Աճեմօղլուն չի կարող, մեր խնդիրները պետք է լուծեն Հայաստանի տնտեսագետները

Աճեմօղլուն չի կարող, մեր խնդիրները պետք է լուծեն Հայաստանի տնտեսագետները
_Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն (Տարոն) Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին եւ ընդունել է Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ Հայաստան այցելելու։ _Տնտեսագետ **Թաթուլ Մանասերյանի** հետ զրուցեցինք Հայաստանի տնտեսության մասին։



**-Ի՞նչ մարտահրավերներ են ծառացած Հայաստանի տնտեսության առջեւ, հայաստանյան տնտեսագետներն ի վիճակի չե՞ն լուծումներ տալ։**



-Նախ պետք է նկատենք, որ գիտական միտքը Հայաստանի Հանրապետությունում իրականում պահանջարկված չի եղել եւ կարծես թե այսօր էլ իներցիոն ուժով դեռ շարունակվում է։ Որպեսզի կարողանանք տնտեսության մեջ առաջընթաց ունենանք, այո, պետք է նախ կատարենք ախտաճանաչում։ Իսկ դա ինքներս պետք է կատարենք, որովհետեւ որքան էլ բանիմաց մասնագետներ լինեն դրսում, կան առանձնահատկություններ, որից տեղյակ չլինելը կխանգարի ճշգրիտ դիագնոզ՝ ախտաճանաչում տալ։ Հին խոսք է, ասում են՝ «Սատանան մանրուքների մեջ է», այլապես տնտեսագիտական օրենքները, օրինաչափությունները եւ այլն, առաջին կուրսի ուսանողին էլ են հայտնի։ Երկրորդը՝ տնտեսագիտական միտքը ՀՀ-ում ըստ էության հոգեվարքի մեջ է․ սա էլ պետք է հաշվի առնենք։ Մտածենք, որ այնպիսի փայլուն մտքեր կան, որ չեն իրագործվում։ Ներառյալ բոլոր այն հայտարարությունները, որոնք այս ընթացքում արվեցին, ոմանք ծրագրեր էին ուզում ներկայացնել նեղացկոտ տոներով, այդ նույն մարդիկ պետք է նախ հասկանան, թե ովքեր կարող են Հայաստանի տնտեսության ախտաճանաչում անել։ Դա կարող են անել մարդիկ, որոնք բանիմաց են, պարկեշտ եւ ունեն որոշակի հետագիծ, մենք ամեն մի բժշկի չէ, որ լսում ենք, չէ՞, պետք է իմանանք, թե ովքեր են վստահություն ներշնչում։



**-Այսինքն՝ Հայաստանի տնտեսագիտական միտքն այն աստիճան հոգեվարքի մեջ չէ, որ չկարողանա ախտորոշել տնտեսության վիճակը։**



-Այո, կան այդպիսի տնտեսագետներ, եւ մոլորության մեջ չընկնելու համար պետք է տեսնել, թե որեւէ տնտեսագետ ինչ հետագիծ է ունեցել եւ ինչպես կարող է օգտակար լինել։ Մեկ-երկու օրինակ բերեմ․ ոչ հեռու անցյալում, անկախության առաջին տարիներին այն մարդիկ, որոնք փորձում են «մարգարեներ» ներկայանալ, փորձում են իրենց ավելի շատ ցույց տալ, քան օգտակարություն երկրի համար, նրանց մի մասը կործանել է Հայաստանի տնտեսությունը՝ լինելով առաջին դիրքերում։ Եվ նրանցից նոր բան սպասելը, կարծում եմ, միամտություն է, չպետք է թույլ տալ, որ նրանք ընդհանրապես նման մտքեր հորջորջեն։



**-Հրանտ Բագրատյանի՞ն եք ակնարկում։**



-Ես անուններ չեմ ուզում տալ, այդ մարդիկ այսօր էլ կենսաթոշակային բարեփոխումների մասին կատարյալ մանիպուլյացիաներով են զբաղված։ Ցավում եմ, որ ժողովրդի թեկուզ փոքր մաս կա, որ մտածում են՝ կարող է այդ խոսքերի մեջ ճշմարտություն լինել, մինչդեռ կատարյալ մոլորություն է։ Իսկ եթե ուզում եք անուններով ասեմ, ապա կան մարդիկ, որ անկախության առաջին տարիներին պետական թալանով են զբաղված եղել՝ պետական պաշտոններ զբաղեցնելով։ Նրանք առաջինը շնորհավորելով Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հիմա ուզում են մոլորեցնել հանրությանը եւ ոչ ավել, ոչ պակաս՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրում են հոդվածներ։ Խոսքը Հայկ Սարգսյանի մասին է՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի։ 1990-ականների սկզբներին, ինչպես հիշում եք, նա աղմկալի պատմությունների մեջ հայտնվեց եւ կատարած հանցագործությունների համար դատապարտվեց, ձերբակալվեց եւ որոշակի ժամանակ հայտնվեց բանտում։ Այսինքն՝ գողերը, հանցագործները, որոնք Հայաստանը թալանել են, այսօր ասում են, որ մենք կարող ենք օգնել եւ փրկել, սա ուղղակի զավեշտ է։ Վստահ եմ, որ նույնը շարունակելու են անել, ով էլ լինի իշխանություն։



**-Այսինքն՝ անորոշ մթնոլորտի՞ց է, որ իշխանությունը չի կողմնորոշվում եւ դիմում է դրսի մասնագետներին։**



-Այո, սա էլ նշանակություն ունի, բայց կա մի կարեւոր հանգամանք, ես արդեն խոսեցի մայր բուհի մասին։ Եթե մայր բուհը գնում է բարոյազրկման ճանապարհով, ցավոք սրտի, այդպես է, քանզի բուհի ռեկտորը հովանավորում է այս հանցագործին, անօրինական ընտրություններ-վերընտրություններ են անում, տնտեսագիտության ֆակուլտետում, որտեղ պիտի երիտասարդները գիտելիքներ ստանան, ձգտեն գիտելիքներն օգտագործել ՀՀ-ի համար, իրականում այդ միջավայրում ո՛չ սովորել է հնարավոր, ո՛չ էլ… Այստեղ բացի հանցագործություններից, անբարոյականություն կա․․․ Խոսել, որ բարոյազուրկ մթնոլորտում պրոֆեսիոնալիզմը կարող է պտուղներ տալ, այդպես չէ։ Ժամանակին Վիկտոր Համբարձումյանն ասում էր, որ լավ գիտնականը պետք է լինի պարկեշտ, բարեկիրթ մարդ։ Իսկ սա մայր բուհում գոյություն չունի։ Խժդժություններ եղան նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանում, որտեղ էլ առողջացման գործընթացի կարիք կա։ Սրանք խանգարող հանգամանքներ են, մեզ հեռու են պահում այն խնդիրներից, որոնք թվում են, թե պարզ լուծումներ ունեն։ Ես կարծում եմ, որ կան ե՛ւ երիտասարդներ, ե՛ւ միջին ու ավագ սերնդի մասնագետներ, ում կառավարությունը շատ հստակ մեխանիզմով կարող է տարանջատել իրենց օգտակարության գործակցով եւ այսօրվա կարողությամբ, թե ինչով կարող են պիտանի լինել։ Այս քայլը պետք է արվի առաջին հերթին տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից, եւ հստակ խնդիրներ պետք է ձեւակերպվի կառավարության, ավելի ճիշտ՝ բոլորիս առջեւ դրված ու մտավոր ներուժն օգտագործի այդ խնդիրները լուծելու համար։ Տասնյակներով, հարյուրներով տնտեսագիտության գիտական թեզեր են պաշտպանում, գոնե դրանց մի մասը կարող է նպատակաուղղված լինել առկա խնդիրների լուծմանը։ Սա այն ամենն էր, որ ես փորձեցի ներկայացնել, թե ինչ կարելի է անել, եւ ինչն է մեզ հեռու պահում խնդիրների լուծումից։ Եվ, ի վերջո, կա ճանապարհային քարտեզը (քայլ առ քայլ նշված է, թե Հայաստանին ինչ է անհրաժեշտ), որ մշակել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը, վերջին երեք կառավարությունները բավական դրական են արտահայտվել, սակայն չեն հասցրել իրագործել, որովհետեւ յուրաքանչյուր կառավարություն իր մասով խնդիրներ ունեցավ։



**-Այսինքն՝ Աճեմօղլուն շեշտակի բեկում չի՞ մտցնի Հայաստանի տնտեսության մեջ։**



-Չեմ կարծում, այդպիսի հրաշքների պետք չէ սպասել։ Նա բավական բարձրակարգ տնտեսագետ է, շատ հարգանքով եմ ես վերաբերվում, նա նաեւ ազնիվ անձնավորություն է, ինքն ասել է, որ ես կարող եմ օգնել, բայց հիմնական խնդիրները պետք է լուծեն հենց Հայաստանի տնտեսագետները։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**