Ես այսօրվա Հայաստանում տեղի ունեցած խարդախության զոհն եմ․ բնակիչ

Ես այսօրվա Հայաստանում տեղի ունեցած խարդախության զոհն եմ․ բնակիչ
Գյումրի քաղաքի բնակիչ, 45-ամյա Գայանե Բոյախչյանը դիմել է** hraparak.am**-ին՝ խնդրելով օգնել իրեն, քանի որ հայտնվել է անհասկանալի իրավիճակում: «Ես այսօրվա Հայաստանում տեղի ունեցած խարդախության զոհն եմ: 3 երեխաների մայր եմ, ունենալով ուռուցքային հիվանդություն, դեղորայքների ձեռք բերման նպատակով կարիք ունեի գումարի: Աշխատում եմ Գյումրու հարկային տեսչությունում, ունեմ ստաբիլ աշխատավարձ, ինչը ինձ վարկ վերցնելու հնարավորություն է տալիս»,-պատմեց կինը՝ ասելով, որ varkov.am ինտերնետային կայքից տեղեկացել է Ռունա Ինֆո սահմանափակ պատասխանավությամբ ընկերության կողմից առանց գրավի տրամադրվող վարկերի մասին, հուլիսի 6-ին դիմել է այնտեղ:



«Ինձ կազմակերպության աշխատակցուհին ասաց՝ որպեսզի վարկը լինի, իրենց աշխատակցի հետ պետք է այցելեմ Հյուսիսային պողոտայում գործող Mobail Centre տեխնիկայի խանութ, որպեսզի իմ անունով ձեռք բերեն տեխնիկա և դրան համարժեք տրամադրեն վարկի գումար: Նույն օրը իրենց աշխատակցի՝ մոտ 30 տարեկան տղամարդու հետ այցելել ենք խանութ և իր ընտրությամբ, բայց իմ անձնագրով վերցրել է մեկ միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր դրամի արժողությամբ 2 հեռախոս և մեկ հեռուստացույց, որից հետո հետ ենք գնացել վարկային կազմակերպություն: Վերադառնալուց հետո ինձ մոտեցավ մի աղջիկ և կազմեց պայմանագիր այն մասին, որ նշված մեկ միլիոն յոթ հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր դրամի դիմաց ինձ կտրամադրվի մեկ միլիոն երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր ինսուն դրամ արժեքով վարկ և խնդրեց ստորագրել պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրելուց հետո ասացին, որ գումարը կտրամադրեն մեկ շաբաթից:Իմ հարցադրմանը, թե ինձ ասվել է, որ կտրամադրվի այսօր, ստացա բացասական պատասխան: Գործարքի իրականացումից հետո, արդեն 3-րդ անգամ իրենց իսկ կողմից ասված ժամկետում այցելում եմ նշված հասցե,սակայն հրաժարվում են գումարը տալ ու նշում են վճարման այլ ժամկետներ: Օֆիսում հանդիպել եմ տարբեր մարդկանց, ովքեր ամիսներ ու տարիներ շարունակ իմ կարգավիճակում են և գումարներ չեն ստացել:Նշված անձինք ասացին, որ իրավապահ մարմիններին են դիմել և ստացել են պատասխան , որ իրենք հարյուրներից մեկն են:Մինչդեռ գումարն ինձ այնքան շտապ էր պետք՝ քիմիա ընդունելու համար: Ստիպված եղա մեկ այլ տեղից ճարել »,-հուզված ասաց կինը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նույնպես նամակ է գրել՝ տեղեկացնելով այդ մասին:



Կնոջ խնդրանքն այն է, որ եթե գումարը չեն տրամադրում, գոնե իրեն հատկացնեն այն ապրանքները, որոնք տեխնիկայի խանութից վերցրել են իր անվամբ եւ ստիպված է ամեն ամիս վճարել: Մենք պարզեցինք, որ նշված վարկային կազմակերպությունը գտնվում է Երևան Մաշտոցի 1/34 հասցեում: Կապ հաստատեցինք կազմակերպության աշխատակցուհու հետ, ով 10 րոպե խնդրեց տեղեկությունը ճշտելու համար: Ավելի ուշ մեզ հետ զրուցեց կազմակերպության տնօրենը՝ Ռուբենը՝ ասելով. «Մենք գումարը հետաձգել ենք ընդամենը մեկ անգամ, որի իրավունքն ըստ պայմանագրի ունենք: Քանի որ ես քաղաքում չեմ եղել, հանգստանալու էի գնացել, մեր աշխատողներն ասել են ամսի 25-ին թող գա, գումարը ստանա: Ապրանքը արդեն վաճառքի է հանված, վերադարձնել չենք կարող, վաղը կամ մյուս օրը գումարը մեզ մոտ կլինի: Մենք առքուվաճառքի պայմանագիրը, որ կնքում ենք, կետի մեջ նշում ենք, որ եթե գումարը մեր մեղքով ուշանում է, մենք պարտավորվում ենք տուգանք վճարել »,-ասաց նա՝ ընդգծելով, որ այլևս իրենց չի վերաբերում կնոջը գումարը պետք է, թե ոչ, քանի որ տվյալ դեպքում գործարքը կնքվել է բանկի հետ, եւ վարկը չեղարկելու համար Գայանե Բոյախչյանը 7 օրվա ընթացքում պետք է դիմած լիներ բանկին:



Տիկին Գայանեն, սակայն, այս դեպքում ուշացել է, վարկի ձևակերպման օրից անցել է 2 շաբաթ: Չնայած վարկային կազմակերպությունից մեզ վստահեցրին, թե գումարը հուլիսի 25-ին պատրաստ կլինի, տիկին Գայանեն այնուամենայնիվ կասկածներ ունի: «Ստում են, թե մեկ անգամ են ձգձգել, ինձ 3 անգամ տարան ու բերին, հիմա գոնե այդ գումարը տան, որ վերցնեմ, տանեմ բանկին տամ ու 600 հզր դրամ էլ էլի պարտք կմնամ, որովհետև ձևակերպեցին 1մլն 800 հզր-ի չափ, բայց պայմանագրով տալու են մոտ 1մլն 200հզր»,-ասաց նա:



**Արևիկ Հակոբյան**