Դքի Նորոյի թոռը՝ քրեակատարողական վարչության պետի տեղակա՞լ

Դքի Նորոյի թոռը՝ քրեակատարողական վարչության պետի տեղակա՞լ
Քրեակատարողական ծառայությունում բարդ ժամանակներ են։ Հին կադրերը հեռանում են, նորերն են գալիս։ Ներկայացվում է, որ հիմնական սկզբունքը «հին կոռումպացված» կադրերից ազատվելն է։ Եղել են մարդիկ, որոնց ծառայության նոր պետ Արտյոմ Մխոյանն այդպես էլ ասել է՝ ազատման դիմում պետք է գրեք, քանի որ նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչ եք։ Միեւնույն ժամանակ ամենահներից ոմանք, որոնք մարմնավորում են այդ համակարգը, առաջ են քաշվել։ Օրինակ՝ ՔԿԾ առաջին տեղակալ Մանուկ Միքայելյանը, որը նախկին ոստիկան է, 2006 թվականից քրեակատարողական համակարգում է եւ որպես պետ է աշխատել «Կոշ», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Հրազդան» ՔԿՀ-ներում։ Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի տեղակալներից նա թերեւս միակն է, ով կալանավայր ղեկավարելու փորձ ունի, գիտի, թե ինչ է կալանավորը։



«Մյուսներն ընդհանրապես չգիտեն, թե ինչ է զոնը»,- պատմում են համակարգից հեռացածները։ Արտյոմ Մխոյանի նշանակած տեղակալներից է Հայկ Քոչինյանը, որը երկար տարիներ աշխատել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում, հասել մինչեւ պետի տեղակալի պաշտոնին։ 2014 թվականին մի տհաճ պատմության մեջ ընկնելուց հետո կալանավայրերի վարչության նախկին պետ, նախկին ոստիկան Արթուր Օսիկյանը նրան արագ տեղափոխել է իր մոտ, մի քանի ամսից հատուկ նրա համար վարչությունում կազմ-վերլուծական բաժին է բացել եւ Քոչինյանին նշանակել այս բաժնի պետ։ Բայց ամենահետաքրքիրն Արտյոմ Մխոյանի երրորդ տեղակալն է՝ Վարդգես Ծաղիկյանը։ Նա քրեական աշխարհի լեգենդ Դքի Նորոյի՝ Նորիկ Թադեւոսյանի թոռն է, եւ այս հանգամանքը կատակների ու ներքին քննարկումների թեմա է դարձել ՔԿ համակարգում։ Ծաղիկյանն ուշագրավ աշխատանքային կենսագրություն ունի։ Ինչպեսեւ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, նա հարկադիր կատարող է եղել, ապա աշխատել է քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում, որտեղից մի քանի անգամ դուրս է եկել եւ կրկին ընդունվել աշխատանքի։ Այլընտրանքային պատիժների ոլորտն ամենատապալվածներից է մեր քրեակատարողական համակարգում, որն այդպես էլ չզարգացավ։ Մեր տեղեկություններով, Ծաղիկյանին կալանավայրերի պետի տեղակալ նշանակելու հարցում դեր է խաղացել նաեւ այն, որ նա ազգակցական կապ ունի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Քրեակատարողական վարչությունից խոստացան Ծաղիկյանի ազգակցական կապերի վերաբերյալ ճշտված տեղեկություն տրամադրել։ 5 օր անց վերջապես տրամադրեցին մեկ երկիմաստ նախադասությամբ․ «Նման տեղեկատվություն չեմ կարող հայտնել»։ Սա ՔԿԾ մամուլով զբաղվող աշխատակցի պատասխանն էր։



Պետք է ընդունել, որ սա զգալի առաջընթաց է ՔԿԾ խոսնակների գործելաոճում։ Նախկին խոսնակ Գոռ Ղլեչյանը բոլոր հարցերին պատասխանում էր․ «Չի համապատասխանում իրականությանը»։ Քրեակատարողական համակարգի փոփոխությունները դեռ տեսանելի չեն։ Ազատազրկված անձինք գանգատվում են, որ ավելի են վատացել կենցաղային պայմանները։ «Նուբարաշեն» եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում ջրամատակարարումը բավարար չէ, ջուրը ժամերով են տալիս։ Նույն՝ անբավարար մակարդակի է նաեւ բուժսպասարկումը։ Տնտեսական խնդիրների լուծումը բարդացնում են սահմանված օրենքները։ Ըստ դրանց՝ հիմնարկները առանձին տնտեսական միավորներ չեն, եւ եթե որեւէ կալանավայրում, օրինակ, կոյուղին է պայթում, հիմնարկի պետը պետք է մի քանի ամիս տեւող պրոցեսի մեջ ընկնի՝ դիմի քրեակատարողական վարչություն, մրցույթ կազմակերպվի, ընտրեն տնտեսվարողին, որը վերջապես նորոգի կոյուղին։ Այս գործընթացը նախկին «կոռումպացված» համակարգի պայմաններում կարճ լուծում ուներ՝ կա՛մ հիմնարկի պետն էր իր գրպանից տալիս խողովակը նորոգելու փողը, կա՛մ էլ դատապարտյալների հարազատներն էին դա անում։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**