Քաղաքացին կասկածում է բուժհիմնարկին ոչ ճիշտ ախտորոշումներ տալու մեջ

Քաղաքացին կասկածում է բուժհիմնարկին ոչ ճիշտ ախտորոշումներ տալու մեջ
Քաղաքացի Մարինա Հակոբյանը դիմեց «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն և առաջակեց անդրադառնալ, իր բնորոշմամբ, չափազանց կարևոր թեմայի՝ առողջապահության ոլորտին՝ իր հետ բերելով մի ձեռագիր նամակ, որում մեղադրում էր «Հայ- ամերիկյան» առողջական կենտրոնին։ Նամակում մասնավորապես ասվում է․



«Վերջերս Հայ- ամերիկյան առողջական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը մի հաղորդման ժամանակ եթերից հայտարարեց, որ 2 շաբաթվա մեջ իրենց մոտ մամոգրաֆիկ հետազոտություն է անցել 600 կին, որոնցից միայն 15-ի մոտ որևէ շեղում չի հայտնաբերվել։ Մնացածի մոտ հայտնաբերվել են ինչ-որ շեղումներ կամ քաղցկեղ։ Թե շեղումները, թե քաղցկեղները բուժվում են նույն կենտրոնում և բացառապես վճարովի։ Այսինքն՝ այդ կենտրոնին նյութապես ձեռնտու է մամոգրաֆիկ լուսանկարների միջոցով կանաց մոտ քաղցկեղ ախտորոշել։ Տարիներ առաջ անգլիայում մի խայտառակ դեպք բացահայտվեց։ Մի ուռուցքաբան- մամոլոգ, նյութական շահագրգռվածությունից ելնելով, առողջ կանանց քաղցկեղ էր ախտորոշում, հետո վիրահատում, ինչից մեծ եկամուտ է ստանում։ Եթե նման դեպք հնարավոր էր զարգացած և ժողովրդավարական Անգլիայում, ապա կարելի՞ է դա բացառել հետամնաց և կոռումպացված Հայաստանում։ Հայաստնում եղել են դեպքեր, երբ այս կամ այն ուռուցքաբանը, անձնական շահից ելնելով, դիտավորյալ քաղցկեղ է ախտորոշել մարդկանց մոտ»։



Ընդ որում Հակոբյանը բժշկական կենտրոնի «կեղծիքները» բացահայտելու իր մեխանիզմն է առաջարկում՝ ակնկալելով նաև պետության միջամտությունը․



«Պետությունը պետք է պարտադիր միջամտի։ Բոլոր կանանց, ովքեր այդ կենտրոնում մամոգրաֆիկ, կրծքագեղձի ռենտգեններ են արել և որոնց մոտ հայտնաբերել են շեղումներ կամ քաղցկեղ, պետությունը կոչ անի հաջորդ իսկ օրը այդտեղի ռենտգենով և 20 հազար դրամի վճարման կտրոնով ներկայանալ մեկ այլ բժշկական կենտրոն և նույն հետազոտությունը անցնել այնտեղ՝ անվճար, պետության հաշվին»։



Քանի որ վերոնշյալ նամակում նշվում է կոնկրետ բուժհաստատության՝ Հայ - ամերիկյան կենտրոնի անունը, թեմայի շուրջ զրուցեցինք տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ։



«Թող իրենք մոտենան, մենք կքննարկենք, որևէ խնդիր չկա, մենք մեր կենտրոնում 8 հազար կնոջ կյանք ենք փրկել, ինչի՞ մասին է խոսքը, մենք միշտ բաց ենք, պատրաստ ենք քննարկումների։ Անշուշտ բժիշկն էլ է սխալվում, ես չեմ կարող 100 տոկոսով ասել, որ նա անսխալ է, բայց ես մինչև կոնկրետ դեպք չիմանամ, բնականաբար չեմ կարող ճիշտ պատասխան տալ։ Յուրաքանչյուր մեկը կարող է իր տեղից վեր կենալ և նման հայտարարություն անել, ես չեմ կարծում, որ դա հիմնավոր ինչ- որ բան է, մենք աշխատում ենք անկեղծ, մենք աշխատում ենք մաքուր ու թափանցիկ։ Մենք ունենք նաև անվճար հետազոտություններ։ Ես մինչ այժմ որևէ դեպք չեմ հանդիպել, որ որևէ մեկը շատ դժգոհ լինի մեր աշխատանքից։ Մենք ունենք գիրք, որտեղ մարդիկ գրում են իրենց տպավորությունները։ Նման հայտարարությունների հիման վրա չի կարելի քննադատել մի բժշկական կենտրոնի, որը արդեն 20 տարի հեղինակություն է»։