Հերթով, կարգով, շարքով

Հերթով, կարգով, շարքով
Բարեփոխումներն ու փոփոխությունները մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ են։ Այն ճահիճը, որ տասնամյակներ ձեւավորվել էր Հայաստանում, յուրաքանչյուր առաջընթացի, զարգացման ոխերիմ թշնամին է։ Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ մեր երկրին մեծ օդափոխություն էր անհրաժեշտ, ինչն իրականացրեցին Նիկոլ Փաշինյանն ու պայքարող հանրությունը։



Արտագաղթը, տնտեսական, հոգեւոր անկումը, քաղաքական մոնոպոլիան, որ ձեւավորվել էին ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մեզ դանդաղորեն տանում էին դեպի անդունդ, եւ երբեմն թվում էր, թե ցանկացած փոփոխություն՝ անգամ բացասական, նախընտրելի է այդ վիճակից։ Բայց բնական է, որ հասարակությունը փողոց դուրս եկավ դրական փոփոխությունների հույսով, եւ նա անհամբեր է ու պահանջատեր։ Նաեւ դա է պատճառը, որ երիտասարդ իշխանավորներն էլ են շտապում, եւ այս շտապողականության մեջ բազում վտանգներ կան։ Մի բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «դիպել» է տարբեր ոլորտների ու անձանց։



Միանգամից շատ բան է տեղաշարժել, իսկ դա հղի է ձախողման վտանգներով։ Չի կարող հաջողության հասնել նա, ով «պատերազմ» է հայտարարել բոլորին․ հին սերնդին՝ հօգուտ երիտասարդների, ՀՀԿ-ին եւ մյուս ուժերին՝ դուրս մղելով քաղաքական դաշտից, օլիգարխներին ու կոռումպացվածներին՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելով, հին չինովնիկներին՝ նրանց նորերով փոխարինելով, Ռուսաստանին՝ նրան անցանկալի հայտարարություններ անելով ու կադրեր նշանակելով, ինչ-որ տեղ Արեւմուտքին՝ ֆինանսական աջակցության բացակայության համար մեղադրելով, կաթողիկոսին՝ մի խումբ պայքարողների դեմ մեն-մենակ թողնելով։ Առհասարակ՝ խելացի մարդը լոկալ պատերազմներ է մղում՝ մեկում հաղթանակ տանելով, ապա երկրորդ ֆրոնտը բացելով։ Տոտալ պատերազմը տոտալ պարտության կարող է հանգեցնել։