Եթե 25 տարվա ընթացքում համայնքապետն իրեն փոխարինող չի պատրաստել, վատ համայնքապետ է

Եթե 25 տարվա ընթացքում համայնքապետն իրեն փոխարինող չի պատրաստել, վատ համայնքապետ է
Քաղաքական ուժերից շատերը պնդում են, որ Ընտրական օրենսգիրքը համապարփակ բարեփոխումների, վերանայումների անհրաժեշտություն ունի: Վերանայումները, թերեւս, պետք է առնչվեն ոչ միայն համապետական՝ ԱԺ ընտրությունների ժամանակ կիրառվող ընտրակարգերին, որոնց շուրջ էլ վերջին օրերին հախուռն քննարկումներ են ծավալվում ԱԺ-ում, այլ նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ի վերջո՝ տեղական ինքնակառավարումը հանրային կառավարման այն համակարգն է, որը համայնքի բնակչությանը վերապահում է տեղական նշանակության հարցերն ինքնուրույն լուծելու, համայնքային ունեցվածքն օգտագործելու եւ տնօրինելու իրավունք: Ուստի համապետական ընտրություններից պակաս կարեւոր չէ նաեւ այն հարցը, թե ինչ սկզբունքով են ընտրվում ինքնակառավարման գործադիր մարմինները, մասնավորապես՝ քաղաքապետերն ու գյուղապետերը:



«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ** Արմեն Մարտիրոսյանը** մեզ հայտնեց, որ ԱԺ, ինչպես նաեւ վարչապետին կից ընտրական բարեփոխումների նպատակով ձեւավորված հանձնաժողովներին է ներկայացվել կուսակցության առաջարկները ընտրական բարեփոխումների վերաբերյալ, որոնք մինչ այդ նաեւ հրապարակվել են: Դրանցում մասնավորապես առաջարկվում է ԱԺ ընտրագրավի դրույքաչափի նվազեցում մինչեւ 5 մլն ՀՀ դրամ, ԱԺ-ում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի հայտնվելու շեմը դարձնել համապատասխանաբար 3 եւ 5 տոկոս, վարկանիշային ցուցակներից հրաժարում, անցում պարզ համամասնական ընտրակարգին, ընտրողների մատնահետքերի գրանցման միասնական ցանցի կիրառման ապահովում, միագույն գրիչների կիրառում ՀՀ ողջ տարածքի համար եւ այլն: «Կարեւորագույն, սկզբունքային առաջարկներ են դրանք, եթե լինի առաջարկ՝ մասնակցել քննարկումներին, մենք խնդիր չենք տեսնում: Օրերս էլ կառավարությունում հանդիպում եղավ, եւ այն բավականին արդյունավետ էր: Մեր առաջարկների մեծ մասը ներառված է աշխատանքային փաստաթղթում, եւ ես ներկայացրի այն առաջարկները, որոնց առայժմ որեւէ ձեւով անդրադարձ չկա. խոսքն էլեկտրոնային քվեարկության, այսպես ասած՝ բլոկչեյն համակարգի միջոցով քվեարկության մասին է, որը թույլ կտա իրականացնել «մեկ քաղաքացի, մեկ քվեաթերթիկ, մեկ քվե» սկզբունքը: Դեռեւս ինձ համար բաց է կրկնաքվեարկության հարցը, բայց հույս ունեմ, որ կառավարության կողմից ձեւավորված հանձնաժողովն այդ ուղղությամբ եւս քայլեր կիրականացնի»:



Կարեւորը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ վերջնարդյունքում ընդունվի մինչ այժմ եղած սողանցքներն ու կեղծիքների հնարավորությունները փակող, բացառող փաստաթուղթ: «Կառավարությունում դեռ ՏԻՄ-երի բլոկին չեն անդրադարձել, սակայն պարոն Դանիել Իոաննիսյանն ասաց, որ անդրադառնալուց անպայման նկատի կունենան: Մենք առաջարկել ենք, որ Երեւանի քաղաքապետն ընտրվի քաղաքացիների կողմից ուղիղ ընտրությամբ, ինչպես ընդունված է աշխարհի մեծ մասում. եվրոպական որեւէ երկրի մայրաքաղաք չեք տեսնի, ուր քաղաքապետն ավագանու կողմից է ընտրվում: Մեր առաջարկները վերաբերում են նաեւ Գյումրիում, Վանաձորում ՏԻՄ ընտրությունների անցկացման սկզբունքների վերանայմանը. ՀՀ երկրորդ եւ երրորդ քաղաքներում նույնպես քաղաքացին պետք է ընտրի իր քաղաքապետին եւ ոչ թե ավագանին»,- ասաց Մարտիրոսյանը: «Ժառանգության» հաջորդ առաջարկը վերաբերում է համայնքի ղեկավարի թեկնածուին ներկայացվող պահանջին, ըստ այդմ՝ նույն մարդը երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: «Այս դրույթը նախկինում կար, սակայն ժամանակին իշխանությունների կողմից դա հանվեց, որպեսզի չակերտավոր հավատարիմ, իրականում ընտրակեղծարարությանը եւ համակարգային կոռուպցիային ծառայող համայնքապետերը մնան իրենց պաշտոններում եւ ամեն համապետական ընտրության ժամանակ իրենց ծառայությունները մատուցեն՝ ձայնահավաքչությամբ զբաղվեն»,- նշեց Մարտիրոսյանը: Նկատեցինք, թե կան համայնքապետեր, ովքեր 20-25 տարի է՝ պաշտոնավարում են, համայնքի բնակիչներն էլ նրանց են ամեն անգամ ընտրում՝ կարծելով, թե տվյալ համայնքապետը քաջատեղյակ է խնդիրներին, նորը մինչեւ տեղեկանա, սովորի, հաջորդ ընտրությունների ժամկետը կլրանա: «Եթե 20-25 տարվա ընթացքում որեւէ համայնքապետ գոնե իրեն փոխարինող չի պատրաստել, ուրեմն դա շա՛տ վատ, չափազա՛նց վատ համայնքապետ է»,- արձագանքեց Մարտիրոսյանը՝ հավելելով, թե երկու անգամ անընդմեջ առաջադրվելու արգելքը պետք է կիրառել նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածուի նկատմամբ:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**