Ինչո՞ւ են մեզ հայհոյում․ Հաղարծինում լարված իրավիճակ է

Ինչո՞ւ են մեզ հայհոյում․ Հաղարծինում լարված իրավիճակ է
Տավուշի մարզի Հաղարծին համայնքում լարված իրավիճակ է, բնակիչները այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել, ճանապարհներ են փակել։ Մենք գրել էինք, որ համայնքում բազմիցս բախումներ են տեղի ունենում բնակիչների և բնապահպանների միջև։ Նախկինում բնակիչներից ահազանգ էինք ստացել, որ բնապահպանները անօդաչու թռչող սարքերով(դրոններով) նկարահանում են իրենց տները՝ պարզելու, թե ովքեր են ծառահատումներ իրականացնում և ինչ քանակի փայտ են կուտակել։ Համայնքի բնակիչները գանգատվում են բնապահպանների նման պահվածքից՝ ասելով, որ եթե օրենք են խախտել, թող օրենքով սահմանված կարգերով պատասխանատվության ենթարկեն իրենց, ոչ թե նկարահանեն իրենց տները․



«Ֆռացել են սրա-նրա հայաթներով, թե թեփը որտեղից եք ստանում, ես ընդհանուր մանրամասն բառերով չգիտեմ։ Իրականում իրենք իրենց արդարացնելու համար ինտերվյուներ են տալիս ոչ ճիշտ, որ իբր մենք անտառ էինք գնում, մեր վրա հարձակվեցին, սկսեցին խփել, բայց իրականում սուտն են գրում էլի։ Հազար ձեւի մարդիկ են եղել։ Երեկ ես մարզպետի մոտ եմ եղել, ես ավագանի էլ եմ։ Մենք բոլորս հիմա ոստիկանության բաժանմունքի դիմաց ենք, մենք ուզում ենք էս հարցին լուծում տանք։ Իրենք գիշերով անօրինական ձեւով բեսպիլոտնիկ են թռցնում՝ սրա-նրա հայաթն են ստուգում, եթե իմ հայաթը ստուգելու բան կա, թող գնան դատարանից սանկցիա վերցնեն, գան իմ հայաթը ստուգեն, ոչ թե անօդաչու թռչող սարք թռցնեն, ես իմ կնոջ, էրեխու հետ կարող ա հայաթը նստած եմ, ստեղ էլ գյուղ տեղ, էրեխեքը տելեվիզորով են տեսել անօդաչու թռչող սարք, մտածում եմ թուրքեր են։ Երեկ հենց գյուղերն են ստուգել, կոնկրետ պրյամո էֆիր մտածներն են։ Եթե մի մարդ ապօրինաբար ծառ ա հատել, դրա համար կա պատիժ, ոնց կարգն ա, ոչ թե մարդու ինքնասիրություն ոտնահարեն կամ աշխարհի ամենավատ քֆուրներն ասեն ու պրյամո էֆիրով»,- **«Հրապարակի»** հետ զրույցում ասել էր համայնքի բնակիչներից մեկը։



Բնապահպաններն էլ իրենց հերթին ահազանգում են, որ գյուղի բնակիչները շարունակում են ապօրինաբար անտառ հատելը, նույնիսկ ծեծի են ենթարկել անտառապահներին։



Հաղարծինը խոշորացված համայնք է և կցվել է Դիլիջան քաղաքին։ Իրավիճակը հասկանալու համար խոսեցինք Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ։ Նրա բնորոշմամբ, Հաղածինում իրավիճակը լարված է․



«Բնակիչները բնապահպանների հետ կապված խնդիրներ ունեն, ոչ այնքան անտառահատումների հետ կապված, որքան նրանց պահվածքի։ Ինձ ասել են, որ բնապահպանները շատ վատ վարքագիծ ունեն, շատ վատ են իրենց պահում՝ ընդհուպ մինչև հայհոյանքներ այլն։ Իրենք դժգոհում էին, որ եթե ապօրինի ինչ-որ բան ենք անում, թող բռնեն, մենք օրենքով պատասխան տանք, ինչո՞ւ են մեզ հայհոյում։ Պահանջը ուղղված է բնապահպանության ոլորտին, որ նման մարդկանց ինչո՞ւ են ուղարկել իրենց տարածք, այդ համայնքում ոչ մեկը չի ընդունում նման պահված, ոչ մեկը չի ընդունում, խնդրում են այլ բնապահպաններ ուղարկել։ Իրավիճակը, անկախ ամեն ինչից, շատ լարված է, ողջ բնակչությունը ոտքի է կանգնել, պահանջում են այդ մարդկանց տեղափոխել իրենց համայնքից»։