Բարի ընթացք, «Զանգակ» գրատուն

Բարի ընթացք, «Զանգակ» գրատուն
Հետաքրքիր ու փոքր-ինչ տարօրինակ ճակատագրեր են ունենում Երեւանի գրախանութները՝ ժամանակ առ ժամանակ հայտնվում են, անսպասելիորեն կամ աննկատ հեռանում: Անկասկած, Երեւանում բացված յուրաքանչյուր նոր գրախանութ ձեռքբերում է քաղաքի համար, հետաքրքրական միջավայրի ձեւավորման մի նոր հույս: Աբովյան 7 հասցեում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում, պաշտոնապես բացվեց «Զանգակ» գրատունը, որը հավակնում է լինել քաղաքի ամենագեղեցիկ ու հաճելի վայրերից մեկը. գրախանութ, որտեղ կարող ես առանց ավելորդ խութերի ու արգելանքների տեղաշարժվել, ընտրել քո ուզած գիրքը, նստել, ուսումնասիրել այն, սուրճ խմել, երկրորդ հարկի պատուհաններից հետեւել փողոցի անցուդարձին:



Աբովյան փողոցում արդեն երեք գրախանութ է գործում՝ «Արտ Բրիջը», «Նոյյան տապանը» եւ «Զանգակը», եւ, ինչ խոսք, սա չափազանց ուրախալի եղելություն է: Գուցե ժամանակի ընթացքում Աբովյան փողոցը դառնա գրականության, գրքի բովանդակ ներկայության ուշագրավ հարթակ, որտեղ կանցկացվեն փառատոններ, անգամ գրքի բաց տոնավաճառներ: Աբովյան փողոցում գործող գրախանութների միջեւ իրական ու ծավալուն համագործակցության, դրական մրցակցության հնարավորությունները եւս մեծանում են:



Իհարկե, ժամանակակից գրախանութների առջեւ նոր մարտահրավերներ են ծագում, օր օրի ավելանում են օնլայն գնումների տարածքները, փոխվում են ձեւաչափերը, եւ գրախանութներն իրենց կենսունակությունը, ինչու չէ՝ նաեւ գոյությունը պահպանելու համար այընտրանք չունեն, քան որդեգրել նոր մոտեցումներ, նոր գաղափարներ: Գրախանութներն այլեւս չեն կարող միայն գրքի առքուվաճառքի կենտրոններ լինել, այսուհետ կարեւորվելու են յուրահատուկ միջավայր ապահովելու նրանց ընդունակությունն ու այդ ընդունակության առարկայական արդյունքը: Էական է լինելու գրախանութի ներքին հարդարանքը, սպասարկման գրագիտությունը, գրադարակների ձեւավորումը, անգամ աննշան թվացող մանրուքներն են էական լինելու՝ ստեղծարար միտքը, գրքերի տեսականին ու ժանրային բազմազանությունը, անցկացվող միջոցառումների բնույթն ու ձեւը:



Երեւանի գրախանութներից երեւի թե ամենատարեցը Մաշտոցի 20 հասցեում գործող «Բուկինիստ» գրախանութն է, ըստ էության՝ այս պահին Երեւանը կարիք ունի հենց հիմնավոր գրախանութների, այնպիսի գրախանութների, որոնք ավանդույթներ են ստեղծում: Հետեւողական աշխատանքի եւ ստեղծարար մոտեցումների արդյունքում Աբովյան 7 հասցեում բացված «Զանգակ» գրատունն իսկապես կարող է ավանդույթ ստեղծել՝ գրքի հետեւից գնալու, գրքի շուրջ մտածելու ամուր ավանդույթ:



**Արամ ՊԱՉՅԱՆ**