Ի՞նչ նպատակով էին ռուսները կազմակերպել Փանիկի սադրանքը

Ի՞նչ նպատակով էին ռուսները կազմակերպել Փանիկի սադրանքը
Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել: Այդ օրը՝ ժամը 11-12-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման, տանկերով եւ բեռնատար մեքենաներով մտել էին Փանիկ եւ զորավարժանքներ իրականացրել անմիջապես գյուղի տարածքում: Հնչել էին կրակոցներ, պայթյուններ: Իրենց տների մոտ տանկեր եւ զինված զորք տեսնելով՝ փանիկցիները խուճապի էին մատնվել եւ փախել տներից: Վախից երեխաներ էին ուշագնաց եղել: Տեսնելով ստեղծված իրավիճակը՝ Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը ռուս զինվորականներից պահանջել էր անմիջապես դադարեցնել զորավարժությունը եւ հրավիրել էր Ազգային անվտանգության ծառայության եւ Արթիկի ոստիկանության աշխատակիցներին:



**Սադրանք Հայաստանի ինքնիշխանության դեմ**



Հաջորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին, ՀՀ-ում ՌԴ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցեւին եւ ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին՝ պահանջելով ռուսական կողմից ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի վերաբերյալ: Տեղի ունեցածին կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն: Իհարկե, խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը: Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են»,- հայտարարել է Փաշինյանը:



Ռուսական կողմը հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ ներողություն է խնդրել միջադեպի կապակցությամբ՝ ասելով, որ տեղի ունեցածն անփութության հետեւանք է, բայց Հայաստանում քչերն են հավատում այս վարկածին: Հայաստանցի փորձագետներից շատերը քաղաքական ենթատեքստեր են տեսնում կատարվածի մեջ:



Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը Փանիկի միջադեպի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փորձում են գեներացնել հակառուսական տրամադրություններ եւ կոտրել Փաշինյանի կարծր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում», ռուս զինվորականների գործողությունների խորքային շերտերում տեսնելով կապ անգամ ղարաբաղյան հարցի հետ: Քաղաքագետը հիշեցրել է ապրիլյան պատերազմից մեկ տարի առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, երբ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովը սպանդի ենթարկեց Ավետիսյանների ընտանիքը: Եվ հիշատակել է վերջերս խիստ ակտիվացած ռուս ազգայնական Ալեքսանդր Դուգինին, որը դեռեւս 2008 թ. խոսել է ՌԴ այն ժամանակվա նախագահ Մեդվեդեւի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ծրագիր ունենալու մասին: Դուգինն այն ժամանակ խոսել է վերջին տարիներին իր եւ ադրբեջանական լոբբինգով զբաղվող ռուսաստանցի այլ փորձագետների կողմից շրջանառվող «Լավրովի պլանի»՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական ենթադրյալ ծրագրի մասին, որի գոյությունն ինքը՝ Լավրովը, բազմիցս հերքել է: Հայտնի է, որ այս ծրագրի առանցքային կետը վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 5 շրջաններն Ադրբեջանին զիջելուն: Խոսելով այս ծրագրի մասին՝ Դուգինը հասկացրել է, թե Ռուսաստանն այս ծրագիրը կյանքի կոչելու «ալիբի կարող է ունենալ»: Եվ Ս․ Սաֆարյանն այս խոսքից ենթադրում է, որ Ռուսաստանը դիտավորյալ է հակառուսական տրամադրություններ հրահրում Հայաստանում՝ հենց այդ ալիբին ստեղծելու համար: Այդպես եղավ Պերմյակովի կատարած ոճրագործությունից հետո եւ այդպես կարող է լինել այսօր՝ վերջին միջադեպից հետո:



«Դե, եթե դուք մեզ դավաճանում եք Եվրոպայի հետ, խոսում եք մեր ռազմաբազաների դեմ, ձեզ հնազանդ չեք պահում, մենք էլ Ադրբեջանի հետ ֆլիրտ կանենք»,- Ռուսաստանի մոտեցումն է մեկնաբանում Ստյոպա Սաֆարյանը: Փորձագետի կարծիքով, ռուսները փորձում են նման գործողություններով ազդել ղարաբաղյան հարցում Հայաստանի նոր կառավարության դիրքորոշման վրա:



«Ու այժմ էլ, երբ չգիտեն ինչ անել Հայաստանի հետ, ինչպես առաջ շարժվել ղարաբաղյան խնդրով, ինչպես կոտրել Նիկոլ Փաշինյանի կարծր դիրքորոշումները ղարաբաղյան խնդրով, ինչպես նրան համաձայն դարձնել ապրիլյան պատերազմով ու «Սասնա ծռերով» ընդհատված պրոցեսը շարունակելուն, թվում է, թե կրկին նույն ձեռագրով սադրում են՝ փորձելով գեներացնել հակառուսական տրամադրություններ: Պետք է զգույշ լինել ու տոն չտալ այդ խաղին: Այո, պետք է կտրուկ լինել, նրանց բերել օրինական շրջանակների մեջ, Հայաստանի ինքնիշխանությունն առանցքում պահել, բայց երբեք չանել այն, ինչ ուզում են՝ ստացվի»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը:



**Ռուսաստանն ուզում է ազդել ԱԺ ընտրությունների վրա**



Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը եւս քաղաքական ենթատեքստեր է տեսնում կատարվածի մեջ․ անհեթեթություն համարելով այն հայտարարությունները, թե տեղի ունեցածն անփութության հետեւանք է, նա այլ տեսանկյունից է գնահատում հարցը: Շիրինյանը ռուս զինվորականների կազմակերպած սադրանքը կապում է Հայաստանի ներքաղաքական իրադրության հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ռուսները վարչապետի ընտրությանը չկարողացան միջամտել, որովհետեւ իրադրությունը շիկացած էր: Հանրապետականներին հրամայեցին, որ դեմ քվեարկեն, երկրորդ անգամ տեսան՝ չի լինում, ասացին՝ սուս մնացեք, քվեարկեք: Հիմա ակնհայտ է, որ իրենց շատ են անհանգստացնում խորհրդարանական ընտրությունները եւ այնտեղ ռուսական ազդեցության ուղղակի գործակալներ չունենալը: Ես վաղուց եմ այդ կարծիքը հայտնել, որ ընտրությունները շուտ արեք, կազմակերպեք, անցեք, որպեսզի խորհրդարան ունենաք եւ կառավարություն, իսկ ովքեր ստեղծել են այս վիճակը, չքանան այս ասպարեզից պատմության աղբանոցում: Մերոնք ձգձգեցին, նրանք էլ սկսեցին կամաց-կամաց քայլեր ձեռնարկել»:



Մեր զրուցակիցը կարծում է, որ վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակազրկմանը միտված քայլեր են կատարվում: Այս հանգամանքը նա նույնպես կապում է Հայաստանում ազդեցությունը պահպանելու Ռուսաստանի ծրագրերի հետ: «Քաղաքականությունը վարում են ոչ թե քո դեմքին նայելով, այլ ենթադրելով՝ իրենց դրածո՞ն է, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իրենց դրածոն չէ, եւ դա ձեռնտու չէ իրենց: Հայաստանում նրանք սովոր են ճորտ ունենալ: Սա խոսում է այն մասին, որ վարչապետն իրենց մարդը չէ, հայ է եւ հայաստանակենտրոն: Ինչպես ինքն է ասում՝ հայամետ է: Սա ռուս շովինիստի համար մահ է: Մնում է Ազգային ժողովի ընտրություններ անցկացնել՝ նոր կառավարություն ունենալու համար, որը պիտի համապատասխանի ստեղծված նոր իրավիճակին: Ռուսաստանն էլ ուզում է խանգարել»:



Դիտարկմանը, որ այսինքն՝ Փանիկում տեղի ունեցած միջադեպն ունի հստակ քաղաքական ենթատեքստ, Լեւոն Շիրինյանը փոքր-ինչ վրդովված պատասխանեց. «Դուք ի՞նչ եք տեսնում: Ռուսական զորքը հեռադիտա՞կ չունի, կողմնացո՞ւյց չունի, թե՞ քարտեզ չունի: Եթե չունի, ուրեմն բանդա է: Եթե կարիք լինի, Աստրախանից ճշգրիտ խփում են Սիրիայի ցանկացած կետին, բայց Հայաստանում մի գյուղը շփոթել են մյուսի հե՞տ: Դուք ինչ է, ձե՞ռ եք առնում»:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**