Մակրոնը զգաստացրե՞լ է Ալիևին

Մակրոնը զգաստացրե՞լ է Ալիևին
Փարիզում, Ելիսեյան պալատում ավարտվել են Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Ադրբեջանական կողմն այս կապակցությամբ սեփական տեղեկատվություն դեռեւս չի տարածել: Բաքվի լրատվամիջոցները որոշ մանրամասնություններ են փոխանցում Մակրոն-Ալիեւի բանակցությունների առանցքային՝ ԼՂ կարգավորման, թեմայի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած կոմյունիկեից:



Ըստ այդմ, ֆրանսիական կողմը վերահաստատել է, որ, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, առանձնահատուկ պատասխանատվություն է կրում երկարատեւ խաղաղության ապահովման համար: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ կշարունակի աշխատել որոշման որոնումների վրա՝ բանակցությունների հիման վրա, որը միակ տարբերական է, որպեսզի վերջ տրվի հակամարտությանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: Ֆրանսիայի նախագահը նաեւ ընդգծել է, որ ուշադիր կհետեւի իրավիճակին, եւ Ֆրանսիան ռուսական եւ ամերիկյան համանախագահության հետ միասին կցուցաբերի բոլոր նախաձեռնությունները, որպեսզի հասնի բանակցությունների առաջընթացի:



Ինչպես ցույց են տալիս պաշտոնական հաղորդագրության չափազանց չոր ձեւակերպումները, ԼՂ խնդրի շուրջ Մակրոն-Ալիեւ երկխոսությունը հիմնականում ընթացել է ֆրանսիական կողմի նախաձեռնողականությամբ: Տեքստից հասկացվում է, որ Ֆրանսիայի նախագահն առնվազն հորդորել է Ալիեւին՝ պահպանել բանակցությունների տրամաբանությունը եւ ձեռնպահ մնալ իրավիճակի սրացմանն ուղղված հայտարարություններից եւ քայլերից: Թերեւս դա է պատճառը, որ ադրբեջանական կողմը բանակցությունների սեփական մեկնաբանություն չի արել: Ադրբեջանի ԱԳՆ-ում եւ նախագահի աշխատակազմում, ամենայն հավանականությամբ, դժվարանում են գտնել համապատասխան ձեւակերպումներ: Չէ՞ որ Ալիեւի ֆրանսիական ուղեւորության շուրջ Ադրբեջանում ոգեւորությունը բավական բարձր էր: Առանձին վերլուծաբաններ նույնիսկ տեսակետ էին հայտնել, որ Ալիեւը փորձելու է հասնել նրան, որ Ֆրանսիան, «հետեւելով Եվրամիության օրինակին, հանդես գա ԼՂ խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու մասին հայտարարությամբ»։



Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից չի զգացվում, թե Ալիեւին հաջողվել է այդ թեման նույնիսկ քննարման առարկա դարձնել: Ընդհակառակը, պարզ զգացվում է, որ Փարիզը զգաստության եւ իրավիճակի սթափ գնահատման ու համապատասխան հետեւություններ անելու ազդակ է փոխանցել Ալիեւին: Ի՞նչ կհետեւի դրան՝ ցույց կտա ժամանակը: Սեպտեմբերի 1-ին Ալիեւը կմեկնի Մոսկվա: