Ինչից են խոսել Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը

Ինչից են խոսել Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կառավարական առանձնատանը հուլիսի 16-ին տեղի է ունեցել հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փաշինյանի այցը Բրյուսել, այնտեղ ԵՄ ղեկավարության հետ ունեցած կոշտ խոսակցությունները, այնուհետեւ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու ասուլիսը եւ դրան գումարած Մոսկվայի հետ ունեցած լարված հարաբերությունները պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում Հայաստանի համար, ուստի հնարավոր է այս հանդիպումը վերջին իրադարձությունները վերլուծելու, խորհուրդներ տալու նպատակ է հետապնդել: Իրականում շատ բարդ ժամանակաշրջան է, ինչը գիտակցում են անգամ ներկա իշխանության ընդդիմադիրները, մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն բոլոր խութերը Հայաստանի արտաքին հարաբերություններում: Մտահոգիչ ազդակ է այն, որ եթե թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանը ձախողվի, դա կարող է ճակատագրական լինել Հայաստանի համար:



Իսկ այժմ Փաշինյանի կառավարությունը գործում է նույն սխալները, ինչ նախկինները, եւ դարձ ի շրջանս վտանգ կա: Օրերս մասնավոր զրույցներից մեկում նման միտք արտահայտեց նախկին բարձրաստիճան դիվանագետներից մեկը: Նա նշեց, որ հեղափոխության մեջ ամենից մեծ ներդրումն ուներ Սերժ Սարգսյանը՝ հատկապես վերջին ամիսներին իր գործած անթիվ, անհամար սխալներով, բոլոր օրենքներն իր օգտին գրելով, ամեն ինչ վարչապետին ծառայեցնելու մեխանիզմներ ստեղծելով: Եթե հեղափոխությունը պարտվի, եւ նոր իշխանությունը ձախողվի, դրա մեջ ամենից մեծ ներդրումը կունենա Փաշինյանի իշխանությունը: «Ռուսաստանը չի հանդուրժում հեղափոխություն նախկին խորհրդային տարածքում, տեսեք, թե ինչ եղավ Ուկրաինայում, Վրաստանում, որտե՞ղ են այժմ այդ հեղափոխության հերոսները․ Սահակաշվիլին հետախուզման մեջ է՝ զրկված նախագահին հատուկ բոլոր արտոնություններից, իսկ Ուկրաինայում կայունությունը միայն հեռու ապագայում կարող է ուրվագծվել, որոշ երկրներ Ուկրաինայի մասին խոսում են անցյալով»,- ասում է մեր զրուցակիցը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ եթե հեղափոխությունը պարտվի, Ռուսաստանը կատարյալ գերիշխանություն ձեռք կբերի այս տարածքում, եւ ժողովուրդն էլ գրկաբաց կընդունի նրանց՝ հանուն փրկության, ինչպես եղավ 1920թ․:



Այնպես որ, մեր զրուցակցի կարծիքով, նոր իշխանություններն արտաքին հարաբերություններում պետք է շատ զգույշ լինեն, առանց այդ էլ նախկինում Մոսկվայի մասին նրանց արած հայտարարությունները սեպ են խրել հայ-ռուսական հարաբերություններում, եւ դրանց առավել լարումը կարող է կոլապսի ենթարկել երկիրը՝ գազի գնի բարձրացում, դոլարի թանկացում, սահմանին «թեթեւ պրովոկացիաներ», իսկ ԵՄ-ի հետ վերջնագրերով խոսելու, գումարներ պահանջելու արդյունքն արդեն տեսանք:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**