Սամվել Ալեքսանյանի դստեր չեխական գործընկերը հակված է առկախել ներդրումները

Սամվել Ալեքսանյանի դստեր չեխական գործընկերը հակված է առկախել ներդրումները
Դեռեւս Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք կառավարության 2017 թ. դեկտեմբերի 21-ի 1660-Ա որոշմամբ «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ-ին 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Արթիկի թիվ 7 դպրոցում, արդեն հայտնել ենք, մի քանի ամիս է՝ քանդման աշխատանքներ էին իրականացվում, որոնք ժամանակավորապես դադարեցվել են: Տեղեկացանք, որ վերջին օրերին ՍՊԸ-ն սկսել է տանիքի նորոգման աշխատանքները։ Պարզվում է՝ այս ընկերության եւ կառավարության միջեւ մարտին կնքված պայմանագրի որոշ կետերի շուրջ չեխական կողմը վերապահումներ ունի, եւ այդ հարցով ՍՊԸ-ի հայկական կողմը դիմել է կառավարություն․ հարցը քննարկման փուլում է (ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնետերը Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանն է: Մնացած՝ 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYEL» ընկերությանը, որի սեփականատերն Արսեն Սարգսյանն է): Նշենք, որ պետական հսկայական գույքը՝ 7316.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով դպրոցի շենքը (երկու հարկ եւ նկուղ), 40.5 քմ մակերեսով ենթակայանը, 25 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 87.12 քմ մակերեսով պարիսպը եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հեկտար հողատարածքը գնահատվել է 96 մլն 543 հազար դրամ: Պարզվում է՝ երբ հայ-չեխական կապիտալով այս ՍՊԸ-ն սկսել է քանդման աշխատանքները, բախվել է մի շարք խնդիրների. մասնավորապես՝ որպեսզի դպրոցի շենքը դառնա արտադրական նշանակության օբյեկտ, հսկայական միջոցներ են անհրաժեշտ՝ մի քանի միլիոն դոլար: Ընդ որում՝ ոչ միայն քանդման ծախսատար աշխատանքներ պետք է իրականացվեն, այլեւ հսկայական ծախսեր արվեն շենքի ամրացման նպատակով:



Ընկերությունում, ըստ մեզ հասած տեղեկությունների, հաշվարկել են ու հանգել եզրակացության, որ որեւէ արտադրական տարածք վերցնելը եւ խոստացված աշխատատեղերն ապահովելը ավելի ձեռնտու են ծախսային տեսանկյունից, քան թե դպրոցը քանդելը, նորոգելը եւ արտադրական օբյեկտի վերածելը: Չեխ ներդրողներն էլ, բացի այդ, համաձայն չեն պայմանագրի այն կետի հետ, ըստ որի՝ եթե ներդրումները սահմանված ժամկետում չարվեն, ապա կառավարությունը սպառնում է «կտրել ներդրողի ականջները»՝ ինչպես պատկերավոր ասաց ընկերությանը մոտ կանգնած մեր աղբյուրը: Նկատենք, որ ներդրումային ծրագիրը երեք տարվա է, սակայն պայմանագրով նախատեսված է, որ 2018-ին այն պետք է վերանայվի, եւ պայմանագրով նախատեսված ներդրումները չապահովելու ու աշխատատեղեր չստեղծելու դեպքում տույժեր են նախատեսված:



«Չեխերն ասում են՝ բա էդքան հսկայական ներդրում կատարող ընկերության հետ կարելի՞ է այդպես սպառնալից խոսել: Սա անհասկանալի վերաբերմունք է ներդրում կատարողի, Արթիկի գործազուրկների հոգսը թեթեւացնել պատրաստվողի հանդեպ: Ուստի պայմանագրի բոլոր կետերը պետք է վերանայվեն, կառավարության որոշումը պետք է փոխվի, ապա չեխերը հակված չեն որեւէ կոպեկ ներդնելու: Ստացվում է, որ մենք Արթիկի գործազուրկներին սովորեցնում ենք, վերապատրաստում ենք կարի արտադրությունում աշխատելու համար, սակայն կառավարությունը որեւէ ընդառաջ քայլ չի անում»,- տարակուսեց մեր աղբյուրը: Տարօրինակ է, որ այս ՍՊԸ-ում նոր են գլխի ընկել, որ պայմանագրի կետերն իրենց սրտով չեն, եւ նոր կառավարությանն են այն վերանայելու առաջարկով դիմել, մինչդեռ պայմանագիրը կնքվել է նախորդ կառավարության օրոք: Մեր աղբյուրը հայտնեց նաեւ, որ այս ամենից զատ նաեւ չեխական կողմն անհանգստացած է, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել, իրենք մտնում են «ներդրումային ռիսկային զոնա» եւ, այդ հանգամանքով պայմանավորված, մտավախություն ունեն ներդրումներ կատարելու հարցում:



Մենք տեղեկացանք, որ ՍՊԸ-ի հայկական կողմը համոզում է չեխական կողմին, որ, ընդհակառակը՝ նոր կառավարությունը միտված է նոր տնտեսական քաղաքականություն իրականացնել, բարենպաստ ներդրումային միջավայր ապահովել, բացառել կոռուպցիան եւ հովանավորչությունը, սակայն չեխական կողմի հետ առայժմ ընդհանուր հայտարարի գալ, համոզել չեն կարողանում: Չի բացառվում, որ սա սաբոտաժ է չեխական ընկերության կողմից, եւ, պատճառաբանելով «նոր իրավիճակը», չեխերն ուզում են առկախել ներդրումները, քանի որ, պարզվում է՝ «էժան ապրանքը կրկնակի թանկ է նստում իրենց վրա»:



Մենք պարզեցինք, որ Արթիկի քաղաքապետարանում 1000-ից ավելի դիմում է ներկայացված «Չեխ-Արմ-Ինվեստում» աշխատանքի անցնելու համար, համայնքապետարանն էլ խիստ անհանգստացած է, որ ներդրումային այս ծրագիրը հանկարծ չտապալվի: Արդեն հայտնել ենք, որ այս համայնքում ստորագրահավաք էր իրականացվում՝ կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու եւ դպրոցը համայնքին վերադարձնելու համար, որը նախաձեռնել են մի խումբ կամավորականներ:



**Պայմանագրի վիճահարույց կետերը**



Նշենք, որ, ըստ կառավարության որոշման, ՍՊԸ-ն պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում, շենքի վերակառուցման եւ տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման համար կատարել 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ներդրումներ եւ ստեղծել 500 աշխատատեղ: Սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչեւ 50% կատարելու դեպքում ՍՊԸ-ն 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20%-ի չափով: Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ՍՊԸ-ն 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված եւ չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15%-ի չափով: ՍՊԸ-ի ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**