Մթոմ էն ժամանակ որ ՀՀԿ էինք դառնում, գաղափարի համա՞ր էր

Մթոմ էն ժամանակ որ ՀՀԿ էինք դառնում, գաղափարի համա՞ր էր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է մոդայիկ կուսակցություն, որին թավշյա հեղափոխությունից հետո անդամագրվելը շատերը դիտարկում են որպես «իմունիտետ», որը կապահովի նրանց ե՛ւ աշխատատեղով, ե՛ւ կարիերայում առաջխաղացմամբ: «ՔՊ»-ին անդամագրվեու համար այժմ, ինչպես ասում են, մարդիկ հերթ են կանգնում, ինչպես 90-ականներին ՀՀՇ-ին, ապաեւ ՀՀԿ-ին էին անդամագրվում՝ առանց խորամուխ լինելու կուսակցության դավանած արժեքների եւ գաղափարախոսության մեջ:



Նկատենք, որ «ՔՊ»-ին անդամագրվելու հայտ են ներկայացնում նաեւ երբեմնի ՀՀԿ-ականները, ովքեր շարքային անդամ են եղել, եւ նրանց ծառայությունը կուսակցությանը եղել է հիմնականում ընտրությունների ժամանակ ձայներ բերելն ու կուսակցության օգտին աշխատելը: Մասնավորապես, Արթիկից տեղեկություն ստացանք, որ նախորդ ԱԺ եւ ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի համար աշխատած «թաղային հեղինակություններն ու տասովչիկները» խցկվել են «ՔՊ» եւ այժմ աշխատում են ընդդեմ ՀՀԿ-ի՝ «սոցցանցերում եւ բերանացի արատավորող տեղեկություններ են տարածում սրա-նրա հասցեին»: Մենք տեղեկացանք, որ ՀՀԿ-ն լքելու գործընթաց է սկսվել պետական գրեթե բոլոր հիմնարկներում, մասնավորապես՝ նաեւ Երեւանի քաղաքապետարանում: Այդտեղի աշխատակիցներից մեկը մեզ հայտնեց, որ երբ դիմել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության գրասենյակ՝ կուսակցությունից դուրս գալու դիմում տալու համար, աշխատասենյակի անկյունում տեսել է «մի քանի բուխտ» անդամատոմսեր ու դիմումներ: Դրանք եղել են ՀՀԿ-ից դուրս եկածների «հանձնած» անդամատոմսերը:



Մեր զրուցակիցը հայտնեց, որ ՀՀԿ-ին անդամագրվել է երկու տարի առաջ. «Եկել ասել են, որ դիմում գրենք, լուսանկար բերենք ՀՀԿ անդամակցության համար: Մենք էլ ամբողջ բաժնով ցուցումը կատարել ենք, մի ամիս անց էլ, մեզանից անկախ, դարձել ենք կուսակցական, անդամատոմս ստացել»: Իսկ այժմ ինչո՞ւ եք ուզում «ՔՊ»-ին անդամագրվել, գաղափարախոսությո՞ւնն է ձեզ հոգեհարազատ, թե՞ այլ պատճառ կա: «Մթոմ էն ժամանակ որ ՀՀԿ էինք դառնում, գաղափարի համա՞ր էինք դառնում»,-բազմանշանակ ասաց մեր զրուցակիցը: Մենք հարցուփորձ արեցինք ՀՀԿ երեւանյան կառույցների աշխատակիցներին՝ պարզելու, թե շա՞տ են կուսակցությունից դուրս եկողները:



Աջափնյակի ՀՀԿ տարածքային կազմակերպությունից, որի խորհրդի նախագահն ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանն է, մեզ ասացին, որ լինում են ե՛ւ դուրս գալու, ե՛ւ անդամագրվելու դիմումներ: Թե քանի դիմում է ներկայացվել, դժվարացան հայտնել՝ նշելով, որ «դուրս եկողներն անհամեմատ շատ են»: Շենգավիթ տարածքային կազմակերպությունից էլ (խորհրդի նախագահ՝ Մարտին Սարգսյան) ասացին, թե դուրս գալու ակտիվ գործընթաց չի նկատվում, օրական մեկ-երկու դիմում է լինում, սակայն անդամագրման համար որեւէ դիմում չի ներկայացվել վերջին շրջանում:



Դիմեցինք նաեւ Մեսրոպ Պապիկյանին՝ «ՔՊ» մարդկային ռեսուրսների խմբի ղեկավարին: Նա բավարարվեց ընդամենը նշելով՝ անդամագրումները, այո՛, բավականին ակտիվ են, եւ առաջարկեց առավել մանրամասն տեղեկությունների համար գրավոր հարցում ուղարկել: Նա ավելի վաղ մեզ հայտնել էր, որ կուսակցության շարքերն ընդունվելու համար դիմումատուները, այսպես ասած՝ ֆիլտրում են անցնում, եւ ամեն ոք չէ, որ դիմում ներկայացնելուց հետո ընդունվում է կուսակցության շարքերը: Սա կարեւոր հանգամանք է եւ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ, որպեսզի «ՔՊ»-ին չսպառնա 90-ականների ՀՀՇ-ի, մինչհեղափոխական ՀՀԿ-ի երբեմնի փառքը:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**