Ժամանակն է

Ժամանակն է
Վերջին տասնամյակում հայկական ֆիլմարտադրությունը զարգացման մեծ թափ է հավաքել:



Դրա վառ ապացույցն է՝ ամենամյա միջազգային կինոփառատոններում Հայաստանը ներկայացնող ֆիլմերի ցուցադրությունները:



Ահա հենց այսպես 2014թ-ին Հայաստանում ծնված մի պրոյեկտ ՝ «Ելք չկա» անվանումով , մասնակցեց Կաննի 67-րդ միջազգային փառատոնին և գրանցեց հաջողություն՝ ստանալով մի շարք Ա կլասի կինոփառատոնների առաջարկներ:



Ցուցադրվեց յոթ երկրներում: Ֆիլմը հայկական Rec-Time կինոընկերության առաջնեկն էր: Ընկերության գործադիր տնօրեն և պրոդյուսեր Կամո Ունանյանի հետ զրույցում տեղեկացանք, որ Rec-Time-ը սկսել է բուռն աշխատանքներն արդեն երկրորդ ֆիլմի ստեղծման ուղղությամբ:



«Ժամանակն է» վերնագիրը կրող այս նոր ֆիլմը պատմում է մի հայ ընտանիքի մեծ ողբերգության մասին: Դեպքերը զարգանում են 1993թ-ին համաշխարհային համբավ ունեցող հայկական խմբավորման՝ ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի հիմքում:



Ֆիլմի հերոսը շատ դաժան պայմաններում կորցնում է իր ընտանիքի անդամներին, հրաշքով միայն ինքն է ողջ մնում: Տարիներ անց հերոսը մեծ վրեժով լցված փորձում է գտնել և հաշվեհարդար լինել մարդասպաններից:



Ըստ Ունանյանի ՝ ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ Հունաստանում, շարունակվել Ռուսաստանում և որոշ ժամանակյա դադարից հետո վերսկսվեցին   Հայաստանում: Իսկ վերջնամասը մտադիր են նկարահանել Վրաստանում և Թուրքիայում:



Ֆիլմի ստեղծագործական թիմը  բավականին պրոֆեսիոնալ և հմուտ անձանցով է հավաքված:



Կամո Ունանյանը՝ ով , ի դեպ, մարմնավորելու է ֆիլմի գլխավոր և առանցքային դերակատարներից մեկին, ասաց, որ ֆիլմը հայ ժողովրդի անցյալի  պատմության փաստագրական էջերի մասին է, որում ցույց ենք տալու , որ մենք չենք մոռացել ու չենք էլ մոռանալու մեր անցյալը,  բայց միևնույն ժամանակ հպարտ առաջ ենք գնալու, ավելի հզոր և անկոտրուն ենք լինելու քան կանք: Ֆիլմի ռեժիսորն է Վահե Սայանը, պրոդյուսերը Կամո Ունանյանն է, ոչ պակաս պրոֆեսիոնալ թիմից է բաղկացած նաև դերասանական կազմը՝ Ալեքսանդր Խաչատրյան, Ժաննա Բուդուլյան, Մարիամ Մելիքյան, Նարեկ (Մեծ Հայք) Պետրոսյան, Ադրիանա Գալստյան, Անատի Սաքանյան, Արսեն Լևոնյան և այլոք:



Մեզ բախտ էր վիճակվել լինել նկարահանման հրապարակում և լսել  նաև ներկա դերասաններից մի քանիսին, ովքեր մեծ հիացմունքով և հետաքրքրությամբ էին մասնակցում այս ֆիլմի ստեղծմանը: Մասնավորապես՝  Արսեն Լևոնյանը առանձնակի շեշտադրեց  իր մասնակցության դրդապատճառը, այն է՝ լավ թիմ է հավաքված: Նա ասաց, եթե անգամ ինձ մեծ հոնորարներ առաջարկեին, բայց չլիներ լավ ստեղծագործական և ընկերական մթնոլորտ ես չէի համաձայնվի մասնակցել  այս պրոյեկտին: Իսկ ահա , Անատի Սաքանյանի համար սա երկրերդ համագործակցությունն է Rec-Time ընկերության հետ, նա կարծում է որ այս ֆիլմ ավելի մեծ հաջողություններ կգրանցի քան առաջինը:



Արդյոք հեշտ է աշխատել նոր սերնդի հետ, հարցին անվանի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ժպիտով և հիացմունքով ասաց. Այո, և հավելեց, որ շատ հետքարքիր սերունդ ունենք այժմ, և շատ  բաներ սովորում եմ հենց իրենցից, որպեսզի քայլեմ ժամանակին համընթաց՝ չկորցնելով իհարկե դերասանական իմ դիմագիծն ու բնավորությունը:



Ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանն էլ նշեց որ «Ժամանակն է» ֆիլմի  թիմը հրաշալի կերպով իրագործում է իր առջև դրված խնդիրները, և նա հավատում է , որ կունենան կայացած պրոյեկտ:



Ֆիլմի soundtrack-ն էլ պատկանում է Play Beck ընկերությանն ի դեմս Նարեկ (Մեծ Հայք)-ին:



Դե ինչ՝ «Ժամանակն է» ֆիլմը պատրաստ կլինի արդեն աշնան երկրորդ կեսին, մաղթենք  ստեղծագործական թիմին անխափան ընթացք և լավագույն վերջաբան: