Ռոբերտ Նազարյանը հեռացավ, Արտակ Շաբոյանը դեռ պաշտոնավարում է

Ռոբերտ Նազարյանը հեռացավ, Արտակ Շաբոյանը դեռ պաշտոնավարում է
Հուլիսի 1-ին ավարտվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը։ Նազարյանը մեզ հայտնեց․ «Ես հուլիսի 1-ին վայր եմ դրել իմ լիազորությունները»։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ նա կրկին պաշտոնավարի, Նազարյանը պատասխանեց․ «Հանձնաժողովի նոր նախագահ ԱԺ-ն կընտրի սեպտեմբերին։ Էլ ոչ մի հարցի չեմ պատասխանի»։



Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանն այս պաշտոնին վերջին անգամ նշանակվել էր 2013 թվականի հուլիսի 1-ին՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, իսկ մինչ այդ էլ տասը տարի շարունակ զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Մեկ այլ հանձնաժողովի՝ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2020 թվականին։ 2015-ին նա վերանշանակվել էր այս պաշտոնում եւ հին Սահմանադրությամբ պետք է պաշտոնավարեր 5 տարի ժամկետով։ Սակայն նոր, փոփոխված Սահմանադրությամբ՝ կառավարությանն առընթեր հանձնաժողովներին ինքնուրույն պետական մարմինների կարգավիճակ է տրվել, եւ օրենքով փոփոխվել է դրանց նախագահի եւ անդամների նշանակման կարգը։ Հանձնաժողովի անդամները նշանակվելու են արդեն ոչ թե նախագահի, այլ ԱԺ-ի կողմից, իսկ թեկնածությունները վարչապետը ներկայացնելու է Ազգային ժողովի քննարկմանը։



ՏՄՊՊՀ վերանշանակումների գործընթացը պետք է ավարտված լինի մինչեւ 2019 թվականի ապրիլը, այնպես որ, ամեն րոպե Նիկոլ Փաշինյանը կարող է մտնել ԱԺ՝ հանձնաժողովի նոր կազմի առաջարկով։ Ըստ խոսակցությունների, սպասվում է, որ ՏՄՊՊՀ նախագահի կամ առնվազն մի քանի հանձնաժողովականների տեղերը զբաղեցնելու հավակնություններ ունի ՀՅԴ-ն։ Դաշնակցականները դեռ մարտ ամսին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ, բավականին ակտիվ էին եւ ԱԺ-ում առաջարկել էին, որ ՏՄՊՊՀ-ի անդամներից մեկի թեկնածությունը ներկայացվի ընդդիմության կողմից։ Առաջարկն այս մերժվել էր պատճառաբանությամբ, որ ՏՄՊՊՀ-ն, որպես վարչական մարմին, ապաքաղաքական պետք է լինի։ Չի բացառվում, որ դաշնակցական գործիչները կրկին ակտիվանան։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, կարծես, չի շտապում բաժանվել Արտակ Շաբոյանից, որը կառավարությունում «գերազանցիկի» համբավ ունի եւ հենց այս պատճառով էլ մնացել է պաշտոնում։ Անգամ Հովիկ Աբրահամյանը, որն ամեն կերպ ձգտում էր ձեռքի տակ պահել տնտեսական մրցակցության մթնոլորտը վերահսկող այս մարմինը, չկարողացավ հանել Արտակ Շաբոյանին։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**