Ռեստորանատերերը դժգոհում են ՊԵԿ-ի ստուգում-շոուներից

Ռեստորանատերերը դժգոհում են ՊԵԿ-ի ստուգում-շոուներից
Պետեկամուտների կոմիտեն ընկել է ռեստորանների հետևից։ «Նոր իրավիճակում» ՊԵԿ-ը որոշել է «զբաղվել» Հայաստանի թերևս ամենակայացած ու զարգացող ոլորտով՝ ռեստորանային բիզնեսով, որի արդյունքում այսօր այդ ոլորտը կանգնած է բարդությունների առաջ։ ՊԵԿ-ի գործողությունները հարուցել են ռեստորանատերերի լուրջ դժգոհությունը։ Նախ ռեստորանատերերը դժգոհում են Հարկային նոր օրենսգրքի՝ իրենց վերաբերող դրույթներից, որի արդյունքում մի քանի անգամ բազմապատկվել է թե՛ վարչարարությունը, թե՛ հարկային բեռը՝ միջինը 4-5 անգամ։ Միևնույն ժամանակ խստացվել են դրանց պատիժները։



«Եվ սա սթրեսային է ոլորտի համար։ Ոլորտի ներկայացուցիչները միահամուռ որոշում են կայացրել դադարեցնել բոլոր ներդրումային ծրագրերը»,-**Hraparak.am**-ի հետ զրույցում պատմեց ռեստորանների ասոցացիայի նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։ Ռեստորանատերերն ասում են, որ իրենք չեն հրաժարվում հարկ վճարելուց, չեն հրաժարվում նաև խաղի նոր կանոններով աշխատելուց, բայց նախ խնդրում են որոշակի ժամանակ՝ իրավիճակին հարմարվելու համար, ինչպես նաև ակնկալում են ողջամիտ լուծումներ, որ հնարավորինս պարզեցված ու առանց ավելորդ քաշքշուկների ստացվի հարկայինի հետ աշխատանքն ու հարկերի վճարումը։ Բայց սա ամենը չէ, ՊԵԿ-ը ռեստորանային բիզնեսի համար վարչարարական ավելորդ բարդություններ հարուցելուց զատ՝ նաև պարբերաբար ստուգումներ է իրականացնում ռեստորաններում, ընդ որում՝ դա հաճախ անում է շոուներով՝ հատուկ համազգեստավոր ջոկատներ ուղարկելով այս կամ այն ռեստորան։



ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության համազգեստավոր աշխատակիցները մտնում են ռեստորան ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ սկսում խուզարկություն իրականացնել, հարցաքննել ռեստորանի աշխատակիցներին, երգիչներին՝ հույսով, որ որևէ խախտում կհայտնաբերեն կամ չգրանցված աշխատող, որ պատժեն։



Եվ այդ ամենը անում են շատ հաճախ ոչ գրագետ, թերի կազմված հանձնարարականներով։ Բացի այդ, մեզ ասացին նաև, որ ՊԵԿ-ը սխալ պատկերացում ունի իրենց շրջանառության ծավալի և շահույթի վերաբերյալ։ Առաջացած խնդիրների առնչությամբ ոլորտի մի քանի ներկայացուցիչներ հուլիսի 18-ին հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, որ քննարկեն իրավիճակն ու դրան լուծում գտնեն։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՊԵԿ-ի և ֆիննախի ներկայացուցիչները, որոնք ընդունել են, որ իրենք սխալ վիճակագրական տվյալներ ունեն ռեստորանների շրջանառությունների և փաստացի եկամուտների վերաբերյալ։ Կարծես թե ամեն ինչ լավ է ընթացել, Ավինյանը հասկացել է՝ որն է խնդիրը, պայմանավորվել են խաղի կանոնների շուրջ, բայց հանդիպումից հետո ՊԵԿ-ի կողմից սկսվել են ակտիվ ստուգումները ռեստորաններում։ «Ու դրա նպատակը, մեղմ ասած, անհասկանալի էր, մեզ ուզում էին դրանով վախեցնե՞լ, թե՞ ինչ։ Մենք ասում ենք՝ ձեր փոփոխությունները սթրեսային են, բայց մենք պատրաստ ենք հարմարվել, պատրաստ ենք բյուջեի ֆիսկալ եկամուտներն ավելացնել, բայց պետք է իրար հետ աշխատենք»,-ասաց Աշոտ Բարսեղյանը։



Հիմա ռեստորանատերերը, որոնք միավորվել ու ցանկանում են ասոցացիա ստեղծել, պատրաստվում են նաև հայտարարությամբ հանդես գալ:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**