Ծանր աշխատանք

Ծանր աշխատանք
Որպեսզի մամուլը զարգանա եւ լսարան ունենա, պետք է գրագետ ու տեղեկատվություն ստանալու պահանջ ունեցող քաղաքացիներ-ընթերցողներ լինեն երկրում։ Իսկ ընթերցանության հանդեպ սեր ու սովորույթ ներարկելը, անշուշտ, միայն լրագրողների հոգսը չէ, եւ ինչքան էլ առանձին վերցրած լրատվամիջոցներն աշխատեն այդ ուղղությամբ, դա նախ դպրոցի ու բուհի, ընտանիքի խնդիրն է եւ առհասարակ՝ ընթերցանության նկատմամբ երկրում ավանդույթներ ու մշակույթ ձեւավորելու հետ է կապված։ Որպեսզի մարդն աշխատանքի ընդունակ լինի, պորտաբույծ չմեծանա, պետությունից նպաստ ու օգնություն չմուրա, նրան պետք է մանկուց պատրաստել աշխատանքի։ Օրորոցից սերմանել, որ սոցիումին ինտեգրվելու լավագույն եղանակն աշխատելն է, եւ նա, ով շատ է աշխատում, բարեխիղճ է, անպայման շահում է՝ առաջ է գնում, լավ է ապրում։



Սա էլ սոցապնախարարության կամ զբաղվածության ծառայությունների խնդիրը չէ, այլ՝ ընտանիքի, դպրոցի, ողջ հասարակության։ Որպեսզի պարապ մարդը ողջ օրը չանցկացնի բազմոցին բազմած՝ աչքը հարեւանների ունեցվածքին հառած, բարձր պաշտոն զբաղեցնողների նկատմամբ նախանձից չորանալով, լավ ապրողներին բամբասելով ու վատաբանելով, նրան պետք է այնպես դաստիարակել, որ նա տեսնի բազմոցին նստելու եւ վատ ապրելու միջեւ կապը։ Եթե օրնիբուն նրան ներշնչես, որ հաջողություն ունենում են միայն «լավ պապաների զավակները», որ նվիրված աշխատանքով մեր երկրում ոչ մի հաջողության չի կարելի հասնել, բոլոր համակարգերը կոռումպացված են, գիտելիքը զրո է, իսկ մարդու ջանքերը ոչինչ չարժեն, արդյունքում կունենանք անաշխատունակ ձրիակերների, նախանձ ու չար տգետների հասարակություն։ Ուստի պետք է երեխային մանկուց սերմանել աշխատանքի նկատմամբ սեր, ուսման նկատմամբ՝ հարգանք, արդարության հաղթանակի նկատմամբ՝ հավատ։