Քաղբանտարկյալների անունները, որոնք նշել էի, այսօր ազատության մեջ են

Քաղբանտարկյալների անունները, որոնք նշել էի, այսօր ազատության մեջ են
Իշխանափոխությունից հետո բարդ իրավիճակում է հայտնվել դատաիրավական համակարգը, որը նախկինում գործում էր Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը չի միջամտելու դատական համակարգի գործունեությանը, բոլոր դեպքերում չէ, որ դատավորների համար լավագույն լուծումներ գտնելու, արդարացի վճիռներ կայացնելու նախապայման է դարձել։ Հայաստանի եւ միջազգային իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալ ճանաչված անձանցից ոմանք ազատ են արձակվում գրավով, ԱԺ պատգամավորների երաշխավորագրերով, ոմանք էլ շարունակում են մնալ անազատության մեջ։



ՀՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով դատարանները սկսեցին կիրառել այն իրավական նորմերը, որոնք վաղուց գրված էին մեր օրենսդրության մեջ։ Սոցիալական ցանցերում օրերս քննարկվում է «Սասնա ծռեր»-ի գործով դատապարտված Արարատ Խանդոյանի հարցազրույցը «ԳԱԼԱ»-ին, որում նա, ի մասնավորի, ասել է․ «Հայաստանում միայն իշխանիկների տեղերն են փոխվել»։



Կա մտավախություն, որ նոր իշխանությունների օրոք էլ կարող են նրանք կրկնել զինված ապստամբության փորձը։ «Նախ ես չեմ տեսել գրավով կամ երաշխավորագրով որեւէ ազատվածի, որը հայտարարի, թե պատրաստվում է նորից զինված ապստամբության։ Փոխարենը ծանոթ եմ մի հայտարարության, որ իրենք այլեւս վայր են դնում զենքերը եւ հրաժարվում են զինված ասպտամբության մեթոդից։ Վերջին անգամ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել էի կոնկրետ մարդկանց անուններ, որոնք քաղբանտարկյալներ էին։ Ուրախությամբ կարող եմ նշել, որ այդ մարդիկ, ում անունները նշել էի, ազատության մեջ են»,- արձագանքեց Կարեն Անդրեասյանը։



Հարցին, թե որքանով է հավանական, որ դատական համակարգը կարող է գործել անաչառ, երբ նախկինում գործել է կոնկրետ հրահանգներով, Մարդու իրավունքների նախկին պաշտպանը պատասխանեց․ «Ես հավատում եմ, որ այսօր գործադիր իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ չի իջեցնում դատարաններին։ Թե կան այլ մարդիկ, որոնք մեկ-երկու դատավորի հրահանգ են իջեցնում՝ ես չգիտեմ։ Այդ հրահանգները ժամանակին կարող էին լինել ոչ թե գործադիր իշխանությունից, այլ վերադաս դատարանից, որը Վճռաբեկ դատարանն էր։ Հիմա շատ հավանական է, որ Վճռաբեկ դատարանի գործառույթներն անցել են Բարձրագույն դատական խորհրդին, եւ դատավորները վախենան ԲԴԽ-ից։ Սակայն դատավորների վրա ճնշում ես գոնե չեմ տեսնում։ Ասել, թե բոլոր դատավորները դարձել են անկախ, անաչառ, կլինի միամտություն։ Նրանք պետք է շարունակեն ջանքերը, որպեսզի կարողանանք հավատալ նրանց անաչառությանը»։



Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի ազատ արձակմանը, որը նրա համախոհներն այս օրերին պահանջում են սոցիալական ցանցերում, ապա Կարեն Անդրեասյանը նշում է, որ ինքը ծանոթ չէ նրա գործի իրավական կողմին։ Կարեն Անդրեասյանը նշում է․ «Քաղաքական առումով կարող եմ ասել, որ նրա նկատմամբ կայացված վճիռն անհամաչափ էր, դատարանը չափազանց խիստ պատիժ սահմանեց մի արարքի համար, որը թեեւ դուրս էր օրենքի շրջանակներից, սակայն արժանի չէր նման վճռի։ Ի՞նչ իրավիճակում կարող է ազատ արձակվել Շանթ Հարությունյանը։ Կարող են լինել երեւան եկած նոր հանգամանքներ, որոնք կստիպեն փոխել նրա նկատմամբ կայացված վճիռը։ Նա կարող է ազատ արձակվել ներմամբ, վաղաժամկետ ազատմամբ։ Նշելու համար, թե իրավական ինչ տեխնոլոգիա կա նրան ազատ արձակելու համար, պետք է լինեի նրա փաստաբանական թիմում։ Շատ կուզենայի, որ Շանթ Հարությունյանը լիներ այն ազատ արձակվածների ցուցակում, որոնց անունները ես տվել էի»։



**Թագուհի Հակոբյան**