Վտանգներ ու փորձություններ երազելը

Վտանգներ ու փորձություններ երազելը
Թավշյա հեղափոխությունը մասնակցության, «մասնակից լինելու», մասնակցությունը որպես իմաստ վերապրելու եւ դրանից արժեքներ բխեցնելու հաղթանակն էր: Բովանդակ իրականության զգացումը մարմնապես եւ հոգեպես (շատերի համար՝ թերեւս առաջին անգամ)․ ահա թե ինչն էր պերմանենտ ոգեշնչման շարժիչ ուժը, որն ուժատվելու որեւէ հնարավորություն այլեւս չուներ: Բովանդակ իրականության ուժգին վերապրումն ինչ-որ պահի մոռանալ է տալիս թե՛ անցյալը եւ թե՛ ապագան՝ մակերեսին թողնելով միայն բացարձակ գործը, բացարձակ արարքը:



Երբ վստահ ես՝ այն, ինչ մտադրված ես առարկայական գործի վերածել՝ միտքը, պատկերացումները, գաղափարները, մի օր անպայման շնչավորվելու են, մի օր անպայման տեսնելու ես, շոշափելու դատողություններից դեպի ճշմարտություններ անցում կատարած արդյունքը: Սա պիտի պահպանել՝ «մասնակից լինելու» զգացումն ու մասնակցության հնարավորություն ընձեռելու հավանականությունը․ գուցե միայն այս ճանապարհը թույլ տա հասարակության առավել իներտ կամ չափից դուրս հարձակվողական շերտերին ազատագրվել, չդիրքավորվել որպես մի լքյալ, մեկուսացված սեգմենտ, ում այլ բան չի մնում անել, քան մոլեռանդորեն անհեթեթություններ արտադրել-տարածելը:



Հասարակության խնդիրներն ամբողջովին կարգավորելն ու ի մի բերելն անհնար է. հասարակության լինելությունն ինքնին արդեն անկարգավորելի խնդիր է՝ բարդ, հակասական ու, ինչ խոսք՝ չափազանց հետաքրքիր: Հայաստանում հասարակությունը կա՛մ հարստահարվել է, կա՛մ ապաճվել, տարիների ընթացքում հետեւողականորեն ինքն իրենից դուրս է դրվել, վերջնարդյունքում հիմնովին ֆրագմենտացվել է: Անգամ մեծ ցանկության դեպքում փշրված հայելու մանրումեծ բեկորների մեջ ամբողջովին ինքդ քեզ տեսնել-ճանաչել չես կարող:



Բաց, հավաք ու մարդակենտրոն հասարակության կարիք կա, ուր, ըստ այդ հասարակության պատկերացումների, կարող ես սխալվել, ըստ էության՝ սայթաքել, սակայն դրա համար կյանքով ու գիտակցությամբ չհատուցել, առհասարակ՝ ոչնչով չհատուցել, այլ մասնակցել, անվերապահորեն ցուցաբերել հետեւողական, անկաշկանդ մասնակցություն:



Տասնյակ տարիներ Հայաստանում հասարակությունը պատժվել է միայն այն բանի համար, որ գոյություն ունի, «ամբաստանյալ» հասարակությունը պատժել է իր ներսի մարդուն, որպեսզի ինքնապահպանվի: Ինքնապահմանման սովորույթը, իհարկե, դեռ շարունակվում է. զորեղ սովորույթ, որն ամենուր թշնամիներ է փնտրում, երազում վտանգներ ու փորձություններ, վերջիվերջո՝ երազում, որ նույնիսկ այլեւս գոյություն չունեցող «երեւակայական ու իրական թշնամին» կատարելապես ձախողի:



**Արամ ՊԱՉՅԱՆ**