Սերժ Սարգսյանի եղբայրը դեռ ազատված չէ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Սերժ Սարգսյանի եղբայրը դեռ ազատված չէ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 7-ին, Հատուկ քննչական ծառայությունը տարածեց հայտարարություն, համաձայն որի՝ «Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին»։



Ըստ այդ հայտարարության՝ Լյովա եւ Անի Սարգսյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Անի եւ Նարեկ Սարգսյանների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի օրոք նրա եղբայրը՝ Լյովա Սարգսյանը, աշխատում էր որպես ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան արտգործնախարարությունում։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեցինք , թե ով է փոխարինում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում Լյովա Սարգսյանին։



«Ազատման հրամանագիր չկա»,- մեր հարցին այսպես արձագանքեց Տիգրան Բալայանը։ Հետաքրքրվեցինք, թե ազատման հրամանագիր լինելու դեպքում ում կարող են նշանակել Լյովա Սարգսյանի փոխարեն ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան։ «Իսկ ո՞վ ասաց, որ մեկը պարտադիր պետք է նշանակվի»,- հարցին հարցով արձագանքեց Տիգրան Բալայանը։ «Մենք միշտ էլ ունեցել ենք, չէ՞, Հատուկ հանձնարարություններով դեսպան»,- հետաքրքրվեցինք Տիգրան Բալայանից։ «Ոչ, այնպես չէ, որ միշտ ունեցել ենք Հատուկ հանձնարարություններով դեսպաններ»,- ասաց նա։



Միաժամանակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ Հատուկ հանձնարարություններով դեսպանին նշանակում եւ ազատում է ՀՀ վարչապետը։ Ի դեպ, արտգործնախարարության կայքում՝ mfa.am-ում, որպես Հատուկ հանձնարարություններով դեսպան, նշված է Լեւոն Սարգսյանի անունը։ Ուշագրավ է, որ ՀՔԾ հայտարարության մեջ Սերժ Սարգսյանի եղբոր անունը նշված է Լյովա, իսկ արտգործնախարարության կայքում՝ Լեւոն։