Լրագրողներն՝ ընդդեմ Ալիևի

Լրագրողներն՝ ընդդեմ Ալիևի
Ադրբեջանի նախագահի Փարիզ այցի նախօրեին «Լրագրողներն առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արվում Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս հաշվի առնել մամուլի ազատության խնդիրը: Հայտարարության մեջ անդրադարձ կա Ադրբեջանում մամուլի ազատության վերջին սահմանափակումներին՝ կապված հուլիսի սկզբին Գյանջա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:



Նշվում է, որ մամուլի ազատության վարկանիշով 180 երկրների շարքում Ադրբեջանը 163-րդն է: Դա Ադրբեջանի երբեւէ գրանցած ամենացածր ցուցանիշն է: Հայտարարության հեղինակները գտնում են, որ ժամանակն է, որպեսզի եվրոպական առաջնորդներն Ադրբեջանի հետ հարաբերությունները պայմանավորեն Բաքվի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմամբ: Նրանք կոչ են անում, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն ապօրնի կալանավորված լրագրողները եւ վերջ տրվի անկախ լրատվամիջոցների հետապնդմանը: Որպես ամենաթարմ օրինակ՝ հայտարարության մեջ նշվում է Azel.tv անկախ կայքի խմբագիր Աֆղան Սադիգովի հետ կապված դեպքը, երբ վերջինս, մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո, վերսկսել է լրագրողական գործունեությունը եւ ս.թ. հուլիսի 6-ին կրկին ձերբակալվել:



Հինգ օր անհայտության մեջ պահելուց հետո պատկան մարմինները Սադիգովի հարազատներին ասել են, որ նա ենթարկվել է մեկամսյա վարչական կալանքի՝ «խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար»: Որպես մամուլի դեմ հարձակումների օրինակ է նշվում նաեւ այն, որ Գյանջայի դեպքերից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության ցուցումով արգելափակվել է չորս լրատվական կայքի գործունեությունը, խմբագիրները կանչվել են դատախազություն եւ ենթարկվել տեւական հարցաքննությունների: Ի՞նչ արդյունք կտա լրագրողական այս բողոքը: Պետք է ցավով արձանագրել, որ այս եւ մյուս բոլոր դեպքերում եվրոպական առաջնորդներն այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում հանրային կարծիքին եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում նախապատվությունը տալիս են իրական շահերին: Ըստ երեւույթին, Ալիեւի փարիզյան ուղեւորությունը բացառություն չի լինի: