Ոչ պետական բուհի ռեկտորն առաջարկում է հետևել ԵՄ անդամ երկրների օրինակին

Ոչ պետական բուհի ռեկտորն առաջարկում է հետևել ԵՄ անդամ երկրների օրինակին
Մի երկու-երեք տասնամյակ առաջ դժվար էր երեւակայելն անգամ, որ թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի համար դիմորդներ ունենալը կարող է այնքան խնդրահարույց լինել, որքան՝ մեր օրերում։ Բժշկականի, ԵՊՀ-ի իրավագիտության, բանասիրության եւ պատմության ֆակուլտետների մեկ տեղի համար նույնիսկ 15-20 դիմորդ էր պայքարում, իսկ անցողիկ նվազագույն միավոր էր համարվում 55-58-ը։ Մի քիչ պակաս մրցակցություն կար ոչ պետական, բայց հանրությանը հայտնի, հեղինակություն վայելող ոչ պետական բուհերում։



Եվ բուհերի երկարամյա ռեկտորներն ու դասախոսներն այսօր միայն ջերմ հուշեր կարող են պատմել այդ օրերից։ Բուհերի տխուր վիճակին է անդրադարձել նաեւ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որն անցած օրերին հանդիպել է սկզբում ոչ պետական բուհերի ռեկտորների հետ, իսկ հետո՝ պետական բուհերի ռեկտորների։ Ոչ պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է այն հարցին, որ մասնավոր բուհերն էլ կրթության որակի վրա ունեն ազդեցություն, եւ պետությունն էլ, որը կրթական քաղաքականության կազմակերպիչն է, չի կարող բարձիթողի վիճակ հանդուրժել ցանկացած ոլորտում։



Նախարարն ակնարկել է, որ ստեղծված վիճակում մասնավոր բուհերը պետք է մտածեն իրենց ապագայի մասին եւ քննարկեն միավորումների հարցը, որպեսզի խնդիրը չհասնի լիցենզիաների համապատասխանեցմանը կամ բուհերի փակմանը։ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը կրթության եւ գիտության նախարարի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որ Հայաստանը դառնա համալսարանական երկիր։



«Այսինքն՝ առաջարկել եմ, որ բուհերին միացվեն նաեւ ԳԱԱ-ի համակարգի գիտական ինստիտուտները, վերականգնենք բուհերի նախկին ավանդույթները, մեր բուհերը գրավիչ դարձնենք արտասահմանյան քաղաքացիների համար, նրանց կրթության միջոցով ֆինանսներ վաստակենք, մեր քաղաքացիների կրթությունը անվճար կազմակերպենք, որովհետեւ անվճար ուսուցումը միայն սոցիալական խնդիր չի լուծում։ Դրա միջոցով աճում է նաեւ երիտասարդության վստահությունը պետության նկատմամբ։ Քանի որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, բուհերի ուսանողությունը պետք է կազմակերպված կերպով մասնակցելու է երկրի պաշտպանությանը։ Առաջարկել եմ, որ բուհերում ուսուցանվի ռազմագիտություն նույնիսկ աղջիկների համար»,- պատմում է Բորիս Մակիչյանը։



Ըստ մեր զրուցակցի՝ հանդիպմանը մասնակցած բոլոր բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց առաջարկությունները, նախարարն էլ ուշադիր լսել է դրանք։ «Խնդիրն այն է, որ բուհերի խոշորացման միջոցով բարձրացնենք կրթության արդյունավետությունը։ Իմ գլոբալ առաջարկը, սակայն, վերաբերում էր Հայաստանը համալսարանական կենտրոն դարձնելուն։ Մենք ԽՍՀՄ օրոք, 60-ական թվականներին, ունեցել ենք հզոր զարգացած բուհական համակարգ, եւ եթե մենք տիեզերք թռանք, ապա այդ բուհական հզոր համակարգի շնորհիվ։ ԵՄ անդամ երկրների պետական բուհերում իրենց երկրի քաղաքացիների կրթությունն անվճար է։ Ինչո՞ւ մենք չընդօրինակենք այն»,- հարցնում է մեր զրուցակիցը։



Ինչ վերաբերում է Հայաստանում ոչ պետական բուհերի առատությանը, ապա Բորիս Մակիչյանն ուշադրություն է հրավիրում, որ կա առաջարկի եւ պահանջարկի միջեւ տարբերություն։ «Առաջարկն ավելի շատ է, քան՝ պահանջարկը, իսկ նման պարագայում միասնական ընդունելության կազմակերպումը միանգամայն ավելորդ է։ Առաջարկում եմ, որ չլինեն միասնական ընդունելության քննություններ, այլ բուհերն իրենք որոշեն, որովհետեւ մեր բոլոր օրենքներում ամրագրված է՝ պետք է ավելացնել բուհերի ակադեմիական ազատությունը»,- նշեց մեր զրուցակիցը։



Բորիս Մակիչյանն անհրաժեշտ պայման է համարում բուհերի խոշորացումը, եւ պետք է խոշորանան ոչ միայն ոչ պետական, այլեւ պետական բուհերը։ Նա նկատում է, որ արտասահմանյան շատ երկրներում բարձրագույն կրթությունը եւ գիտությունը համատեղվում են, ինչի շնորհիվ էլ կլուծվեն նաեւ գիտնականների սոցիալական խնդիրները։ Նրանք, ըստ Մակիչյանի, միաժամանակ կզբաղվեն եւ՛ գիտությամբ, եւ՛ դասախոսական աշխատանքով։ Մեր զրուցակիցը կարծում է նաեւ, որ դասախոսներին պետք է վերապատրաստել, որպեսզի նրանք ռուսերեն եւ անգլերեն կարողանան դասավանդել, եւ նոր Հայաստանը կարող է վերածվել համալսարանական կենտրոնի։ Թագուհի Հակոբյան