«Իրատես». Փաշինյանը որոշել է խաղալ բացառապես միայնակ

«Իրատես». Փաշինյանը որոշել է խաղալ բացառապես միայնակ
«Իրատես» թերթը գրում է. «Անցնող ամեն օրն ապացուցում է՝ իշխանական բուրգի գագաթում հայտնված անձինք «մասնագիտացած» էին բացառապես փողոցային-միտինգային պայքարի մեջ, փոխակերպվել, կարծես, չի ստացվում, ինքնահիացքը փակուղի է տարել նրանց, եւ տպավորություն է, թե իշխանական բուրգը, դեռ չկազմավորված, քանդվում է։



Իշխանության մարտահրավերները հզոր են ոչ միայն ներքին, այլեւ, առաջին հերթին, արտքաղաքական հարթությունում։ Շշուկները, որ Ռուսաստանի համար նոր իշխանություններն անհասկանալի հիբրիդ են, եւ առաջիկայում Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են ինչ-ինչ «անհասկացողության պատի» դեմ առնել, իրենց դրսեւորումներն ունեցան Փանիկի, վարչապետի վերջին ասուլիսում հնչեցրած մտքերի համատեքստում։



Չմոռանանք՝ հարաբերություններն այն չեն նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, չհիշեցնենք Սվիտալսկի-Փաշինյան դիսկուրսը, «դիտենք» ՀՀ երկու փոխվարչապետների «տուռնեները»՝ Կանադա-ԱՄՆ, որոնք ավարտվեցին ոչ միայն խիստ ցածր մակարդակի հանդիպումներով, այլեւ ներդրումային «փաթեթների» չգոյությամբ։



Ասել է՝ Հայաստանը յուրօրինակ միջազգային աքցանի մեջ է հայտնվել։



Պատրա՞ստ է երկիրը, ինչպես երեւում է, բավականին «հետաքրքիր» դասավորություններին։ Դժվար է ասել։ Բայց եւ նոր իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի հռետորությունը, տարակույսներ է առաջացնում. ներքին-արտաքին խնդիրների այս ահավոր թնջուկի մեջ



Փաշինյանը որոշել է խաղալ բացառապես միայնակ։ 



Միայնակ խաղացող Փաշինյանը խնդիրներ ունի քաղաքական ուժերի, այդ թվում` համաձայնության կառավարության անդամների հետ։



Բազում խնդիրներ։ 



Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի իր թիմի ներսում, այնտեղ արդեն սկսվել է մեծ գզվռտոցը։ Կենտրոնում Դանիել Իոաննիսյանն է, մնացածի «պայքարը» դեռ գորգի տակ է։



Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի ԶԼՄ-ների հետ ու այդպես էլ չարձագանքեց ԶԼՄ-ների ղեկավարների հայտնի հայտարարությանը, այդպես էլ գեթ մեկ բառ, բացի «հակապետական» մոտեցումներից, ի պաշտպանություն ԶԼՄ-ների հնչեցրած մտահոգությունների, մեր նախկին լրագրող ընկերը չարտաբերեց»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_