«Նաիրիտի» խոշոր պարտատերերը փաստաթուղթ են ստորագրել աուդիտ անցկացնելու մասին

«Նաիրիտի» խոշոր պարտատերերը փաստաթուղթ են ստորագրել աուդիտ անցկացնելու մասին
Հուլիսի 19-ին «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտատերերը վերջապես հավաքվեցին գործարանի շենքում: 2 ժամ տևած բուռն քննարկումից հետո սնանկության խորհուրդը վերջապես որոշում կայացրեց. «Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ է սկսվելու: Գործարանի պարտատերերից ոչ բոլոր ցանկացողներին են ներս թողել, այլ միայն նրանց, ովքեր մուտքի մոտ ցույց են տվել սնանկության կառավարչից ստացած մանսակցության հրավերը: «Գնացի գործարան,բայց քանի որ սնանկության կառավարիչի նամակը չէի ստացել ներս չեմ մտել», - ասում է պարտատերերից Թամարա Միրազիզյանը: Նրան և նրա որդուն «Նաիրիտ» ՓԲԸ-ն պարտք է ընդամենը 1 մլն 124 000 դրամ:



«Իհարկե, լավ կլիներ հնարավորինս շուտ ստանալ այս գումարը, բայց վերագործարկման հարցը, կարծում եմ, առաջնային է։ Կարեւորը, որ խոշոր պարտատերը ստորագրել են փաստաթուղթ, համաձայնել էին ներդրողների աուդիտի անցկացմանը։ Որքան գիտեմ, չորեքշաբթի արդեն փորձագետները կարող են մտնել գործարան»,- ասում է Թամարա Միրազիզյանը։ Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանում ներդրումներ անելու իրավունքի համար տարիներ շարունակ պայքարած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» և «SynCo Group» սլովենական ընկերությունները վերջապես ստացել են կառավարության համաձայնությունը և հուշագիր են ստորագրել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ, որի համաձայն ներդրումային ծրագրեր են ներկայացնելու ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում նաև դիտարկելու են «Նաիրիտ» աշխատացնելու հնարավորությունը: Սլովենական կազմակերպությունը նախատեսում է մինչև 300 մլն դոլարի ներդրում կատարել «Նաիրիտում»: Միաժամանակ, այս ընկերության հանդեպ Հայաստանում կա որոշակի անվստահություն:



Դեռևս 2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք նրա աշխատակազմը տեղեկություն էր տարածել, որ հայազգի գործարար Աշոտ Գրիգորյանի ղեկավարած «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնը» ֆինանսական ցածր ցուցանիշներ ունի և նրա հետ բացառիկ իրավունք շնորհող փաստաթղթեր ստորագրելը վտանգավոր է: Աշոտ Գրիգորյանը մի քանի անգամ հերքող պատասխաններ է գրել ՀՀ նախկին կառավարությանը: «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը ներգրավված է աուդիտ անցկացնող փորձագետների խմբում: Նրան մի քանի հարց տվեցինք:



**-Քան՞ի մարդ էր մասնակցում ժողովին խոշոր պարտատերերից և ինչպե՞ս, ի՞նչ մթնոլորտում ընդունվեց աուդիտի անցկացման որոշումը:**



-Նախնական քննարկումը եղել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի մոտ: Նա մեզ հայտնեց, որ պատրաստ է օժանդակել ամեն ինչով, որպեսզի մտնեք գործարան: Խոսքը միայն տեխնիկական աուդիտի մասին է:



Հուլիսի 19-ին «Նաիրիտ» գործարանում կայացավ ժողովին, որին մասնակցում էին պարտատերերն ու սնանկության խորհրդի անդամները, մոտ 10-12 պահանջատերեր էին հավաքվել, որոնք գումարային պահանջներ ունեն գործարանին:



**-Ինչպիսի՞ն էր խորհրդի անդամների դիրքորոշումը և ի՞նչ է լինելու հիմա:**



-Խորհրդի 5 անդամներից ներկա էին 4 հոգի և բոլորը դրական եզրակացություն տվեցին, միաձայն: Հիմա դիմելու են դատարան, ստանան դատարանի որոշումը «Նաիրիտում» տեխնիկական աուդիտ անցկացնելու վերաբերյալ: Ուրբաթ օրը սնանկության կառավարիչը որոշումը հանձնել է դատավորին, և եթե երեք օրվա ընթացքում չբողոքարկվի, դատավորը ավտոմատ որոշում է կայացնում, և փորձագետները սկսում են ուսումնասիրությունները: Մենք այսօր արդեն երեք հայ փորձագետներով և Սլովենիայի երկու ներկայացուցիչների հետ արդեն մտել ենք գործարան:



**-Ի՞նչ տպավորություն եք ստացել, շա՞տ բան է թալանվել:**



-Տպավորությունը բավականին լավ է: Ես արդեն կարող եմ 50/50-ի ասել, որ «Նաիրիտը» աշխատացնելու բազա կա: Հիմնական տեխնոլոգիական մասերը, որ կան, պահպանված են: բայց կան պահեստամասեր, որոնք պետք են լիբնելու մեզ աշխատանքի ժամանակ, դրանք չկան: Չկան նաև կոմունիկացիոն կապերը, որ քանդել, տարել են: Դրանք պետք է էլի վերականգնենք:



Դա լրացուցիչ ծախս է մեզ համար, բայց այնպիսի կորուստ չի, որը չկարողանանք վերականգնել: Եթե տեխնոլոգիական գծերից մի բան տարած լինեին, մեզ համար շատ դժվար կլիներ վերականգնելը; Ի՞նչ ժամանակում կավարտեք աոււդիտը: Երեք ամսում աուդիտը մենք կավարտենք:



**-Այս աուդիտը չ՞ի առնչվելու «Նաիրիտ» գործարանի պարտքերի գոյացման մեխանիզմներին, այն հարցին, թե ինչպես «Նաիրիտը» հասավ աղետալի վիճակի:**



-Ոչ, սրանով միայն տեխնիկական վիճակն ենք պարզում գործարանի, որի արդյունքում մենք կիմանանք, թե այն նախնական առաջարկը, որ մենք արել ենք, որ մոտավորապես մի 80-90 մլն դոլարով կվերականգնենք գործարանը, այսօր ինչքան պետք է ավելանա, ինչքան ժամանակ կպահանջվի և ներդրողներին ձեռնտ՞ու է լինելու «Նաիրիտը» աշխատացնել, թե չէ: Այսօր ներդրողները պատրաստ են մինչև 300 մլն դոլար «Նաիրիտի» վրա գումար դնել: Նրանք մտադիր են ավելացնել «Նաիրիտի» հզորությունները, արտադրել ոչ միան այն, ինչ նախկինում այստեղ արտադրվել է, այլև նոր տեսականի: Ուզում են «Նաիրիտում» նաև փոքր քիմիա զարգացնել, որը կարող է մեծ հեռանկար ունենա:



**Սյուզան Սիմոնյան**