Խորեն Հովհաննիսյանի թեկնածուն Արթուր Վանեցյանն է

Խորեն Հովհաննիսյանի թեկնածուն Արթուր Վանեցյանն է
Դեռեւս հունիսի 30-ին Սեւանի «Հարսնաքարում» տեղի ունեցած ՀՖՖ ժողովի նիստից հետո Ռուբեն Հայրապետյանը վստահաբար հայտարարում էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնը չի պատրաստվում լքել, սակայն այսօր ՀՖՖ-ում, կարծես թե, ճամպրուկային տրամադրություն է, մանավանդ՝ վերջինս հայտարարեց, որ եթե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր թեկնածությունն առաջադրի ՀՖՖ նախագահի՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններում, ինքը կսատարի Վանեցյանին եւ չի դնի իր թեկնածությունը, իսկ ԱԱԾ տնօրենն էլ հայտարարեց, որ չի կարող թաքցնել ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր ցանկությունը եւ որ մտածում է այդ ուղղությամբ։ Այնուհետ մի շարք ակումբներ սկսեցին պաշտպանել Վանեցյանի թեկնածությունը, որոնց շարքում էլ առաջինը Հայրապետյանի երդվյալ ախոյան Արման Սահակյանին պատկանող «Շիրակն» էր։ Այս ամենից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ սեպտեմբերին ԱԱԾ տնօրենը կղեկավարի նաեւ ՀՖՖ-ն, չնայած այն բանին, որ ֆուտբոլի հետ նրա միակ առնչությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասի նման պարզապես սիրում է այդ մարզաձեւը։ Բայց բանից պարզվում է՝ Վանեցյանից այլ ակնկալիքներ կան։ Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն էլ է կարծում, որ Վանեցյանն ամենահարմար թեկնածուն է, թող գա եւ իր աղմկահարուց բացահայտումների շարքը շարունակի նաեւ ֆուտբոլում․



«Եթե ասում են, որ Վանեցյանը պետք է լինի, ես 2 ձեռքով կողմ եմ, թող Վանեցյանը գա՝ տեսնենք, թե ինչ է կատարվում, բոլորս էլ ուրախ կլինենք, կտեսնենք վերջապես, թե մեր ֆուտբոլում էդ ինչեր են կատարվում։ Դե ի՞նչ վատ է, որ ֆուտբոլ սիրող մարդ է, կողքից մարդիկ կբերի՝ կղեկավարեն, բայց հիմնականում, ինձ թվում է, ինքը կզբաղվի էդ հարցով, բոլորիս էլ հետաքրքիր է, չէ՞, ինչ է կատարվում, ավելի լավ չէ՞, որ Վանեցյանի նման մարդ գա, որովհետեւ էնտեղ արդեն բոլորն իրարից վախենում են, էլի»։



Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչ է կարծում՝ ֆուտբոլի ներկայիս վիճակի մեղավորը միայն Ռուբեն Հայրապետյա՞նն է՝ նկատի ունենալով, որ նա էլ հայտարարում է, թե բավականին ձեռքբերումներ կան, ֆուտբոլի դաշտեր ու մարզադպրոցներ է կառուցել, ակադեմիաներ է հիմնել, հավաքականն էլ իր օրոք բազմիցս հաղթանակներ է գրանցել։ «Փաստորեն, էդպես է ստացվել, էլի, մինչեւ հիմա։ Շինարարական կազմակերպություն հո չի՞, որ միայն ֆուտբոլի դաշտ սարքելով զբաղվի, դե, եթե շինարարություն է, թող գնա շինարարությունով զբաղի, ֆուտբոլն ի՞նչ է անում։ Ֆուտբոլն ի՞նչ է, ֆուտբոլ խաղալու համար մասնագետներ են պետք, թող մասնագետներ հրավիրի, պարզ է նաեւ, որ պետք է դաշտեր ունենանք, բա ո՞վ պիտի սարքեր էդ դաշտերը»։



Հովհաննիսյանին հարցրինք նաեւ հայկական ֆուտբոլի մի շարք աղմկահարույց վիճաբանությունների եւ հատկապես «Շիրակ» ակումբի անդամակցության դադարեցման վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ Վանեցյանն այդ հարցերի վրա էլ է լույս սփռելու․ «Դե թող Վանեցյանը գա, մենք էլ, բոլորս էլ կողմ ենք։ Մինչեւ հիմա ոչ մեկս էլ չգիտեինք, թե ինչ է կատարվում։ Թող գա պարզի, թե ինչ է կատարվում, ժողովուրդն էլ կհանգստանա, թող իմանան՝ ակումբնե՞րն են մեղավոր, թե՞ ֆեդերացիան է ինչ-որ հարցեր լուծում։ Հասկանում եք՝ էդ հարցերը կփակվեն, մենք էլ հոգնեցինք արդեն»։



Որպես ՀՖՖ թեկնածուի, վերջերս շրջանառվում էր նաեւ Յուրի Ջորկայեֆի անունը։ Հովհաննիսյանը նրա տարբերակին էլ դեմ չէ, բայց, ինչպես ասում են, Վանեցյանը մնում է Վանեցյան․ «Թող Ֆրանսիայում աշխատի, Ֆրանսիայում խի՞ չեն տալիս, թող էնտեղ աշխատի։ Ես ուրախ կլինեմ, թող գա աշխատի, եթե ինքը կարող է գա ու մեր ֆուտբոլը բարձրացնի։ Բայց իմ համար ամենալավ թեկնածուն Արթուր Վանեցյանն է։ Մարդը թող գա ու էնտեղ բոլորին հասկացնի, ու մենք էլ իմանանք, էլի, թե ֆուտբոլում ինչ է կատարվում։ Որովհետեւ ամեն մեկը մի բան է գոռում՝ էս սենց ա, էն նենց ա, կոռուպցիա, էս մեկը տոտալիզատոր ա։ Ավելի լավ չի՞, թող գա, էդ գործն իր ձեռքը վերցնի, որոշի, թե ով է մեղավոր։ Բոլորը գոռում են՝ բա Մալթան եկավ, մեզ կրեց գնաց, եկան սենց արեցին, նենց արեցին եւ այլն։ Ավելի լավ, թող էս մարդը բացահայտի»։



Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանի եւ Խորեն Հովհաննիսյանի հարաբերությունները երբեւէ աչքի չեն ընկել առանձնակի ջերմությամբ, ոչ վաղ անցյալում Հայրապետյանը նույնիսկ Հովհաննիսյանին «տոտալիզատոր» է անվանել, Հովհաննիսյանն էլ բազմիցս քննադատել է Հայրապետյանին։ «Ես ուրախ կլինեմ, որ ինձ քննադատեն, բայց Արման Սահակյանն ու Խորեն Հովհաննիսյանն ի՞նչ իրավունք ունեն ինձ քննադատեն։ Էն օրը Խորեն Հովհաննիսյանը ֆուտբոլը դրել քննադատում էր, որ մինչեւ հիմա տոտալիզատորի պատուհանից ա ֆուտբոլը նայում»,- ասել է Հայրապետյանը։



**Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ**