Օսիպյա՛ն, մի հատ թափ տվեք ձեզ. Հայկ Բարսեղյանը՝ ՀՀ ոստիկանապետին

Օսիպյա՛ն, մի հատ թափ տվեք ձեզ. Հայկ Բարսեղյանը՝ ՀՀ ոստիկանապետին
Բնապահպան Հայկ Բարսեղյանը օրեր առաջ ահազանգել էր, որ Դիլիջանի ազգային պարկի 3 անտառապահներ մոտ 40-50 գյուղացիների կողմից ծեծի են ենթարկվել: Նա տեղադրել էր համացանցում նաև ծեծված անտառապահների լուսանկարները: Ըստ Բարսեղյանի, գյուղացիները շարունակում են անտառը ապօրինաբար հատել, իսկ տղաները, որոնք նոր են անտառապահ նշանակվել, փորձում են այդ ամենի դեմն առնել:



Նշենք, որ Հաղարծինի բնակիչներն էլ հերքում էին [տեղեկությունը](https://www.hraparak.am/posts/5b504b311b95c206c5c66ef0/%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A4%D5%A5%D5%BA-%D5%A4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AE%D5%A5%D5%AE%D5%AB-%D5%A5%D5%B6-%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%BF%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D5%AC-%D5%A7-90%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%BF%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF)՝ ասելով, որ անտառապահներն իրենց ավելին են թույլ տվել, անգամ 90-ամյա տատիկի են հրել: Հայկ Բարսեղյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում նոր ահազանգ է հնչեցրել՝ ասելով, որ անտառապահները կրկին ծեծի են ենթարկվել, որոնց մեջ կին է եղել, իսկ ցավալին այն է, որ այդ ամենը կատարվել է մոտ 15 ոստիկանի ներկայությամբ, որոնք անգամ չեն միջամտել: «Խնդիրը միայն Դիլիջան ազգային պարկը չէ, այլ բոլոր անտառները, որ անխնա թալանվում են: Բայց մենք չենք կարող մեկ-երկու հոգով հարց լուծել, պետք է համակարգը փոխվի, մենք որոշել էինք Դիլիջան ազգային պարկի օրինակով փոխել ամբողջ անտառպահպանությունը, որպեսզի կաշառքն ու մաֆիան վերանա: Փաստացի ստացվում է, որ մեր ընկերները, կամավորներն իրենց կյանքը ռիսկի են դնում, իսկ ոստիկանությունն ու բնապահպանության նախարարությունը մինչև այս պահը իրավիճակը պատշաճ չեն վերահսկել»,-ասում է բնապահպանը՝ խոսքն ուղղելով ՀՀ ոստիկանապետին. «Օսիպյան, Դուք շատ վատ եք աշխատում:Ի՞նչ է նշանակում՝15 ոստիկանի ներկայությամբ քաղաքացի ծեծել ու անպատիժ մնալ, երբ ձեզ 1000 տեղից զանգում են, զգուշացնում: Էս թեմաները կարող եմ շարունակել՝ սկսած ճանապարհային երթևեկությունից: Օսիպյան, մի հատ թափ տվեք ձեզ: Հասկացեք՝ ձեզ տրվել է բացառիկ շանս, որպեսզի գործ անեք, եթե չարեցիք, կհեռացվեք»,-ընգծում է ակտիվիստը՝ նշելով, որ հաջորդ անգամ խոսքեր չեն լինելու, այլ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու՝ հասնելով մինչև ոստիկանապետի տան դուռ:



«Ինչի՞ պիտի գիշերով տղերքը զանգեն, ասեն՝ ոստիկանների ներկայությամբ մեզ ծեծում են, կրակում են: Հանուն անտառների պահպանության մենք էլ զենք վերցնե՞նք, հելնենք, կրակենք իրար վրա՞»,-ասում է նա՝ հիշեցնելով, որ կառավարությունից խոստացել են խնդրով զբաղվել եւ հորդորել են իրենց սպասել, եթե մոտ մեկ ամսից արձագանք չեղավ, անտառը հսկող կամավորներն ստիպված կլինեն լքել տարածքը: «Անտառը բիզնեսի համար չէ, անտառը մեր տունն է: Եթե կառավարությունն ի զորու չէ անտառային տնտեսությունը կարգի բերելու, ուրեմն այս ամենն անիմաստ է, եթե մենք չենք կարող ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը, ուրեմն, կներեք, թքել եմ էս անտառների վրա»,-եզրափակում է Հայկ Բարսեղյանը:



Հիշեցնենք, որ անտառպահների ծեծի հետ կապված ոստիկանությունը նույնպես հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև: Շտապ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես և դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:



Նույն օրվա երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հաղարծինի բնակչուհի, 1930 թ. ծնված Ռոզա Թ.-ն, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու նկատել է հավաքված երիտասարդների ու հարցրել է, թե ինչու են հավաքվել: Երիտասարդները պատասխանել են, թե պայքարում են ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ռոզա Թ.-ի` ինքը առաջարկել է հեռանալ իրենց թաղամասից, ինչից հետո երիտասարդներից մեկը անսպասելի հրել է նրան, ինչի հետևանքով կինը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:



Ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ տարբեր տեսակի և աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Դիլիջանի բնակիչ, 1991 թ. ծնված Հայկ Խ.-ն, Գյումրու բնակիչ, 1995 թ. ծնված Դավիթ Մ.-ն, Երևանի բնակիչ, 2001 թ. ծնված Գագիկ Ջ.-ն և Դիլիջանի բնակիչ, 2003 թ. ծնված Արծիվ Կ.-ն:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ իրենք «Բնապահպանի տուն» հ/կ անդամներն են և վնասվածքները ստացել են ժամը 17.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում տեղի ունեցած վերոհիշյալ ծեծկռտուքի երկու դեպքերի ժամանակ: Ոստիկանության ձեռնարկած անհետաձգելի ու ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքի ժամանակ երիտասարդներին մարմնական վնասվածքները պատճառել են Ռոզա Թ.-ի որդին ու թոռները:



Ոստիկանների հետագա գործողություններով Ռոբերտ, Գևորգ, Շահեն, Նվեր Մ.-երը հայտնաբերվել, բերվել են ոստիկանության բաժին ու տվել համապատասխան բացատրություններ:Միջադեպի վերաբերյալ բացատրություններ են վերցվել նաև գյուղի տասնյակից ավելի բնակիչներից: Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:Դեպքի հանգամանքները պարզվում են:Կատարվում է քննություն:



**Արևիկ Հակոբյան**