Բենիամին Նեթանյահուն հակաթուրքական նոր հայտարարությամբ է հանդես եկել

Բենիամին Նեթանյահուն հակաթուրքական նոր հայտարարությամբ է հանդես եկել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարություններին։ Դրանցում Էրդողանը քննադատել էր Իսրայելին «հրեական ազգային պետության» մասին օրենքն ընդունելու համար, ինչպես նաև Իսրայելին անվանել էր ահաբեկչական պետություն։ Ինչպես փոխանցում է Ermenihaber լրատվական կայքը, վարչապետ Նեթանյահուն իր Twitter-ի էջում Էրդողանի և Թուրքիայի վերաբերյալ 2 առանձին գրառում է կատարել:



Դրանցից առաջինում նա գրել է. «Մինչ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան խավար բռնապետության է վերածվում, Իսրայելը ինչպես այս օրենքից առաջ, այնպես էլ հետո պահպանում է իր քաղաքացիների հավասար իրավունքները»։ Մյուս գրառման մեջ Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է քրդերի դեմ բռնություն կիրառելու մեջ: «Էրդողանը կոտորում է քրդերին ու սիրիացիներին և բանտ նետում իր երկրի հազարավոր քաղաքացիներին։ Փաստը, որ հրեական պետության մասին օրենքը քննադատում է մեծ «դեմոկրատ» Էրդողանը, մեզ համար հաճոյախոսություն է»,-գրել է Իսրայելի վարչապետը։