Իտալիայի նախագահն այցելել է Ադրբեջան

Իտալիայի նախագահն այցելել է Ադրբեջան
Հուլիսի 18-ին Ադրբեջան է այցելել Իտալիայի նախագահ Սերգո Մատարելան: Կայացել են նրա եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները նախ դեմ առ դեմ, ապա՝ պատվիրակությունների մասնակցության ձեւաչափով: Ստորագրվել երկկողմ համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր: Բանակցությունների ավարտին երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, որոնցում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Իլհամ Ալիեւը շեշտադրել է հուլիսի 11-ին Բրյուսելում Եվրամիություն-Ադրբեջան «Համագործակցության առաջնահերթությունների» կարեւորությունը:



Նա յուրովի է մեկնաբանել այդ եւ ՆԱՏՕ-ի ամփոփիչ փաստաթղթի դրույթները եւ եզրահանգել, թե «միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը, եւ հայ-ադրբեջանական-ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է իր լուծումն ստանա այդ շրջանակներում»:



[Ի պատասխան](https://haqqin.az/news/132651), Իտալիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ում եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ կայունության, տեւականության պայմաններում՝ համաձայն միջազգային իրավունքի:



Իտալիայի նախագահն, այսպիսով, չի օգտագործել «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ձեւակերպումը, ինչից պարզ հասկացվում է, որ նա, որպես ԵԱՀԿ նախագահող երկրի պետության ղեկավար, գերազանց է տիրապետում ԼՂ կարգավորման միջնորդական հայեցակարգին եւ բանակցային գործընթացի բոլոր նրբություններին: 1992թ. Իտալիան ԵԱՀԽ կողմից ղարաբաղյան կարգավորման միջոնրդության մանդատ է ունեցել: Հայ-ադրբեջանական առաջին բանակցություններն անցկացվել են Հռոմում: Դրանց մասնակցել է նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական պատվիրակությունը: Ներկայումս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկում են բանակցություններն առաջ մղելու տարբերակներ: Քննարկման թեմաներից է նաեւ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերականգնման հնարավորությունը: