Տոնոյանը զգուշացնում է Բաքվին. ՌԴ-ն կկանխի՞ պատերազմը, թե՞ կկանգնեցնի հայկական բանակի առաջխաղացումը

Տոնոյանը զգուշացնում է Բաքվին. ՌԴ-ն կկանխի՞ պատերազմը, թե՞ կկանգնեցնի հայկական բանակի առաջխաղացումը
Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից վերջին օրերին արված հայտարարություններից զգացվում է, որ օդում վառոդի հոտը, կարծես, ուժեղացել է:



Ռուսները թույլ չեն տա



Նախ, հուլիսի 20-ին կառավարությունում հրավիրված ասուլիսում պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգ, իհարկե, կա, եւ մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացումների: Սակայն Փաշինյանը միաժամանակ ավելացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում:



«Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը:



Հայկական կողմը զգուշացնում է Ադրբեջանին



Հետո EADaily պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես եկավ մի շարք կարեւոր հայտարարություններով եւ ուղերձներով՝ փաստացի զգուշացնելով ադրբեջանական կողմին, որ Արցախի կամ Հայաստանի նկատմամբ ռազմական նոր ագրեսիան անպատասխան չի մնալու եւ արժանանալու է վճռական ու լայնածավալ հակազդեցության:



Արձանագրելով, որ բանակցային գործընթացում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը միշտ էլ մեծ է, Դավիթ Տոնոյանն ասել է. «Հայաստանի կառուցողական դիրքորոշումը թող ձեզ մոտ թյուր տպավորություն չստեղծի, որ Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքն է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ այնպես չի լինելու, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները:



2016 թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու «գայթակղությանը»՝ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով»:



Կարող ենք կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը



Ավելի ուշ՝ Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը խոսել է Իսրայելից Ադրբեջանի ձեռք բերած LORA (LOng Range Artillery) օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մասին: Պաշտպանության բանակի հրամանատարն ասել է, որ դրանց հրթիռները խոցում են թիրախները 300 կմ հեռավորության վրա, բայց մենք էլ ունենք նմանատիպերը ու նաեւ՝ խոցելու հնարավորություն:



Պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորությանը վերաբերող հարցին՝ նախարարը պատասխանել է. «Հնարավորություն ունենք կաթվածահարելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում»:



Ի՞նչ կա Տոնոյանի խոսքերի տողատակերում



Այսպիսով, թե՛ Երեւանում եւ թե՛ Ստեփանակերտում շատ լավ հասկանում են, որ պատերազմի վերսկսման վտանգ իսկապես կա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրան ավելացնում է, որ Ռուսաստանը կկարողանա կանխել նոր պատերազմը կամ այլ խոսքով՝ կզսպի ներկա ստատուս քվոյից դժգոհ Ադրբեջանի ագրեսիան: Թե ինչ են ասել ռուս գործընկերները Փաշինյանին, ինչ երաշխիքներ են տվել, եւ ինչու է նա վստահ, որ հակառակորդին զինած Ռուսաստանը հանդես կգա խաղաղապահի դերում, այլ թեմա է:



Առավել հետաքրքրական են ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի ուղերձները: Տոնոյանը բաց տեքստով հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի, նույնիսկ ծավալներով սահմանափակ ռազմական գործողության իրականացման դեպքում հայկական կողմն անցնելու է պատասխան պատժիչ գործողությունների՝ գործի դնելով իր զինանոցում առկա բոլոր զինատեսակները՝ ներառյալ հեռահար խոցման հրթիռային համակարգերը, եւ միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, չեն կարող հետ պահել հայկական կողմին պատասխան գործողություններից:



Այդուհանդերձ, թեեւ դժվար է ասել, որ նախարարի հայտարարությունն անսպասելի էր, արժե ամեն դեպքում հասկանալ, թե ինչ կա նրա խոսքերի տողատակերում: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խոսում է ընդհանրապես պատերազմի վերսկսման վտանգի՞ մասին, թե՞ կան ավելի կոնկրետ՝ օպերատիվ տվյալներ հակառակորդի մտադրությունների մասին, այդ պատճառով Հայաստանի պաշտպանության նախարարը փորձում է հայտարարությունների միջոցով ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա եւ կանխել նոր ռազմական բախումը՝ լինի դա արցախա-ադրբեջանական շփման գծում, Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին, թե Նախիջեւանի հատվածում:



Հայկական բանակին դժվար կլինի կանգնեցնել



Արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ նախարար Տոնոյանի հայտարարությունն ունի նոր հիմքեր, քանի որ Հայաստանում փոխվել է ոչ միայն պաշտպանության նախարարը, այլեւ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի բանակը ստացել է նոր՝ Ռուսաստանի կողմից մատակարարված զենք:



«Այս իմաստով հայկական բանակին իսկապես շատ դժվար կլինի կանգնեցնել, քանի դեռ նա չի փորձարկել այդ զենքը իրական մարտական գործողությունների պայմաններում: Այս հարցում նախարար Տոնոյանին կարելի է հավատալ, բայց մնացած ամեն ինչն այն նույն հռետորաբանության հունի մեջ է, որը հնչում է Բաքվից: Սակայն, ինչպես միշտ, ամենավտանգավոր գործողությունները նրանք են, որոնց մասին նախապես չեն զգուշացնում»,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը:



Կոշտ նախազգուշացում Բաքվին



Այսպիսով, ռազմաքաղաքական ոլորտում Ադրբեջանի ակտիվության աճի եւ Բաքվի ռազմաշունչ հայտարարությունների ֆոնին Հայաստանը փորձում է գործի դնել պատասխան հոգեբանական միջոցների ողջ համալիրը:



«ՀՀ պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանի ընդարձակ հարցազրույցը միջոցներից մեկն է՝ թուլացնելու ընդհանուր ճնշումը, քանի որ այդ հարցազրույցի մեջ հնչել է կոշտ նախազգուշացում Բաքվի հասցեին: Եվ այստեղ հնչում է գլխավոր դրույթը, որ Հայաստանն ինչ-որ մեկի պահանջով կամ խնդրանքով այլեւս չի կանգնեցնելու պատասխան գործողություններին եւ հատուցմանը միտված իր բանակի առաջխաղացումը»,- ավելացնում է Տրոֆիմչուկը:



Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի



Խոսելով նույն հարցերի շուրջ՝ Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը, բնականաբար, չգիտի եւ չի կարող իմանալ, թե ինչ օպերատիվ տվյալներ ունի Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատերազմի վերսկսման կամ ադրբեջանական կողմի մտադրությունների մասին, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց այնպես չի սպառազինվում:



«Կարող եմ հերթական անգամ կրկնել, որ դժվար թե Ադրբեջանը հենց այնպես այդ քանակությամբ զենք գներ: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ զենքը գնում է պատերազմի համար»,- նշեց Խրամչիխինը՝ ավելացնելով, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, որովհետեւ ղարաբաղյան հիմնախնդիրը մնում է չլուծված, եւ չկան նախադրյալներ այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:



Խրամչիխինը բարձր է գնահատում պատերազմի վերսկսման հավանականությունը, սակայն ավելացնում է, որ դժվար է կանխագուշակել, թե երբ դա տեղի կունենա:



Երեւանը խաղաղության կողմնակից է



Մեր մյուս զրուցակիցը՝ Գրիգորի Տրոֆիմչուկը, խոսելով պատերազմի վերսկսման վտանգների մասին, նշեց, որ ընդհանուր առմամբ պատերազմը պետք չէ Հայաստանին, քանի որ Հայաստանն ինչ-որ բան գրավելու կամ վերադարձնելու խնդիր չունի:



«Այս իմաստով Երեւանը հանդես է գալիս խաղաղության օգտին՝ ստիպված արձագանքելով հակամարտության ընդհանուր սրմանը: Իսկ Ադրբեջանին, ընդհակառակը, ընդհանուր սրացումը ձեռնտու է, քանի որ միայն դա է թույլ տալիս փոխել կարծրացած, չորացած, սառած իրադրությունը»:



Երեք հասցեատեր



Շարունակելով թեման՝ Գրիգորի Տրոֆիմչուկը կարծիք հայտնեց, թե Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր կոշտ դիրքորոշումը պետք է ցուցադրի ոչ միայն հակառակորդին, այլեւ երկրի բնակչությանը, որը պետք է տեսնի ակնհայտ փոփոխությունները այս գերատեսչությունում 2018 թ. ապրիլի վերջին-մայիսի սկզբին Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո:



«Այսպիսով, Դավիթ Տոնոյանի հարցազրույցը հասցեագրված է երեք կողմերի՝ Ադրբեջանին, Ռուսաստանին եւ Հայաստանի քաղաքացիներին: Բայց Ռուսաստանին՝ Մոսկվային՝ որպես ուղերձի հասցեատիրոջ, ես, այնուամենայնիվ, կդնեի առաջին տեղում»,- եզրափակեց փորձագետը:



Գլխավոր հարցը



Ի դեպ, քանի որ Գ. Տրոֆիմչուկը կարծիք հայտնեց, որ Դ. Տոնոյանի հարցազրույցի գլխավոր դրույթն այն է, որ Հայաստանն ինչ-որ մեկի պահանջով կամ խնդրանքով չի դադարեցնելու իր զինված ուժերի պատասխան պատժիչ գործողությունները, արժե եւս մեկ անգամ անդրադառնալ այս հայտարարությանը:



Իրականում, եթե խորությամբ զննենք հնչած բոլոր դրույթները, Տոնոյանի այս ուղերձն ակամայից հակադրության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ խոսքերի հետ: Եթե վարչապետը հույս է հայտնում, որ մեր բարեկամ Ռուսաստանը կօգտագործի իր բոլոր լծակները՝ ռազմական գործողությունների վերսկսումը տարածաշրջանում թույլ չտալու համար, ապա պաշտպանության նախարարն ընդգծում է, որ եթե Ադրբեջանը կրկին փորձի հիմնախնդիրը լուծել ուժային ճանապարհով, միջնորդներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին, այսինքն՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին չի հաջողվի դադարեցնել հայկական կողմի պատժիչ գործողությունները: Եվ եթե հաշվի առնենք, որ նախարարը հաջորդ նախադասության մեջ հիշատակում է 2016 թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ակնհայտ է դառնում, որ նա առաջին հերթին նկատի ունի Ռուսաստանին: Հանրությանը հայտնի, սակայն պաշտոնապես չհաստատված փաստ է այն, որ քառօրյա պատերազմի վերջնամասում հենց Ռուսաստանն է միջամտել եւ կանգնեցրել հայկական բանակի առաջխաղացումը՝ թույլ չտալով ամբողջությամբ վերականգնել կորցված դիրքերը: Ինչպես հիշում ենք՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը սկսվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ ավարտվել ապրիլի 5-ի կեսօրին, երբ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի միջեւ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին: Եվ, ուրեմն, Ռուսաստանն այս անգամ թույլ չի՞ տա պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում՝ զսպելով Ադրբեջանին, թե՞ կրկին աչք կփակի Ադրբեջանի ագրեսիայի վրա՝ հետագայում կաշկանդելով հայկական կողմին, թույլ չտալով հայկական զինված ուժերին անցնել հակահարձակման եւ իրականացնել պատասխան պատժիչ գործողություններ:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**