Ակադեմիական քաղաքը սպասարկելու է տրանսպորտային մեծ ենթակառուցվածք՝ մի քանի տասնյակ հազար մարդու հաշվարկով

Ակադեմիական քաղաքը սպասարկելու է տրանսպորտային մեծ ենթակառուցվածք՝ մի քանի տասնյակ հազար մարդու հաշվարկով

Ակադեմիական քաղաքում թե ո՞ր բուհերն են տեղակայվելու, ինչպե՞ս է կազմակերպվելու այդ բուհերի ուսանողների եւ դասախոսների տեղափոխությունը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քիչ առաջ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց, որ նախ ակադեմիական քաղաքը պետք է կառուցվի, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել դասախոսների եւ ուսանողների տեղաշարժի մասին․ 

«Ես առաջարկում եմ հիմա կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես պետք է կառուցվի քաղաքը, ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններ պետք է ունենա, որտեղ պետք է տեղակայված լինի։ Մենք խոսում ենք շատ մեծ կառույցի մասին, որը ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Մի կլաստերը արվեստի կլաստերն է, որը լինելու է Հայֆիլմի տարածքում, 2-րդ կլաստերը՝ Աշտարակի մոտ տեղակայված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհը եւ իրականացվի գիտահետազոտական գործունեությունը եւ ունենք 3-րդ կլաստերը, որը բավական մեծ է ու այստեղ կարող է տեղակայվել կրթական, սպայական, ինչպես նաեւ պլանավորում ենք, որ այստեղ կարող են ցանկանալ տեղափոխվել եւ գործունեություն ծավալել միջազգային կամ միջպետական բուհերը։ Այսինքն՝ այս բոլոր հարցերը քննարկվում են»,-ասաց Անդրեասյանն ու հավելեց, որ այդժմ դիտարկում են նաեւ, թե ո՞ր կլաստերի վրա որ բուհը կարող է լինել․

«Օրինակ, երբ մենք խոսում ենք արվեստների ուղղվածությամբ բուհերի մասին, ապա այստեղ խոսում ենք ոչ միայն բուհական ստանդարտ ենթակառուցվածքների մասին՝ լսարան, մարզադահլիճ, մաքսիմում՝ հանրակացարան, այլ՝ մենք խոսում ենք, օրինակ, ժամանակակից համերգասրահ ունենալու, ժամանակակից կինոարտադրություն ունենալու բոլոր ենթակառուցվածքների մասին։ Սա մի ամբողջական համալիր մոտեցում է, որը պետք է նախագծվի եւ ուշադիր լինենք, որ ճարտարապետական լուծումները, մոտեցումները նույնպես բավարարեն այդ պահանջներին։ Ու սա ենթադրում է, որ մեծ տրանսպորտային ենթակառուցվածք պետք է ստեղծվի, որը պետք է սպասարկի այս քաղաքին, որը նախնական հաշվարկներով մի քանի տասնյակ հազար մարդու հաշվարկով է լինելու եւ այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում»։