Ոչ ոք այդպես էլ չի հասկացել ո՛չ այցի էությունը, ո՛չ բովանդակությունը․ Քաղաքագետը՝ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին

Ոչ ոք այդպես էլ չի հասկացել ո՛չ այցի էությունը, ո՛չ բովանդակությունը․ Քաղաքագետը՝ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին
The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցին՝ նշելով, որ ոչ ոք այդպես էլ չի հասկացել ո՛չ այցի էությունը, ո՛չ էլ օրակարգի բովանդակությունը:



Արեգ Գալստյանը մասնավորապես գրել է.



«Իմ կողմից շատ հարգված Արթուր Մարտիրոսյանը (բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյան) ժողովրդի ծառա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին ճիշտ ու տեղին հարցեր է տալիս, եւ ես նույնպես կուզենայի լսել դրանց պատասխանները: Սակայն բացի ֆինանսական բնույթի հաշվետվությունից, ես` որպես ամերիկագետ, կցանկանայի ուշադրություն դարձնել բովանդակային բնույթի մի շարք ծայրահեղ անթույլատրելի բաների վրա:



Առաջին՝ նա չանցկացրեց բարձր մակարդակի ոչ մի լուրջ հանդիպում: Մայք Պոմպեոյի մակարդակի բարձր նշաձողը, ում հետ ավելի վաղ հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանը, նա իջեցրեց մինչեւ արտաքին քաղաքականության համար պատասխանատվություն չկրող Ստորին պալատի միջին օղակի կոնգրեսականների մակարդակ: Խոսելու բան չկա՞ր Մայք Փենսի հետ: Ուրեմն ինչո՞ւ են հարկատուների փողերը վատնել պետականության տեսակետից անօգուտ այցի համար:



Երկրորդ՝ արտաքին քաղաքականության վրա ոչ մի ազդեցություն չունեցող կոնգրեսականների հանդիպման ժամանակ ժողովրդի ծառան հրապարակ նետեց շատ հետաքրքիր առաջարկություն՝ կապված ԱՄՆ նախագահ Թրամփի ու Փաշինյանի՝ ՄԱԿ-ի տիրույթներում հանդիպման անհրաժեշտության հետ: Ի՞նչ վատ բան կա դրանում: Պատասխանեմ.



Ա. Օրենսդիր համակարգի նկատմամբ վիրավորանք, քանի որ կոնգրեսականները նախագահի քարտուղարները չեն, եւ նրանք չեն կազմակերպում վերջինի հետ հանդիպումները: Կոնգրեսն իշխանության ճյուղ է, որը կախում չունի գործադիր իշխանությունից, իսկ նրա անդամները հաշվետու են ոչ թե նախագահին, այլ շրջաններում ու նահանգներում իրենց ընտրողներին: Վերցրեք ԱՄՆ Սահմանադրությունը, որպեսզի գոնե փոքր-ինչ պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է ամերիկյան պետությունը, եւ ինչպես են այնտեղ ընդունվում քաղաքական որոշումները:



Բ. Դեմոկրատական կուսակցությանը հասցված վիրավորանքը: Կենտրոնում նստած էր հայկական շահերի վաղեմի լոբբիստ Ֆրենք Փելոունը, որը ոչ թե պարզապես Թրամփի կուսակցական հակառակորդն է, այլեւ նրա անձնական թշնամին: Ես տեսա, թե ինչպիսի անհասկացվածությամբ նա ընդունեց ժողովրդի ծառայի խոսքը, որի ավարտից հետո պարզապես լայն ժպտաց: Դե, այո՛, դեմոկրատի հետ խոսել հանրապետական նախագահ Թրամփի ու Փաշինյանի հանդիպման կարեւորության եւ անհրաժեշտության մասին «բարձրագույն քաղաքական թռիչք է»:



Գ. ՄԱԿ-ի շրջանակում: Հարգելի՛ ժողովրդի ծառա, ՄԱԿ-ի շրջանակում Թրամփին յուրաքանչյուրը կարող է տեսնել, դրա համար մեծ ջանքեր պետք չեն, առավել եւս՝ դրա մասին պետք չէ խոսել կոնգրեսականների հետ, որոնք այդ կազմակերպության հետ ոչ մի ինստիտուցիոնալ առնչություն չունեն: Դուք, ավելի լավ է, Նահանգներ քաղաքական օրակարգ տանեիք, որպեսզի այն քննարկեիք փոխնախագահի հետ, եւ իրական աշխատանքի հիման վրա նախապատրաստեիք վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Սպիտակ տուն:



Բարդ սխեմա եք ընտրել՝ Վաշինգտոնում փորձելով հանդիպում կորզել Նյու-Յորքում ՄԱԿ-ի սոուսի ներքո:



Եվ Հայաստանը, կարծես, ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ ունի, ով լիազորված է զբաղվել նման հարցերով:



Երեկ ես խոսել եմ Ամերիկայում իմ գործընկերների եւ մի շատ մտերիմ ընկերոջ հետ, որն ԱՄՆ Սենատում ազդեցիկ հանրապետական գործչի աջ ձեռքն է:



Ոչ ոք այդպես էլ չի հասկացել ո՛չ այցի էությունը, ո՛չ էլ օրակարգի բովանդակությունը: Առավելագույնը, ինչի նա հասել է, Հայաստանի պետական ընկալման նվազեցումն էր, ինչից անպայման հերթական անգամ կօգտվի Ադրբեջանը: Նրանց ԱԳ նախարար Մամեդյարովն արդեն հանդիպումներ է անցկացրել պետքարտուղար Պոմպեոյի, պաշտպանության նախարար Մեթիսի ու նախագահի խորհրդական Ֆիոնա Հիլի հետ: Սեպտեմբերին սպասվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու նախագահ Ալիեւի աշխատանքային այցերը ԱՄՆ»: