Պայքարում է Սերժ Սարգսյանի խնամու և ծխելու դեմ

Պայքարում է Սերժ Սարգսյանի խնամու և ծխելու դեմ
Այսօր «ԼուսԷ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում «Ներառական կրթության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկումից հետո փորձեցինք հարցեր ուղղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նախարարը նախ նշեց, որ պատասխանելու է ընդամենը 1 հարցի։ Նրանից փորձեցինք հետաքրքրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հայտնաբերված չարաշահումների, տնօրենի ճակատագրի վերաբերյալ։



_Հիշեցնենք՝ ըստ մամուլում շրջանառվող տեղեկութունների ՝ նախարար Արսեն Թորոսյանն ամեն գնով ցանկանում է պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանի խնամի, ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանին։ Տնօրենի նոր թեկնածուն, ըստ շրջանառվող լուրերի, Արտակ Զեյնալյանի եղբայրն է՝ Նարեկ Զեյնալյանը։ Թորոսյանի հանձնարարականով բժշկական կենտրոնում տեւական ժամանակ է ստուգումներ են ընթանում։ Տնօրենին առաջարկվել է նաեւ դիմում գրել՝ ազատվել աշխատանքից, սակայն նա չի համաձայնել։_



**«Հրապարակ»**-ի հետ զրույցում Թորոսյանը նշեց․ «Նոր տնօրենի մասին շրջանառվող լուրերը կեղծ են, չեն համապատասխանում, դրա մասին հրապարակավ ասվել է»։



**-Արա Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, իր հետ այդ թեմայով քննարկում ունեցե՞լ եք։**



-Իր հետ քննարկում ունեցել ենք, քանի որ նա մեր ենթակայության հիմնարկի տնօրենն է, մշտապես ունենում ենք։ Կոնկրետ այդ թեմայով քննարկում չենք ունեցել։



**-Նա չի՞ պատրաստվում հրաժարական տալ։**



-Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ, բոլոր փոփոխությունները հիվանդանոցների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից են արվելու ու կարող են հակասել տնօրենների դիրքորոշմանը։



**-Նա Սերժ Սարգսյանի խնամին է, դրա համա՞ր է այսքան կենտրոնացումն իր վրա։**



-Ոչ, Հայաստանում ամենամեծ պետպատվեր ստացող հիմնարկն է, դրա համար է կենտրոնացված։



**-Առաջիկայում ո՞ր ԲԿ-ների չարաշահումների վերաբերյալ հրապարակումներ կլինեն։**



-Որ ԲԿ-ներում հայտնաբերվեն։ Դե կան ու բազմիցս հայտարարվել է։



**-Սամվել Ալեքսանյանին պատկանող Բկ-ում ստուգումներ եղե՞լ են։**



-Ստուգումներ եղել են բոլոր մեծ բժշկական կենտրոններում։



**-Ծխելու դեմ պայքարը մեծ աղմուկ բարձրացրեց, նախորդ նախարարը եւս դրա դեմ պայքար էր սկսել․․․․**



-Դուք կո՞ղմ եք ծխախոտին։



**-Ես ինքս չեմ ծխում, բայց ծխողների իրավունքներն էլ չեմ փորձում ոտնահարել։**



-Ծխողների իրավունքներն ոչ մեկ չի ոտնահարում, ծխելու իրավունք որպես էդպիսին չկա ու չի կարող լինել։



**Աննա Պապիկյան**