Զբոսաշրջությունը 200 միլիոն դոլարով ավելացնում է մեր բյուջեի եկամուտները

Զբոսաշրջությունը 200 միլիոն դոլարով ավելացնում է մեր բյուջեի եկամուտները
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողներին սիրում էր ներկայացնել տպավորիչ թվեր եւ հավակնոտ ծրագրեր ոլորտի զարգացման մասին։ Տպավորություն էր ստեղծվում, որ զբոսաշրջության ոլորտը վագրային թռիչքներով կարող է առաջ գնալ մեր աղքատիկ բյուջե ունեցող երկրում։ Թավշյա հեղափոխությունից հետո Զարմինե Զեյթունցյանին փոխարինեց Հռիփսիմե Գրիգորյանը, նրա տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ, որը 20 տարի աշխատել է այդ ոլորտում, մոտ երկու շաբաթ առաջ հեռացավ կոմիտեից։ Մեզ հետ զրույցի ժամանակ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ եղել է զբոսաշրջիկների աճ՝ 16, 1 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։



Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեցինք, թե 2016թ․ հոկտեմբերից մինչեւ թավշյա հեղափոխություն պաշտոնավարած Զարմինե Զեյթունցյանին որքանով հաջողվեց կյանքի կոչել իր ծրագրերը։ Նաեւ հետաքրքրվեցինք, թե այսօր կոմիտեն ապահովո՞ւմ է նախկին ղեկավարի ծրագրերի շարունակականությունը։ «Բավականին հաջողվել է, դրանք իրենց արդյունքը կտան։ Ճիշտն այն է, որ ծրագրերի շարունակականությունն ապահովվի, ավելի զարգացվի, ակտիվացվի»,- նշեց մեր զրուցակիցը։ Որքանո՞վ են Հայաստանի հեռավոր մարզերը գրավիչ դարձել զբոսաշրջիկների համար։ «Կես տարի առաջ, մեկ տարի առաջ, հինգ տարի առաջ համեմատելու դեպքում կտեսնենք այդ աճը, զարգացումը, ձեռքբերումները։ Եվ տարբեր մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Տավուշում զգալիորեն ավելացել են հյուրանոցային տնտեսության օբյեկտները, հյուրատները։



Հենց գյուղերում, գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման համար ավելացել են հանրային զվարճանքի օբյեկտները։ Եթե հետ գնանք մինչեւ 2000-ական թվականները, ապա կտեսնենք, որ ավելի քան 100 անգամ ավելացել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը։ Եթե այն ժամանակ միայն Երեւանում կային հյուրատներ, ապա հիմա հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի քան 60 տոկոսը ՀՀ մարզերում է։ Դրանք վերաբերում են հանգստյան տներին, առողջարաններին, մոթելներին։ Եթե նախկինում զբոսաշրջիկները միայն Երեւանում էին մնում, ապա այսօր շրջագայության ընթացքում գիշերակաց են ունենում մարզերում։ Սրանից զատ՝ մարզերում անցկացնում են փառատոներ, միջոցառումներ, որոնք ունեն միջազգային նշանակություն»,- արձագանքեց Մեխակ Ապրեսյանը։ Զբոսաշրջությունից որքա՞ն գումար է մուծվել պետբյուջե։ Մեխակ Ապրեսյանի կոպիտ հաշվարկներով՝ եթե օրինակ 2017թ․ Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է մոտավորապես 1,5 միլիոն, եւ եթե վիճակագրական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում ծախսում է 700-800 ԱՄՆ դոլար, ապա ներգնա զբոսաշրջությունից ստացված Համախառն եկամուտը կազմում է 1,2 միլիարդ դոլար ։ Իսկ այդ դեպքում, ըստ մեր զրուցակցի, զբոսաշրջությունը նպաստել է մոտ 200 միլիոն դոլարով մեր բյուջեի եկամուտների ավելացմանը։



**Թագուհի Հակոբյան**