Ինչ չի անում միջազգային հանրությունը

Ինչ չի անում միջազգային հանրությունը
Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը զորքերի շփման գծում իրավիճակը կայուն է գնահատում, բայց եւ կանխատեսում, որ սրացում կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբերին: Սեպտեմբերին սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն իր հայ պաշտոնակցին նախորդի համեմատ ավելի պրոֆեսիոնալ է գնահատել: Ադրբեջանում, միաժամանակ, համակ ուշադրությամբ եւ շատ որոշակի տագնապով են վերաբերվել Լեւոն Մնացականյանի հայտարարությանը, որ ղարաբաղյան զինուժը կարող է կաթվածահար անել հակառակորդի տնտեսությունը, նրան զրկել զորքերի նյութական մատակարարումն ապահովելուց: Հայ ռազմաքաղաքական գործիչները վերջին օրերին մի քանի ծանրակշիռ հայտարարություն են արել: Դրանց ընդհանուր իմաստն այն է, որ իրավիճակի սրացման դեպքում հայկական կողմը կարող է եւ չսպասել Ադրբեջանի քայլերին: Այդ կերպ ամրագրվում է պրեվենտիվ հարվածի իրավունքը, եթե պարզ դառնա, որ Ադրբեջանը գնում է պատերազմի վերսկսման:



Նման հայտարարություններ եւ նախազգուշացումներ Ադրբեջանին պետք է աներ միջազգային հանրությունն՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության: Ավելի վաղ փորձագիտական կարծիք էր շրջանառվել, թե ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունն ըստ արժանվույն գնահատի հայկական զինուժի առաքելությունը, որը եղել եւ մնում է խաղաղապահ: Միջնորդները, ցավոք, գերադասում են, գոնե՝ հրապարակային հայտարարություններով, պահել պարիտետը: Նման մոտեցումն Ադրբեջանին դրդում է ավելի մեծացնել միլիտարիստական հռետորաբանությունը: Բաքվում փորձում են պատերազմի վերսկսման սպառնալիքով հայկական կողմին պարտադրել իրենց համար ցանկալի քայլեր: Հայաստանը եւ Արցախը բաց տեքստով հասկացնում են, որ պատրաստ են խնդրի խաղաղ-բանակցային կարգավորմանը, եթե կլինեն բավարար պայմաններ: Այս իմաստով հայկական կողմի ամենամեծ սպասելիքը միլիտարիստական հռետորաբանությունից Բաքվի հրաժարվելն է:



Հայկական կողմն, այսպիսով, անում է քայլեր, որ պիտի աներ միջազգային հանրությունը՝ Ադրբեջանին պարտադրում է խաղաղ եւ իրավահավասար բանակցություններ: Բաքվում պետք է համապատասխան եզրակացությունն անեն՝ պատերազմով կամ ուժի կիրառման սպառնալիքով ոչինչ հնարավոր չէ անել: Ընդհակառակը, այդ դեպքում հայկական կողմը կարող է պրեվենտիվ եւ թիրախային հարվածներ հասցնել, որոնք Ադրբեջանի համար կլինեն չափազանց ցավոտ: Այդ թվում՝ նաեւ քաղաքական իմաստով: Հայկական կողմը հանձնառու է մինչեւ վերջ կատարել խաղաղապահի իր առաքելությունը՝ քանի դեռ հակամարտությունը քաղաքական լուծում չի ստացել: Այդ պատասխանատվությունը կողմերն ստանձնել են հրադադարի մասին 1994թվականի համաձայնությամբ: Եւ երբ Ադրբեջանը փորձում է խուսափել իր միջազգային պարտավորությունից, հարկ է դա նրան պարտադրել: Հայկական կողմն այդպես էլ վարվում է՝ իր տեսլականը կառուցելով ուժերի հավասարակշռության պայմաններում բանակցային գործընթացի վերսկսման վրա: