Քաղաքապետի մեքենան ոչ թե գազով, այլ բենզինով է. թյուրիմացություն է տեղի ունեցել

Քաղաքապետի մեքենան ոչ թե գազով, այլ բենզինով է. թյուրիմացություն է տեղի ունեցել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային ակտիվիստները, ըստ մեզ հասած տեղեկությունների, պատրաստվում են բողոքի ակցիաների շարք սկսել՝ վեր հանելով ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի պաշտոնավարման ընթացքում կատարված, իրենց ձեւակերպմամբ՝ չարաշահումներն ու զեղծարարությունները։ Օրինակ, խումբը նախնական ուսումնասիրություններով պարզել է, թե իբր քաղաքապետարանը ծառայողական մեքենաների բենզինի համար մոտ մեկ տարվա կտրվածքով մեկ միլիոնից ավելի գումար է հատկացրել, մինչդեռ իրականում այդ մեքենաներն աշխատում են գազով։



Մենք քաղաքապետի խորհրդական Գեւորգ Փթուկյանից հետաքրքրվեցինք՝ քանի՞ ծառայողական մեքենա ունի համայնքապետարանը, եւ արդյոք դրանք բենզինո՞վ են շահագործվում: Նա ասաց, որ համայնքապետարանն ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի, որը սպասարկում է քաղաքապետին, մեքենան արտասահմանյան մակնիշի, միջին կարգի մեքենա է (մակնիշը չհիշեց), գազով, որը ձեռք է բերվել Վարագյանի պաշտոնավարումից առաջ: Մենք պարզեցինք, որ մեքենան Toyota Camry է, իսկ թե ինչքան գումար է դուրս գրվում տարեկան կտրվածքով այդ մեքենայի գազի համար, խորհրդականը չկարողացավ ստույգ թիվ նշել՝ առաջարկելով դիմել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժին: Խորհրդականի հետ զրույցի հաջորդ օրը, երբ դիմեցինք հիշյալ բաժին, մեզ հայտնեցին, թե թյուրիմացություն է տեղի ունեցել, քաղաքապետի մեքենան իրականում շահագործվում է ոչ թե գազով, այլ՝ բենզինով: Իսկ բենզին քաղաքապետարանը ձեռք է բերել պետգնում հայտարարելով ու շուկայականից 50 դրամ ցածր գնով: Մրցույթում հաղթած ընկերությունը CPS-ն է:



Վերստին դիմեցինք պրն Փթուկյանին, ով ներողամտություն հայցեց չճշտված տեղեկություն հայտնելու համար՝ ընդգծելով. «Ես ո՛չ մեքենա եմ ունեցել, ո՛չ էլ գարաժի վարիչ եմ, որ գիտենամ: Դրանք ֆինանսական հարցեր են, որոնց պետք է պատասխանի համապատասխան բաժինը: Ես իմ ենթադրությամբ մտածել եմ, որ գազով է, եւ այդպես էլ ասել եմ, թյուրիմացություն է տեղի ունեցել: Ես զբաղվում եմ այլ խնդիրներով, եւ այդ հարցին պատասխանելն իմ պազիցիայի շրջանակում չէր»: Ի դեպ՝ պարզեցինք, որ նախորդ քաղաքապետ Արսեն Աբրահամյանի օրոք քաղաքապետին սպասարկող հիշյալ մեքենան դարձյալ բենզինով է շահագործվել: Մենք ուսումնասիրեցինք նաեւ համայնքապետարանի գնումների 2018 թ. պլանը, որում մասնավորապես նշվում է, որ 450 դրամով էլ նախատեսված է ձեռք բերել ընդհանուր առմամբ 3700 լիտր, 1 մլն 665 հազար դրամի ռեգուլյար տեսակի բենզին: Ըստ գնումների պլանի՝ այլ ծախսեր էլ են նախատեսված, մասնավորապես, ավտոմոբիլային պարկի ծառայողական մեքենայի վերանորոգման եւ պահպանման ծառայության համար՝ 150 հազար դրամ, ավտոմեքենաների պահեստամասերի վրա՝ 350 հազար, ավտոմեքենաների տեխնիկական ստուգման ծառայությունների համար՝ 22 հազար դրամ:



Երբ Փթուկյանին հայտնեցինք «ՔՊ»-ականների նախաձեռնության մասին, նա այսպես արձագանքեց. «Ոչ մի չարաշահում էլ չկա, հեքիաթներ են, թող ապացուցեն, բացահայտեն, որ չարաշահումներ կան: Մեզ մոտ ամեն ինչ բաց է, թափանցիկ: Եվ այն մարդիկ, ովքեր այսօր բողոքներ են ներկայացնում, թող ավագանու անդամ ընտրվեին, քաղաքապետարանի անցուդարձին տեղյակ լինեին ու նոր կասկածներ հայտնեին: Իսկ այսօր Արթիկում մարդ կա, ով անգամ իր ընտանիքի անդամների ձայները չունի, այսօր դարձել է «Քաղպայմանագրի» անդամ, դարձել է մի գիգա՜նտ, մի գիտնակա՜ն, հավակնություններ ունի: Անունը պիտի ասեի, բայց զսպում եմ ինձ, չեմ ասի...: Կրկնում եմ՝ եթե ինչ-որ մարդիկ ասելիք ունեն, թող գան, բացահայտ նստեն քաղաքապետի առաջ, ասեն՝ սա այսպես է, սա այսպես չէ, այստեղ թերացում, սխալ կա կամ չկա եւ այլն: Թե ինչու են գաղտնի, թաքուն ինչ-որ բաներ մտմտում՝ անհասկանալի է»: Փթուկյանը նշեց նաեւ, որ ամիսներ առաջ մարզպետարանի ներկայացուցիչներից կազմված համապատասխան հանձնաժողովը ստուգումներ է իրականացրել քաղաքապետարանում եւ ոչ մի խախտում էլ չի հայտնաբերել: Քաղաքապետարանի աշխատակազմից հեռացված աշխատակիցներից մեկը բողոք է ներկայացրել չարաշահումների վերաբերյալ, եւ այդ բողոքի հիման վրա էլ իրականացվել են ստուգումները: Արթիկում խոսում են, թե հանձնաժողովը «կեղտ չի կարեցել բռնել կամ էլ բռնել՝ ընթացք չեն տվել», քանի որ Վարագյան ընտանիքը քավոր-սանիկական կապեր ունի Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հետ:



**ՀԳ**. Մենք այլ աղբյուրից պարզեցինք նաեւ, որ քաղաքապետարանին պատկանող մեկ մեքենա էլ կա` աղբատար, որը, որքանով տեղյակ ենք, դիզվառելիքով է։ Այն հանձնված է աղբահանություն իրականացնող կազմակերպությանը, սակայն այդ աղբատարի ծախսերը քաղաքապետարանից չեն փակվում, այլ աղբահանություն իրականացնող կազմակերպությունից: Եվս մեկ մեքենա` Mersedes Sprinter միկրոավտոբուսը, որը նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Ֆրանսիայից քաղաքին նվեր է բերել, գտնվում է «Քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ի բալանսում: Այն համայնքի երեխաների մասնակցությամբ միջոցառումների համար է շահագործվում:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**