Եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի, որևէ պահ չեմ սպասի, նույն պահին հրաժարական կտամ

Եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի, որևէ պահ չեմ սպասի, նույն պահին հրաժարական կտամ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, որ «երիտասարդը դուրս եկավ և տեր է կանգնում երկրին. սրանից լավ բան ո՞րն է»: Բայց Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից, քանի որ նման պահանջ այսօր ժողովրդի, այս դեպքում՝ գյումրեցիների կողմից չկա:



«Եթե գյումրեցիները ցանկանան, էդ պահին հրաժարական կտամ, երբեք կառչած չեմ եղել, չեմ լինելու»,-ասաց Բալասանյանը: Հետո իրար հակասող պատասխաններ տվեց ու չկողմնորոշվեց՝ ում պահանջն է ավելի կարևոր, Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ իրեն ընտրած ժողովրդի:



«Երբ իշխանությունը չուզեց, էլի չեմ աշխատի: Հասկանո՞ւմ եք, ես որևէ խնդիր չունեմ, երբ իշխանությունը չուզեց, չեմ աշխատի, հասարակությունը չուզեց, չեմ աշխատի: Ես էնքան գործ ունեմ անելու, էնքանից շատ, որ որևէ խնդիր չունեմ»,-ասաց Գյումրու քաղաքապետը:



**-Բայց Դուք ընտրված մանդատ ունեք, իշխանության ուզել-չուզելո՞վ պիտի հրաժարվեք կամ մնաք:**



-Չէ, հարց եք տալիս, ես էլ հարցին պատասխանում եմ:



**-Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը Ձեզ էլ հորդորի, կհրաժարվե՞ք:**



-Որևէ պահ չեմ սպասի, նույն պահին հրաժարականի դիմումը կգրեմ:



**-Իսկ եթե ժողովուրդը պահանջի, որ մնա՞ք:**



-Դե, դա արդեն ուրիշ խնդիր է: Եթե հիմա իշխանությունն ասում է մի բան, ժողովուրդը... հակասական հարցեր եք տալիս: Դուք կողմնորոշվեք Ձեր հարցերի մեջ:



**-Ուզում եմ Դուք կողմնորոշվեք Ձեր պատասխաններում՝ հիմա ժողովրդի՞ կամքն է ավելի կարևոր, թե՞ իշխանության:**



-Ժողովրդի կամքը, էսօր ժողովրդի կամքն է ամեն ինչում, ժողովրդավարություն է մեր երկրում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**