Կրթական համակարգի ճգնաժամը միայն Հայաստանին չէ հատուկ

Կրթական համակարգի ճգնաժամը միայն Հայաստանին չէ հատուկ
Երեւանի պետական համալսարանի հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը կարծում է, որ բուհական, կրթական համակարգը գտնվում են ճգնաժամային վիճակում։ «Ոչ միայն արտագաղթի, երիտասարդների նվազման պատճառով է բուհական համակարգը հայտնվել ճգնաժամի մեջ։ Կան բազմաթիվ ուսումնական հաստատություններ` մասնավոր եւ ոչ մասնավոր, որոնք չեն համապատասխանում այսօրվա չափանիշներին։ Մյուս կողմից ՝ երկրի նյութական վիճակն է ստիպում, որ երիտասարդները չգան բուհեր՝ մտածելով, որ հետագայում չի կարող ապահովել իր կենսամակարդակը։



Կյանքը առաջ է գնում, դասախոսական եւ մանկավարժական կազմը չի հասցնում յուրացնել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում բարձր տեխնոլոգիաների ասպարեզում։ Եթե երիտասարդությունն ավելին է այսօր իմանում, քան՝ դասախոսական կազմը, սա արդեն ստեղծում է ճգնաժամ։ Իսկ այդ ճգնաժամը միայն Հայաստանին չէ հատուկ»,- մեզ հետ զրույցում ասաց Լեւոն Չուգասզյանը։ Ըստ նրա՝ բուհական համակարգի ճգնաժամը պայմանավորված է նրանով, որ երիտասարդությունը կլանված է համակարգիչներով եւ ավելի քիչ է լինում գրադարաններում։



«Բուհական համակարգը ճգնաժամ է ապրում, որովհետեւ դասախոսական անձնակազմը քիչ է վաստակում եւ զբաղված է մասնավոր աշակերտների հետ դասընթացներ կազմակերպելով։ Այդ իսկ պատճառով էլ նրանք չեն կարողանում լրացնել իրենց գիտելիքները։ Պետք է նաեւ զարգացնել հեռահար կրթությունը։ Պետք է բուհական համակարգի վարչական համակարգը՝ ենթակառուցվածքները, ֆինանսավորվեն պետության կողմից, այլ դրա բյուջեն պետք է ձեւավորվի ամենատարբեր աղբյուրներից։ Հոգաբարձուների խորհուրդը կարող է ձեւավորվել ոչ միայն մեր հասարակության մեջ նյութական մեծ հնարավորություններ ունեցող անձանցից, այլ նաեւ՝ սփյուռքի ներկայացուցիչների ներգրավումով։



Այն մարդիկ, որոնք ղեկավարում են բուհերը, ոչ միայն մասնագիտական հեղինակություն պետք է ունենան, այլեւ պետք է ճանաչված եւ հարգված լինեն սփյուռքում, որպեսզի սփյուռքի նվիրատուները իրենց ավանդը բերեն։ Երկրում պետք է օրենքներ գրվեն, որոնք թեթեւացնում են հարկերը, որպեսզի դրսում իմանան, որ բարեգործության դեպքում հարկերը նվազեցվում են։ Այդ համակարգն, ի դեպ, գոյություն ունի ԱՄՆ-ում»,- առաջարկում է Լեւոն Չուգասզյանը։