Որքա՞ն է «Նիկոլի կուսակցությանն» անդամագրվել ցանկացողների թիվը

Որքա՞ն է «Նիկոլի կուսակցությանն» անդամագրվել ցանկացողների թիվը
«Գնում եմ մտնեմ Նիկոլի կուսակցություն» արտահայտությունն այս օրերին հաճախ է հնչում քաղաքական դեգերումների մեջ գտնվող շարքային քաղաքացիներից շատերի շուրթերից: Մարդիկ մտնում են մի կուսակցություն, որի անունն անգամ դժվարությամբ են հիշում ու արտաբերում: «Քաղպայմանագրի» նկատմամբ հետաքրքրությունը պարզ բացատրություն ունի՝ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այդ կուսակցությունից է, հետեւապես, ինչպես ժողովուրդն է ասում՝ շահեկան է «կշեռքի ծանր կողմը վազելը», հաղթողի կողքին խմբվելը: Եթե Փաշինյանը լիներ, պայմանական ասած՝ «Կանաչ խնձոր» կուսակցությունից, անկասկած, շատերն անդամագրվելու էին այդ կուսակցությանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ հարցում էինք հղել՝ տեղեկանալու, թե կուսակցությունն այս պահին քանի անդամ ունի, վերջին երկու ամիսներին անդամագրման համար քանի դիմում է ներկայացվել, քանիսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին զբաղվում է բազմաթիվ քաղաքացիների ընդունելությամբ, եւ նրանք ծանոթանում են կուսակցության կանոնադրությանն ու անդամագրության կարգին։ Այս պահին ստացված դիմումների ողջ ծավալը դեռեւս մուտքագրված չէ միասնական բազայում, բայց անդամագրվել ցանկացողների թիվը կազմում է մոտավորապես 2500-3000 մարդ»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում, որում, սակայն, գլխավոր հարցի՝ «ՔՊ» անդամների ստույգ թվի մասին խոսք չկա: Նկատենք, որ «3000» թիվն այնքան էլ տպավորիչ չէ, եթե հաշվի առնենք Փաշինյանի շարժման համակիրների բազմահազարանոց բանակը: Եվ, բացի այդ, պրակտիկան ցույց է տվել, որ մեկ օրում 7 հազար մարդ է անդամագրվել երբեմնի իշխանական կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, որի անդամների թիվը որքան էլ պակասում է հայտնի իրողություններով պայմանավորված, սակայն դեռ չի նվազել 150 հազարից:



Մեր մյուս հարցը վերաբերում էր հետեւյալին․ ի՞նչ սկզբունքով է «ՔՊ» ղեկավար կազմը որոշում՝ անդամագրման հայտ ներկայացրած տվյալ անձը պե՞տք է դառնա կուսակցական, թե՞ պետք է մերժվի նրա հայտը, եւ ի՞նչ չափանիշների պետք է բավարարի անձը «ՔՊ» անդամ դառնալու համար: «Համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության՝ կուսակցության անդամ կարող են լինել տասնութ տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն կուսակցության անդամ լինելու իրավունք եւ այլ կուսակցության անդամ չեն: Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքով օժտված այլ անձինք կարող են անդամակցել կուսակցությանը՝ առանց նրա ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմիններում ընտրվելու իրավունքի: Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի հիման վրա՝ կուսակցության վարչության որոշմամբ»,- մեր հարցմանն այսպես է պատասխանել «ՔՊ» հանրային կապերի եւ առաջխաղացման թիմը: Նկատենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ նույն անձը միաժամանակ տարբեր կուսակցությունների անդամ է եղել, եւ այդ խնդիրը մշտապես մտահոգել է անդամների մեծ թիվ ունեցող կուսակցություններին:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**