Մանդելայի արձանը նրա էքնահողեքին է բացվել

Մանդելայի արձանը նրա էքնահողեքին է բացվել
Երեկ լուր ընկավ աչքովս այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարարին Արամ Մանուկյանի արձանը հանգիստ չի տալիս: Նա ասել է, որ քաղաքապետարանին առաջարկելու է արձանն այլ վայր տեղափոխել:



Օրիորդը չի հանգստանում: Արամի արձանը, հավանաբար, խանգարում է նրան Հայաստանի պատմության թանգարանում լուսանկարների ցուցասրահ բացել հնգօրյա ժամկետում, կամ էլ մի ուրիշ զորավոր պատճառ ունի երեւի, որի մասին չի ցանկանում բարձրաձայն խոսել: Քաղշինը, կարծես, այլեւս չի բզբզում այս հարցը եւ այն իր ողջ ծանրությամբ թողել է մշակույթի նախարարի վտիտ ուսերին: Մշակույթի նախարարն էլ, քանի որ չի հաղթահարել արձանի վերջնական տեղադրմանը նախորդած աղմուկների էյֆորիան, շարունակում է հետապնդել արձանին: Գոնե ժամկետներ նշեր, թե քանի օրում է պատրաստվում դա անել: Խնդրի բարոյական երեսը դեռ մի կողմ դնենք, բայց օրիորդը լավ չի պատկերացնում նաեւ, թե ինչ է նշանակում քարի արձանի տեղափոխում, մանավանդ Երեւանի նոր ու փխրուն իշխանությունների օրոք: Զգույշ, գրիժա չստանաք կամ մի այնպիսի բան, որ առողջապահության նախարարը չկարողանա ոտքի կանգնեցնել:



Արձանի հանդիսավոր բացման արարողությանը մշակույթի նախարար Մակունցը չէր մասնակցում, ինչը շատ ավելի տարօրինակ էր, քան նրա ֆեյսբուքյան գրառումները: Ի՞նչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Մակունցին հետը չէր բերել արձանի բացմանը: Գուցե այն, որ նորանշանակ նախարարի առաջին իսկ «լուրջ» ձեռնարկը` խոչընդոտել Արամ Մանուկյանի արձանի տեղադրմանը, տապալվե՞ց: Մակունցն էլ, կարծես, պարտավոր էր հետեւություններ անել այդ տապալումից եւ ոչ թե արձանի բացման արարողությունից եւ այդ արարողության ժամանակ կաթողիկոսի, վարչապետի, ՀՅԴ Բյուրոյի եւ հեղինակ-քանդակագործի ելույթներից հետո համառեր ու հաթաթա տար, թե «էսա Երեւանի նոր քաղաքապետին ասելու եմ` արձանը տեղափոխեն»: Բա ո՞ւր մնաց նախարարի ներքին կուլտուրան:



Կցանկանայի մշակույթի նախարար Մակունցի ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա, որ նրա աչքից կարծես վրիպել է: Խոսքը նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը մերժելու մասին է: Չէի ցանկանա վատ գուշակություն անել, բայց լավ կլիներ, եթե նախարար Մակունցը չմտածեր, որ իր դեպքում կարող է այդ նախադեպը կիրառվել: Բանն այն է, որ հրաժարականների եւ հրաժարեցումների շքերթ է սկսվել նոր պաշտոնյաների շարքերում, ինչը վկայում է, որ կառավարությունում եւ այլուր անփոխարինելիներ չէ, որ նստած են այսօր: Վերջապես նաեւ փաստ է, որ նույնիսկ ամենածանրաքաշ նախարարին տեղաշարժելն ավելի հեշտ է, քան որեւէ հուշարձան, այն էլ այնպիսի մարդու հուշարձան, որի մասին միշտ եւ բոլորն են ասելու` «Մեր պատմության մեծագույն առաքյալը»:



Հիմա գամ Արամ Մանուկյանի արդեն իսկ կիսակառույց արձանի տեղի շուրջ քննարկումներին: Լսե՞լ եք, որ մեկն ասեր` ահա կոնկրետ այս վայրն առավել հարմար կլիներ Արամ Մանուկյանի արձանի համար: Դուք տեսե՞լ եք Արամ Մանուկյանի արձանի այլ տարբերակ, որի քանդակագործ հեղինակը համարձակ քննադատել է արդեն կանգնեցված արձանն ու մատնանշել վերջինիս վատ լուծումները:



ՀԳ. Հոդվածը գրվում էր, երբ Ֆեյսբուքը հիշեցրեց, որ այսօր (18.07) Նելսոն Մանդելայի հիշատակի համաշխարհային օրն է: Ակամա հետաքրքրվեցի` տեսնես արձան ունի՞ այդ մարդը, որ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահը լինելուց զատ նաեւ մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկն է: Մանդելան նախագահ է դարձել 76 տարեկան հասակում, ապրել 95 տարի, մահացել 2013 թվականի դեկտեմբերի 5-ին: Հատկանշական է, որ նրա 9 մետրանոց արձանը ՀԱՀ մայրաքաղաքի սրտում բացվել է հուղարկավորության հաջորդ օրը, մեր լեզվով ասած` էքնահողեքին: Արամ Մանուկյանի պարագայում արձանը տեղադրվեց նրա մահից 100 տարի անց: Դա նշանակում է, որ մենք ճիշտ 100 տարով հետ ենք մնացել ՀԱՀ սեւամորթ հպարտ քաղաքացիներից: Նկատենք նաեւ, որ եթե առանց Նելսոն Մանդելայի ՀԱՀ սեւամորթ քաղաքացիներին «գրող» չէր կպնի, ապա մենք նույնիսկ այս մի կտոր անկախությունը չէինք ունենա առանց Արամ Մանուկյանի: Հարգելի Լիլիթ Մակունց, տեսա՞ք որտեղից ուր հասանք:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**