Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն Փաշինյան, Ձեր ղեկավարությամբ թավշյա հեղափոխության արդյունքներն արդեն իսկ տեսանելի են, դրական տեղաշարժերը՝ ակնհայտ: Հայաստանում մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, վաղվա լավ ու էլ ավելի բարեկեցիկ օրվա նկատմամբ հույս ու հավատ է արթնացել յուրաքանչյուրի մեջ: Սակայն նույնը չենք կարող ասել Սյունյաց աշխարհի մասին, որտեղ թեպետ նշանակվել է նոր մարզպետ, բայց համայնքները շարունակում են ղեկավարել փողի եւ ճնշումների ուժով պաշտոն զբաղեցնող վայ համայնքապետերը: Նրանց համար հեղափոխությունը չի կարող կայացած լինել, քանի որ նրանք ոչ միայն հոգով-սրտով, այլեւ պարզապես հեղափոխության ընդդիմախոսներն են եղել, այդ օրերին կաշկանդել ու խոչընդոտել են, որ մարդիկ մասնակցեն թավշյա, սիրո ու հանդուրժողականության հեղափոխությանը:



Պարո´ն վարչապետ, ուրախ ենք, որ Դուք 10 օր առաջ, որպես Հայաստանի վարչապետ, մարզային Ձեր այցն սկսեցիք հենց Սյունիքից, վստահ ենք, որ Ձեր նման բազմափորձ ու քաղաքականապես գիտակ մարդը տեսավ եւ զգաց, թե ինչպիսի անառողջ մթնոլորտ է տիրում Սյունիքի մարզում, եւ այն ներկայացումները, որոնցում ամեն գնով ջանում էին լավ ու անթերի խաղալ նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից նշանակված համայնքների ղեկավարները, այդ ամենում հստակ էր այն կեղծ ու գաղջ մթնոլորտը, որ տիրում էր նրանց հոգում:



Եվ այսպես, Սիսիան քաղաքում Ձեզ աղուհացով դիմավորեց ընդամենը մեկ տարի առաջ ՀՀԿ-ին անդամագրված (ընդ որում՝ շուրջ 200 հոգի ՀՀԿ բերած) Արթուր Սարգսյանը, ով ցանկանում էր օր առաջ ընտրվել ՀՀԿ Սիսիանի կառուցի ղեկավար, այժմ արդեն պատերի տակ իբրեւ թե «փնովում» է ՀՀԿ-ին՝ ասելով, թե իբրեւ ՀՀԿ-ի հետ որեւէ առնչություն չունի՝ մոռանալով, որ վերջին տասնամյակում համապետական բոլոր ընտրություններում ակտիվորեն աշխատել է ՀՀԿ-ի համար: Արհեստական ժպիտը դեմքին՝ Ձեր կողքին կանգնած համայնքի ղեկավարն այնպիսի կեցվածք էր ընդունել, կարծս ամիսներ առաջ ինքը չէր, որ Սիսիանում ճնշում, համոզում, կաշառում էր, որ սիսիանցիները չմասնակցեն թավշյա հեղափոխությանը, իսկ նրա եղբայր՝ երեսփոխան Ավետ Սարգսյանը մեկ ամսվա մեջ երեք անգամ դեմ է քվեարկել Ձեզ, պարոն վարչապետ․ երկու անգամ՝ Ձեր ընտրության ժամանակ, մեկ անգամ էլ՝ Ձեր ներկայացրած ծրագրին: Զավեշտն այն է, որ ԱԺ-ում ՀՀԿ-ի գործարար թեւը քվեարկեց հօգուտ Ձեզ, բա մի հարցնող չլինի՝ ա՛յ Ավետ, եթե դու գործարար թեւից չես, ապա կարող է արդեն ներկայացնում ես կուսակցության «գաղափարական» թեւը, ընդ որում՝ համոզված լինելով, որ ՀՀԿ հապավումն անգամ ճիշտ չես կարող բացել:



Պարո´ն վարչապետ, այս օրերին Դուք համարձակ պայքար եք սկսել կոռուպցիայի, կաշառակերության, անօրինական հարստացողների դեմ, բայց Սիսիանում հենց Ձեր կողքին կանգնած համայնքի ղեկավարն իր նախկին քաղաքապետ հոր եւ երեսփոխան եղբոր հետ տիրացել է Սիսիանում առկա հանրային անշարժ գույքի մոտ 90%-ին (պոլիկլինիկայի նախկին շենք՝ օժանդակ շինություններով ու հողատարածքով, մշակույթի նախկին տուն, «Սիրիուս» գործարանը, «Տաթեւ» ՀԷԿ-ի ավտոպարկ ու վարչական շենք․ այս ցանկը երկար կարելի է թվարկել)։ արդյոք ժամանակը չէ՞ որ պատկան մարմինները զբաղվեն իշխանավորի «դիմակ» հագած հանցագործով:



Հաջորդը Գորիս համայնքի ղեկավարն է, ով իր ապրած ու գիտակցական կյանքում երբեք քարը քարին չի դրել, հոր կասկածելի հարստությամբ հոխորտացող այդ երիտասարդը Ձեր հանդիպման ժամանակ այնպիսի շոու էր սարքել, որ մի ամբողջ թավշյա հեղափոխության, ինչու չէ՝ այսօր մեր ամբողջ ազգի առաջնորդը (հանձինս Ձեզ) կանգնած, բոլորը գովում էին այդ սկսնակ ու չկայացած չինովնիկին․ ըստ հավաստի տեղեկատվության, նրան «գովերգողներից» յուրաքանչյուրը ստացել էր իր բաժին թումանը, եւ պատահական չէր, որ նրանցից մեկն իր պարտականությունը կատարելիս Ձեզ դիմեց պարոն Փաշիկյանով՝ ասելով. «Շատ, շատ գոհ ենք պարոն Առուշանյանից»: Առուշը, առանց անհարմար զգալու, հարցազրույցներ է տալիս, թե տեսեք, տեսեք, ես ընտրվել եմ 100%-ով՝ մոռանալով, որ դա նախկին իշխանությունների եւ Վահե մարզպետի շնորհիվ է, որ ընտրապայքարից դուրս մղվեցին բոլոր թեկնածուները, եւ մեծ գումարների արդյունքում քաղաքապետի աթոռը նրան փոխանցվեց: Այս երիտասարդը փորձում էր ջնջել Գորիսի պատմությունը: Այնպես է ներկայացնում, որ տպավորություն է, թե իրենից առաջ Գորիսը պատմություն չի ունեցել, ու ամեն բան Գորիսում սկսվում է հենց իրենով, անգամ այսօրվա իշխանությունները կապ չունեն Գորիսի հետ: Արդյոք ժամանակը չէ՞ երիտասարդին հասկացնելու, որ անցյալում են մնացել իր համար երանելի ժամանակները:



Այն, ինչ տեղի ունեցավ Քաջարանում, կարծում ենք՝ Դուք տեսաք: Այստեղ համայնքի ղեկավարի միակ առավելությունն այն է, որ նա նախկին մարզպետի թիմից է…



Մեղրու տարածաշրջանի ղեկավարի ամենամեծ ձեռքբերումն առեւտրականի հոգեբանություն ունենալն է, անգամ Ձեր կողքին կանգնած, առանց անհարմար զգալու, Ձեզնից «փայ» էր ուզում Ազատ տնտեսական գոտուց: Այդ տղան, ընտանիքով հանդերձ, գտնվում է բազմաթիվ քրեական պատմությունների մեջ, ինչպես նաեւ այս օրերին նրա կողմից վաճառվող հեղուկ գազը երեք անգամ ավելի թանկ է, քան Երեւանում: Նա կարողացել է ոչ միայն Մեղրու տարածաշրջանի յուղոտ բոլոր պատառների տիրանալ, նաեւ Մեղրիում այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որտեղից մեղրեցիները հեռանում են:



Մարզի միայն Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանն էր, որ նախկին մարզպետի թիմից չէր, ով Ձեզ հետ հանդիպումից հետո ցուցաբերեց բարոյական վարքագիծ եւ հրաժարական տվեց, ինչը, անկեղծ, ողջունելի է:



Պարո´ն վարչապետ, Ձեզ չզարմացրե՞ց այն իրողությունը, որ ողջ հանդիպումների ընթացքում համայնքի ղեկավարի կողմից մեկ խնդիր, մեկ լրջագույն հարց չբարձրացվեց համայնքների զարգացման համար, ի վերջո, միշտ չէ, որ վարչապետը հանդիպում է համայնքների ղեկավարի հետ։ Դա հիմք է տալիս ասելու, որ կա՛մ նրանք չեն տիրապետում իրավիճակին, կա՛մ, որ ավելի վատ է՝ նրանք Ձեզ լուրջ չվերաբերվեցին:

Պարո´ն վարչապետ, ժամանակն է, որ Սյունիքի մարզի ՀՀԿ-ական բոլոր համայնքների ղեկավարները եւս անցնեն հրաժարականի ճանապարհով, որ Ձեր հեղափոխության շունչը սյունեցին եւս զգա:



**Անուշ ԳՐԻԳՈՐՅԱՆ**



**Հրանտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**