Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկը Ֆրանսիայից եկել է, հետազոտել նրան

Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկը Ֆրանսիայից եկել է, հետազոտել նրան
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, թեպետ ստանում է համապատասխան բուժօգնությունը։ Այս մասին **«Հրապարակ»**-ին հայտնեց նրա շահերի պաշտպաններից Արայիկ Ալվանյանը։



«Ոնց ընդհանուր կա, այդպես է։ Բուժօգնություն ստանում է, բայց էնտեղ ի՞նչ պիտի անեն, թոքի կեսը չկա, չորս պատի մեջ։ Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար դիմել ենք, ընթացքի մեջ է։ Իրեն բուժող բժիշկը Ֆրանսիայից եկել է, այս խորհրդատվությունը գնում է այս փուլում»,-նշեց պաշտպանը։



Ալվանդյանի խոսքով՝ Գրիգորյանի կալանավորման որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, սակայն Վերաքննիչը առաջին ատյանի որոշումը թողել է նույնը․ «Վերաքննիչը թողել էր նույնը, Վճռաբեկի ճանապարհին է»։



Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ:



Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։



**Աննա Պապիկյան**