Վանեցյա՞ն, Հայրապետյա՞ն, թե՞ Ջորկայեֆ․ի՞նչ են կարծում սպորտային լրագրողները

Վանեցյա՞ն, Հայրապետյա՞ն, թե՞ Ջորկայեֆ․ի՞նչ են կարծում սպորտային լրագրողները
Ֆուտբոլային աշխարհը կարծես թե համաձայն է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնություններին։ Մի շարք ակումբներ հայտարարեցին, որ Վանեցյանը ներկայումս այդ պաշտնում ամենահարմար թեկնածուն է, նույնիսկ հայկական ֆուտբոլի լեգենդները միացան այդ կարծիքներին՝ Վանեցյանից ակնկալելով, որ իր «շոկային բացահայտումներից» նաև ֆուտբոլում կանի։ Սակայն մինչ հիմա անհասկանալի է, թե Վանեցյանի թեկնածությանը նման զանգվածային հավանությունները ավելի շատ կապված են նրանից լավ աշխատանք ակնկալելո՞ւ հետ, թե՞ ավելի շատ Ռուբեն Հայրապետյանից վերջնականապես ազատվելու հետ։ Թեմայի շուրջ զրուցեցինք սպորտային լրագրողների հետ։



**Սուրեն Բաղդասարյան․**



«Մենք պետք է վերհիշենք մեր ֆեդերացիաների նախագահներին, միայն Նիկոլայ Ղազարյանն է, որ ֆուտբոլային աշխարհից էր, հայտնի ֆուտբոլիստ էր, որ դարձավ ֆեդերացիայի նախագահ, ոչ թե ընտրվեց։ Սովետը որ փլուզվեց, նա սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժնի պետ էր, ինքնին ավտոմատ կերպով դարձավ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բայց որ տեսան՝ լավ փողեր են պտտվում, ընկան հետևից, 2 տարի հետո ստիպված հրաժարական տվեց։ Հետո իրեն փոխարինեց Սուրեն Աբրահամյանը՝ ոստիկանության գեներալը, որը ֆուտբոլի հետ ոչ մի կապ չուներ, պարզապես ֆուտբոլի մեծ սիրահար էր և Վազգեն Սարգսյանի մոտիկ ընկերն էր։ Նրան փոխարինեց Ռուբեն Հայրապետյանը, որը նույնպես ֆուտբոլային աշխարհից չէր, ուղղակի ֆուտբոլի մեծ սիրահար էր, դարձավ ֆեդերացիայի նախագահ։



ՀՖՖ նախագահը պարտադիր չէ, որ հայտնի ֆուտբոլիստ լինի, որովհետև դա վարչական պաշտոն է, դու մեծ կառույց պետք է կարողանաս ղեկավարել, մարդկանց հետ ես աշխատում, այսինքն՝ վարչական գործունեություն է ենթադրում, այնպես որ՝ ո՞վ է ասել, որ պարտադիր պետք է լինի ֆուտբոլային աշխարհից։ Էս լարված ժամանակահատվածում Արթուր Վանեցյանը ամենալավ թեկնածուն է։ Արդեն շուտով կես դար է լրանում, ինչ ես ֆուտբոլի մեջ եմ, երևի որևէ մեկը հայկական ֆուտբոլի անցուդարձի հետ կապված վերջին 48-50 տարիներին տեղի ունեցածը այնքան չգիտի, որքան ես գիտեմ։ Մեր ֆուտբոլում եթե դու թույլ եղար, եթե բռունցք չունեցար, եթե լծակներ չունեցար, քեզ պարզապես կուլ կտան։ Երբ Սուրեն Աբրահամյանը նշանակվեց ֆեդերացիայի նախագահ, ինձ էլ հրավիրեցին ֆեդերացիայի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում աշխատելու, ես գործկոմի անդամ էի։ Սուրեն Աբրահամյանը քանի դեռ ներքին գործերի նախարար էր, ամեն ինչը նորմալ գնում էր, որևէ ներքին խժդժոց չկար, հենց հոկտեմբերի 27-ից հետո ինքը հրաժարական տվեց, անմիջապես սկսվեց բունտը․ Հայաստանի առաջնության մասնակից 8 թիմերից 7-ը կանգնեցին և ասացին, որ չեն մասնակցում առաջնությանը։ Հետո ես պարզեցի, որ դա իր դեմ պայքար էր, աթոռի կռիվ էր, որովհետև բոլոր դեպքերում շատ լավ պաշտոն է և շատ մեծ փողեր են պտտվում»։



**- Ֆեդերացիայի նախագահի պաշտոնը նաև ենթադրում է ֆուտբոլիստների հետ համագործակցելու հմտություններ, Ռուբեն Հայրապետյանը բազմաթիվ վեճեր ունեցավ ֆուտբոլիստների հետ։ Ի՞նչ եք կարծում, եթե ՀՖՖ նախագահը ֆուտբոլային աշխարհից լինի, ավելի հեշտ լեզու չի գտնի՞ ֆուտբոլիստների հետ։**



-«Դա արդեն մարդու բնավորություն է, հո ամեն մեկը չի՞ կարող ֆուտբոլիստների հետ կոնֆլիկտ ունենալ։ Անդրեասյանն էլ ֆուտբոլային աշխարհից էր, որտեղ աշխատել է, ֆուտբոլիստները բունտ են արել, սովետի տարիներին Մոսկվայի «Տորպեդոյի» խաղից հետո, ես ներկա եմ եղել, 18 ֆուտբոլիստ՝ պահեստայիններով, կանգնեցին, ասացին, որ մենք չենք խաղա այլևս, մինչև իրեն չհանեն, ու հիմա էլ նման խնդիրներ կան, Անդրեասյանը մարզիչ է աշխատել, ու իր հետ կապված բազմաթիվ խնդիրներ են եղել։ Ո՞վ է ասում, որ եթե ֆուտբոլային աշխարհից եղավ, ամեն ինչը սահուն է գնալու կամ եթե ֆուտբոլային աշխարհից չեղավ, պարտադիր պետք է կոնֆլիկտ ունենա ֆուտբոլիստների հետ։ Մարդու բնավորությունն է այդպիսին։ Ես բազում անգամ գրել ու ասել եմ, որ Ռուբեն Հայրապետյանը իր բնավորությամբ շատ կոշտ է, շատ կոպիտ է, նաև գտել եմ, որ իրենից վախենալով՝ մեր ֆուտբոլում խժդժություններ չէին լինում, բայց իր վատ կողմը այն էր, որ իրեն թվում էր, թե ինքը միապետ է դարձել, որ իր ասածը օրենք է, բոլորը պետք է ենթարկվեն, ինքը պետք է ասի, թե ով է խաղալու, ով չի խաղալու և այլն, ու մեկը չկար իր կողքին, որ ճիշտ ուղղություն տար, որպեսզի այդ բաները չլինեին։ Դրա համար էլ դժգոհություններ կային, ու ֆուտբոլային աշխարհի գրեթե 98 տոկոսը դժգոհություններ ուներ, բայց որևէ մեկը չէր համարձակվում արտահայտվել, որ այդպես չի լինի, մեր ֆուտբոլը կործանման է գնում։ Ես գտնում եմ, որ Արթուր Վանեցյանը այս ժամանակաշրջանում ամենալավ թեկնածուն է, ես չեմ կասկածում, որ այս բարդ ժամանակաշրջանում կտրուկ փոփոխություններ են լինելու մեր ֆուտբոլում։ Ես համոզված եմ, որ նա կարգուկանոն կհաստատի, և մեր ֆուտբոլը շատ բաներից կմաքրվի»։



**Արման Աբելյան- ֆուտբոլային մեկնաբան․**



«Այն բանից հետո, երբ մեր ակումբներն իմացան Վանեցյանի ցանկության մասին, հերթով հայտարարություններ տարածեցին, որ կաջակցեն նրան: Սա մեկ բանի մասին է վկայում․ բոլորը փոփոխություն են ցանկանում: Կարծիք կա՝ Վանեցյանն առայժմ որևէ կոնկրետ քայլի մասին չի խոսել, և հայկական ակումբների նման ակտիվությունը տարօրինակ է: Բայց չմոռանանք, որ նա ներկա էր Եվրոպա լիգայի՝ «Բանանց» - «Սարաևո» խաղին, իսկ նրա հետ հանդիպման ընթացքին հետևում էին հայկական ֆուտբոլային ակումբների մի քանի նախագահներ: Նրանք հաստատ հասցրել են քննարկել որոշ հարցեր, իսկ այն, որ Վանեցյանը խաղից հետո էլ այցելեց «Բանանցի» ակադեմիա, ուսումնասիրեց կառույցը, նշանակում է, որ ունի լուրջ մտադրություններ:



Փոփոխությունների անհրաժեշտության մասին արդյունքներն են խոսում: Մենք վերջին տարիներին ունեցել ենք միայն ժամանակավոր հաջողություններ: Մենք չունենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման կոնկրետ ծրագիր, ինչը առանցքային գործոն է: Այդ պատճառով է, որ ֆուտբոլիստները հասնում են, օրինակ, երիտասարդական հավաքական, բայց շատերը չեն արժանանում ազգային հավաքականի ուշադրությանը:



Դա է պատճառը, որ մեր ֆուտբոլիստները, հասնելով որոշակի տարիքի, չեն զարգանում, հետևաբար մնում են Հայաստանի առաջնությունում և «դոփում տեղում»: Մխիթարյանի օրինակի վրա չի կարելի կենտրոնանալ: Դա բացառիկ դեպք էր, և նրա ֆենոմենալ հաջողությունները ոչ թե զարգացման ծրագրից էին գալիս, այլ իր բացառիկ տաղանդից, աշխատասիրությունից և ամենակարևորը՝ եղածով չբավարարվելու ունակությունից:



Կարծում եմ՝ Վանեցյանը նախ կփորձի ամեն ինչ կարգավորել ֆեդերացիայում, աշխատանքները բաշխել, իսկ թե ամիսներ անց կմնա այդ պաշտոնում, թե ոչ՝ դժվար հարց է: Շատ կցանկանայի որոշակի «բարեկարգումներից» հետո այդ պաշտոնում տեսնել Յուրի Ջորկաեֆին: Եթե նրա հետ աշխատեն նաև համապատասխան օգնականներ, ովքեր Հայաստանի իրավիճակին, բոլոր տեսակի խնդիրներին լավ են ծանոթ ու նրան կհուշեն, ամեն ինչ հրաշալի կլինի: Ջորկայեֆն էլ իր ահռելի փորձը կներդնի ֆուտբոլի զարգացման գործում: Նաև կարծում եմ՝ Ջորկաեֆի գալու դեպքում մենք շանսեր կունենանք Հայաստանի հավաքականի ղեկին տեսնելու արտասահմանում աշխատող մեր լավագույն մասնագետներից մեկին՝ Միշել Տեր-Զաքարյանին, ով «Մոնպելյեյի» գլխավոր մարզիչն է:



Ու ամենակարևորը: Սեպտեմբերից մենք սկսում ենք Ազգերի լիգայում ելույթները՝ պատմական շանս մեր հավաքականի համար: Հուսով եմ, որ արդեն անխուսափելի թվացող փոփոխությունները կօգնեն ֆուտբոլիտներին հոգեբանորեն ավելի լավ վիճակում մոտենալ մրցաշարին և վերջապես ցույց տալ այն, ինչին ունակ են»:



**Հայկազ Մկրտչյան-սպորտային լրագրող․**



«Վանեցյանը, կարծում եմ, ժամանակավոր կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ռուբեն Հայրապետյանին պաշտոնից հանելու համար հենց Վանեցյանի նման թեկնածու էր անհրաժեշտ։ Կարծում եմ՝ մի քանի ամիս ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելով՝ Վանեցյանը կարգի կբերի ֆեդերացիան, որից հետո պաշտոնը կզիջի ավելի հարմար թեկնածուի, ով ավելի մեծ կապ կունենա ֆուտբոլի հետ։Ես իմ թեկնածուն չունեմ, բայց կարծում եմ այնպես, ինչպես Վանեցյանի թեկնածությանը աջակցեցին ակումբները, այնպես էլ կաջակցեն Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը։ Վանեցյանը գիտի, թե ինչպես է պետք պայքարել կոռուպցիայի և մյուս անօրինական երևույթների դեմ։ Ինչո՞ւ ոչ, իր վարչական լծակներն օգտագործելով՝ կարող է կարգավորել խնդիրները։ Այսինքն, ես չեմ սպասում, որ Վանեցյանի օրոք հայկական ֆուտբոլը ֆանտաստիկ արդյունքներ կգրանցի, ես սպասում եմ, որ Վանեցյանը հիանալի պայմաններ կստեղծի ֆեդերացիայի հաջորդ նախագահի համար, որպեսզի վերջինիս օրոք հայկական ակումբները և տարբեր տարիքային հավաքականները լավ արդյունքներ գրանցեն»։