Մի քանի օրվա մեջ լուծում պահանջող հարցը չէր լուծվում 7 ամիս շարունակ

Մի քանի օրվա մեջ լուծում պահանջող հարցը չէր լուծվում 7 ամիս շարունակ
Սյունիքի մարզի Անտառաշատ համայնքի բնակիչ Գրիշա Խաչատրյանը ահազանգում է, որ 2017 թվականի նոյեմբերից Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ցուցաբերվել է անօրինական մոտեցում Անտառաշատ գյուղի նկատմամբ։ Բանն այն է, որ Անտառաշատը խոշորացված համայնքներից է և միացվել է Կապան քաղաքին։ ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն՝ համայնքի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա վարչական շրջանի ղեկավարի մեկ լիազոր ներկայացուցիչ, որը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ պետք է լինի, սակայն Անտառաշատի վարչական ղեկավար է նշանակվել հարևան գյուղի բնակիչ․



«Ֆեյսբուքյան իմ հրապարակումներից մեկում նշել էի, որ 2017 թվականի նոյեմբերի13-ից՝ Կապան խոշորացված բազմաբնակավայր համայնքի կազմավորումից սկսած, իմ հայրենի Անտառաշատ գյուղի նկատմամբ Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ցուցաբերվել էր անօրինական մոտեցում՝ սահմանված կարգով չէր նշանակվել Անտառաշատ գյուղի վարչական ղեկավար՝ խախտվել էին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթները, որոնք պարտադրում են, որ համայնքի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա մեկ վարչական ղեկավար, որը տվյալ բնակավայրի հաշվառված բնակիչ է:



Ինձ անհայտ պատճառներով մեր գյուղի հարցն այդպես էլ չէր լուծվում և այդ վիճակը տևում էր շուրջ 7 ամիս,տեղական ինքնակառավարման որևէ մարմին կամ այդ մարմինը ներկայացնող որևէ անձ 7 ամսվա ընթացքում չէր ուզում այցելել մեր գյուղ, խորհրդակցել գյուղի բնակչության հետ՝ այդ խնդրի լուծման կապակցությամբ: Փոխարենը`հենց սկզբից Անտառաշատի վարչական ղեկավար էր նշանակվել մեկ այլ հարևան գյուղի բնակիչ հանդիսացող վարչական ղեկավարը, որն օրենքի համաձայն չէր կարող նշանակվել և գործունեություն ծավալել մեր գյուղում: Բացի օրենքի խախտում համարվելուց, այս երևույթն ավելի քան երկու հազար տարվա պատմություն և մշտապես տեղաբնիկ-անդրենածին բնակչություն ունեցող մեր գյուղի համար հավաքական արժանապատվության հարց էր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիշա Խաչատրյանը։



Շարունակելով իր միտքը՝ Խաչատրյանը գրում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դիմում է տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին։ Խաչատրյանի խոսքով՝ նախարարը օպերատիվ է արձագանքել խնդրին և այն լուծել մեկշաբաթյա ժամկետում․ «2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանն ունեցավ նոր իշխանություն: Նոր Կառավարության ձևավորումից հետո մեր գյուղի խնդիրը երկու նախադասությամբ էլեկտրոնային փոստի միջոցով անմիջապես ներկայացրի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նոր նախարար Սուրեն Պապիկյանին: Նախարարը շատ օպերատիվ արձագանքեց իմ դիմումին և Կապան համայնքի ղեկավարին առաջարկվեց ապահովել օրենքի պահանջների կատարումը: Ընդամենը մեկշաբաթյա ժամկետում մենք ունեցանք գյուղի վարչական ղեկավար: Մի քանի օրվա մեջ լուծում պահանջող հարցը չէր լուծվում 7 ամիս շարունակ:



Փաստորեն, երկրում իրավիճակի փոփոխությունը դրական ազդեցություն ունեցավ նաեւ իմ հայրենի գյուղի վրա»: