Արարատ Միրզոյանը տվե՞ց հարևանի 9000 դրամը

Արարատ Միրզոյանը տվե՞ց հարևանի 9000 դրամը
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ժամանակին՝ 2012 թվականին, երբ դեռ փոխվարչապետ չէր, հանրությանն էլ հայտնի դեմք չէր, բավականին ուշագրավ մի պատմության մեջ է ներքաշված եղել։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2012 թվականին Միրզոյանին 9000 դրամի վնասի փոխհատուցման և սանհանգույցը տեղափոխելու պահանջով դատի է տվել նրա ներքևի հարևանը։ Միրզոյանը, որ այդ ժամանակ բնակվում էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզե փողոցի 12 շենքի 9-րդ բնակարանում, իր տան սանհանգույցից «ջրել է» իր ներքևի հարևանին։ Դրա հետևանքով հարևանին պատճառվել է նյութական վնաս։



Հենրիկ անունով հարևանն էլ խնդրել է Միրզոյանին տեղափոխել իր սանհանգույցը, նաև վնասի փոխհատուցում է պահանջել։ Վնասն էլ գնահատվել է շատ սիմվոլիկ գումար՝ 9000 ՀՀ դրամ։ Բայց Միրզոյանը մերժել է կատարել հարևանի խնդրանք-պահանջը՝ ոչ սանհանգույցն է տեղափոխել, ոչ էլ իր կողմից պատճառված ընդամենը 9000 դրամի վնասն է փոխհատուցել։ Հարևանն էլ դիմել է դատարան։ Դատարանը երկու տարի քննել է այս գործը, վերջում կարճել, քանի որ հարևանն, ի վերջո, հրաժարվել է հայցից։ Գործից, սակայն, այդպես էլ պարզ չի դառնում՝ Արարատ Միրզոյանը վճարե՞լ է իր հարևանի 9000 դրամն ու տեղափոխե՞լ է սանհանգույցը, թե՞ հարևան Հենրիկը, 9000 դրամից հույսը կտրած, ճարահատյալ հրաժարվել է իր պահանջներից։