Հետաքրքիր իրավիճակ

Հետաքրքիր իրավիճակ
Մայրաքաղաքը պատրաստվում է ընտրությունների։ Դեռեւս վարչապետի որոշումը չի եղել՝ Երեւանի ավագանու պաշտոնավարման ժամկետը կրճատելու եւ նոր ընտրություններ նշանակելու մասին, սակայն նախընտրական շունչն արդեն քաղաքում զգացվում է։ Բոլոր կուսակցությունների գրասենյակներում այս օրերին քննարկումներ են գնում՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ, եթե մասնակցել՝ ո՞ւմ դնել ցուցակի առաջին համար, իմա՝ քաղաքապետի թեկնածու։ Այդ նպատակով հարցումներ են իրականացվում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ցանկացողների պակաս չի լինելու, եւ հեղափոխությունը նախեւառաջ ընտրությունների շատ լայն մասնակցություն է բերելու։ Բոլոր արթուն եւ քնած, գործող եւ անգործ կուսակցությունները հայտ են ներկայացնելու՝ հույս ունենալով, որ ընտրակաշառքի բացակայության պայմաններում, ինչը խոստացել է ապահովել իշխանությունը, անցնելու հավանականությունը մեծանում է։



Եվ դա լավ է։ Նախ՝ որովհետեւ չի կարող լինել կուսակցություն, որը չի մասնակցում քաղաքական պրոցեսներին, առաջին հերթին՝ ընտրություններին։ Հետո՝ թող մարդիկ ընտրելու հնարավորություն ունենան։ 2-3 միավորի մասնակցությամբ ընթացող ընտրությունը ոչ միայն տխուր է, այլեւ ընտրողների ցածր ակտիվություն է նշանակում, ինչպես եղավ անցած ընտրություններին։ Այս ընտրություններն ուշագրավ են նաեւ նրանով, որ սրանք ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ գլխավոր փորձն են եւ փորձություն ինչպես ՀՀ երիտասարդ իշխանությունների, այնպես էլ հեղափոխություն արած հասարակության համար։ Երեւանի ընտրություններին կերեւա, թե մեր ընտրողն ինչքանով է անկաշառ ու օբյեկտիվ, ինչպես է հասկանում «իրական ընտրություն» եզրույթը եւ ինչքանով է պատրաստ մաքուր ընտրությունների։ Ամեն դեպքում, մեզ հետաքրքիր ընտրություններ են սպասվում։