ուշագրավ եւ ռիսկային» հրապարակումները: Վերջինները մեզ հատկապես հետաքրքրեցին, ուստի ձեռք բերեցինք կառավարության վերջին «մատենագրություններից» մեկը՝ ՖԲ ռիսկային հրապարակումների վերաբերյալ:



Ահա մի քանիսն այն հրապարակումներից, որոնք Նիկոլի «սերտիչները» «ռիսկային» են համարել.



1․ «Ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հետաքրքրվել է, թե ինչ միջոցների հաշվին է Արարատ Միրզոյանի կինը շրջագայում ԱՄՆ-ում․ պատասխանը չի ուշացել՝ «անձնական»։ Այն հնչել է անձամբ առաջին փոխվարչապետի կողմից։ Ն. Մալյանն ի պատասխան տեղեկացրեց, թե Հայաստանն այդպիսի ուղեւորություններից մեկից հետո զրկվել է միլիոնավոր դոլարներից (չհստակեցնելով, թե որ ուղեւորության մասին է խոսքը), որ նախատեսված են եղել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով։ Այնուհետեւ օգտատերերից մեկը նշել է, որ Հայաստանը չի զրկվել ոչ մի օգնությունից»։



2. «Նախորդ իշխանությունների հետ առնչություն ունեցող որոշ օգտատերեր քննադատել են իշխանություններին քննադատող նյութերը հանելու պրակտիկան: Թիրախում է հայտնվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Բուռն քննարկումների է արժանացել լրագրող Տիրայր Մուրադյանի տեղեկությունն առ այն, որ Դանիել Իոաննիսյանին պատկանող Sut.am կայքից հեռացվել է իր հոդվածը, որում խոսվում է փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի աղմկոտ անցյալի մասին։



3. «Ռիսկային են համարվել նաեւ Քաղավիացիայի վարչության նորանշանակ պետի հայերենի վերաբերյալ հրապարակումները. «ՀՀ առաջին փոխվարչապետի նախկին մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը գրել է. «Գեներալ Նազարբեկյանն էլ նորմալ հայերեն չգիտեր, բայց հանգամանքն այդ չխանգարեց նրան դառնալ հայկական բանակի հիմնադիրներից մեկը: Մեր մարդկային ռեսուրսի մի զգալի մասը Հայաստանից դուրս է գտնվում, եւ մենք պետք է հաշվի նստենք այս իրավիճակի հետ»»,- գրում են մամուլի կոնսպեկտավորողները:



ՊՈԱԿ-ի գործունեությունը նոր կառավարության մանր չարաճճիություն կարող էինք համարել եւ նույնիսկ լուսավոր կողմ տեսնեինք դրա մեջ, եթե այն վտանգավոր չլիներ թերթերի համար: Բանն այն է, որ հատուկ ՀՀ պետական մարմինների համար ստեղծված այս կենտրոնը փաստացի զբաղված է գրագողությամբ եւ վտանգում է թերթերի գոյությունը: Ցավոք, մեր իրականության մեջ միակ կայուն եւ կանխատեսելի եկամուտը «ոչ վարչապետական» մամուլի համար մնում էր պետական մարմինների բաժանորդագրությունը: Այս ՊՈԱԿ-ի գործունեության պայմաններում թերթերի բաժանորդագրությունը մահանում է: Զրկվելով կայուն եկամտից, դրանք կարող են պարզապես վերանալ, ինչպես տրամվայը, քաղաքային ռադիոցանցը կամ լավագույն դեպքում հայտնվել քաղաքային հեռախոսի վիճակում: Իհարկե, կան երկրներ, որոնք պահում են տրամվայն ու թերթը՝ որպես մշակույթի նուրբ շերտեր, բայց դա, ինչպես ռուսներն են ասում, մեր մասին չէ եւ երկար ժամանակ մեր մասին չի լինելու:



Մենք փորձեցինք այս մտահոգությունը հասցնել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարներին: Հովհաննես Մովսիսյանին գրեցինք նրա սիրելի ՖԲ-ով, բայց նա, պարզվում է, նամակներին չի պատասխանում: Նրա տեղակալ՝ ՊՈԱԿ փոխտնօրեն Նարեկ Ադամյանն էլ նախ ասաց, որ մի 15 րոպեից զանգենք՝ խոստանալով պատասխանել մեր բոլոր հարցերին: Բայց 15 րոպե անց, լսելով առաջին իսկ հարցը՝ թերթերի մասին, կտրուկ փոխեց մտադրությունը՝ պահանջելով գրավոր հարցում:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**