Չընտրված վերնագիր կամ ուղղակի՝ Ձեզ բաժին իմ խզբզոցից

Չընտրված վերնագիր կամ ուղղակի՝ Ձեզ բաժին իմ խզբզոցից
Ես խոսում եմ այն ժամանակ, երբ պետք է լռել, և բառս հնչում է միայն, երբ պետք է պահպանել լռության պահը: Այսպես ես խախտում եմ հավասարակշռությունը կյանքիս ու վայելում դրանից բխող հետևանքները: Այդ պահի ակնթարթները միշտ լինում են տարբեր: Նրանցից որոշները դառնում են ներկայի հետ շրջող ստվերներ և դնում իրենց կնիքը գիտակցության վրա... Բառը երգ է, բառը բեմ է, բառը պոեզիա ու գեղեցիկ արձակ է, և հենց բառից են օրհնություններն ու անեծքները ծնվում... Իմ բառը պիտի պատմություն դառնա իմ մեջ և մնա հուշերի պահոցում, որ այսօրվա մեջ չկորցնի իր հնչեղությունը: Մարդու անզգույշ օգտագործումից բառը կարող է կորցնել իր զորությունը և իր հետ նաև ոչնչացնել մարդուն... Որքան ու որքան կրոնական կազմակերպություններ են ջանասիրաբար մերժում Նարեկացու գիրը: Հսկայական գումարներ են ծաղսվում միայն այն բանի համար, որ ջնջել կարողանան մարդու միջից Նարեկացու անունն իր գրով, բայց չի ստացվում, որովհետև Նարեկացու բառը վաղուց պատոմություն է դարձել, որը գրվեց ի խորոց սրտից: Հիշու՞մ եք՝ երեկ խաչեցին, բայց այսօր դատապարտում են արդեն նրան խաչողներին:



Պիղատոսն անգամ անմասն չմնաց: Բոլորը քննադատվեցին, և այն պոռնիկը, որ ամուր կառչած մնաց տիրոջ ոտքերից, հերոսացավ ու դարձավ ապաշխարության ճշմարիտ օրինակներից մեկը մարդկության համար: Պողոս առաքյալը գուցե Պողոս առաքյալը չլիներ, եթե չունենար այդ մեծ ու անկեղծ ատելությունը Քրիստոսի նկատմամբ: Այդ ատելությունը մոտեցրեց երկուսին, և ատելությունը շրջանցող աստվածային օրհնությունը լվաց ու զորացրեց նրա հոգին, մոտեցնելով այն անմահների ճանապարհին: Այո, երեկ ստեղծվեց, բայց այսօր մենք ունենք Պողոս առաքյալ... Հասցրել եմ համոզվել, որ մեր ատելությունն անգամ անկեղծ չէ, ու մեր չստացված ատելությունը չի կարող մոտեցնել մեզ դեպի քրիստոսյան հանգստությունը: Անկեղծությունը այդպես էլ ապրելակերպ չդարձավ ու չմտավ մեր կենցաղ: Պահի ապրումները նստվածք չեղան մեր ներկայում, իսկ ընթացքը եղավ մեր կողմից ջանասիրաբար ընտրված անորոշությունը... Այսօրվա մարդու պաշտամունքի լավագույն առարկան կրկին դառնում է մարդը: Նրանց իրական սահմանները կորցնելով՝ դառնում ենք մեր երևակայության գերիները ու նվիրում երևակայական բառերը օրվա հերոսին: Ժամանակի խմբագրումները միշտ դառն են լինում, բայց իրական:



Այն շրջանցում է երբեմն մեր սուբյեկտիվ կարծիքը և պահի մեջ նվիրում այդ անցանկալի, մեծ հիասթափությունը... Լեոնիդ Ազգալդյանը, Կրպեյան Թաթուլը, Գեղազնիկ Միքայելյանը, Աբաջյան Ռոբերտն ու այսօրվա մտավորականն է իմ լսած ու պատկերացրած ամենահզոր հերոսը: Նրանք թշնամուն պարտության մատնող ապրող օրինակներ են, որոնց հետ պիտի դեռ քայլեն մեր զավակների սերունդները: Ցավոտ մի վիճակագրություն կա մեր իրողության մեջ. նրանց վերաբերյալ հրապարակված նութերը դիտվում են շատ քիչ, իսկ ա՛յ օրինակ՝ իրենց մեջ նեգատիվ պարունակող նյութերն անհամեմատ շատ են դիտվում մեր կողմից... Ինձ թվում է՝ նեգատիվը օրվա պահանջ է դարձել, քանի որ մեր եսում ապրող նեգատիվը միշտ սնվել է ուզում՝ ճզմելով իր մեջ լուսավոր գույները կյանքի: Ֆոլքներն էր ասում. -Ես չեմ խոսել մարդու բացարձակ կատարելության մասին, ես ասել եմ միայն, որ մարդը կհաղթանակի, և դրա համար նա պետք է փորձի դառնալ ավելի լավը: Ահա՛ այս սկզբունքով պիտի զորացնենք մեր եսերը: Հավատը պիտի ճզմող լինի այդ ներսում բնակեցված նեգատիվով սնվող հրեշին: Մեր հերոսների ընթացքը մեր իսկ ընթացքի պես անկատար է եղել, բայց հերոսացրեց նրանց անկեղծությունը... Անկեղծությունը գնահատելի, բարի դեմքով մի պարզություն է, որից նեղանալը ազնիվ չէ: Պիտի սիրել կարողանանք այդ անկեղծությանը, որ մեր անգույն եսակենտրոն, եսապաշտ եսերը պատվեն կյանքի ճշմարիտ գույներով... Հիշե՛ք՝ երեկ նրան խաչը հանեց մարդու մի տեսակ, որը այսօր ավելի զորացել ու կատարելագործվում է մեր անհավատության հաշվին... Հիմա իսկապես վախենում եմ նրա երկրորդ գալստից: Ոչ մեղավորիս, այլ նրա մարմինը ոչնչացնող, այսօրվա կատարելագործված հրեշային ռումբերից: Երեկվա մեխը մի լավ մշակվել ու արդեն ռումբ է դարձել, իսկ հրեշը՝ բոլորին ժպտացող բարի դեմքով «աստվածապաշտ» մի սատանա....



**Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ**